Հայաստանը ներկայացրել է պետական մասնակցությամբ ընկերություններից բխող հարկաբյուջետային ռիսկերի կառավարման փորձը ՏՀԶԿ միջազգային հանդիպմանը

Written by

in

Հայաստանը ներկայացրել է պետական մասնակցությամբ ընկերություններից բխող հարկաբյուջետային ռիսկերի կառավարման փորձը ՏՀԶԿ միջազգային հանդիպմանը

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը և ֆիսկալ ռիսկերի կառավարման վարչության առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Լիա Հայրապետյանը նոյեմբերի 25-26-ը Վիետնամի մայրաքաղաք Հանոյում մասնակցել են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ, OECD)՝ Պետական մասնակցությամբ ընկերությունների կորպորատիվ կառավարման ասիական ցանցի միջազգային հանդիպմանը։

«Պետական մասնակցությամբ ընկերություններում ռիսկերի կառավարում» խորագրով պանելային քննարկման ընթացքում Էդգար Մկրտչյանը ներկայացրել է հարկաբյուջետային ռիսկերի բացահայտման, գնահատման և կառավարման Հայաստանի փորձը, ոլորտում իրականացվող բարեփոխումները, պետական սեփականության քաղաքականության մշակման և իրականացման գործընթացը։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ընկերությունների ֆինանսական առողջության գնահատման, սթրես-թեստավորման, հարկաբյուջետային ռիսկերի մշտադիտարկման և հաշվետվողականության բարելավման մեխանիզմներին, ինչպես նաև ռիսկերի գնահատման և կառավարման տեղեկատվական համակարգի մշակման աշխատանքներին։

Ներկայացվել են նաև պետական սեփականության քաղաքականության հիմնական նպատակները՝ պետական մասնակցության հիմնավորումը, պետական մարմինների լիազորությունների հստակեցումը, ֆինանսական կառավարման և հաշվետվողականության բարելավումը, կորպորատիվ կառավարման ամրապնդումը։

Հանդիպման շրջանակում մասնակիցները քննարկել են նաև պետական սեփականության և կայուն զարգացման փոխկապակցվածությունը, ընկերությունների կառավարման խորհուրդների արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման հարցերը։

Հանդիպումը կազմակերպվել է ՏՀԶԿ-ի կողմից՝ Վիետնամի ֆինանսների նախարարության հյուրընկալությամբ, Ասիական զարգացման բանկի և Կորեայի հանրային ֆինանսների ինստիտուտի աջակցությամբ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *