Գորիս․ իրավական ֆարս կամ իրավական «բեսպրեդել», որին քնքուշ անուն են տվել՝ նախաքննություն և արդարադատ

Written by

in

Շարունակում ենք լրագրողական հետաքննությունը՝ «Գորիսի պետական քոլեջ» լուծարված ՊՈԱԿ-ի ղեկավարների դեմ հորինված քրեական հետապնդումների շուրջ։

Այս անգամ ևս  փորձում ենք լույս սփռել տեղի ունեցող զարգացումներից բխող մի քանի հարցի վրա։

1․ Ո՞վ կամ ովքե՞ր են հորինել «հանցագործության մասին» հաղորդումները և արդյո՞ք ստուգվել է դրանց օրինականությունն ու արժանահավատությունը

Հակակոռուպցիոն կոմիտեի՝ մեզ տրամադրած մի փաստաթղթում կարդում ենք, թե քրեական վարույթը նախաձեռնվել է Արմինե Կոլյանի «պատշաճ» հաղորդման համաձայն՝ հիմնված ուսմասվարի և կուրսղեկների «ուսումնասիրությունների» վրա։

Մինչդեռ Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի մեր աղբյուրները շատ կարևոր տեղեկություններ են փոխանցում այդ կապակցությամբ։

Նախ, ըստ այդ աղբյուրների, տնօրեն Արմինե Կոլյանը, որ ապրում է գիտելիքների աննախադեպ երաշտի մեջ, ի վիճակի չէ հայերեն լեզվով, հոդաբաշխ, այն էլ իրավական ձևակերպումներով, «հաղորդում» պատրաստել։

Մյուս կողմից՝ կուրսղեկները հայտարարում են, թե իրենք որևէ ուսումնասիրություն չեն կատարել, իսկ տնօրենի  կամ ուսանողների հետ առօրյա զրույցները չեն կարող համարվել պաշտոնեական ուումնասիրություն՝ պնդելով, թե նախաքննական նյութերում չեն կարող գտնվել իրենց՝ այսպես կոչված ուսումնասիրությունները։

Այսինքն՝ Արմինե Կոլյանի «հաղորդումը» սովորական հորինվածք է և ակնհայտ սուտ մատնություն կամ ինչ-որ մարդկանց կողմից թելադրված-պարտադրված «փաստաթուղթ», գուցեև՝ ոչինչ չասող թղթերի կամ աղյուսակների ուղեկցությամբ։

Գրեթե նույնաբովանդակ տեղեկություն ենք ստանում Գորիսի ոստիկանությունից։ Հրո Ղազարյանը տեղի-անտեղի պատմում է, թե իրեն ստիպել են ինչ-որ թղթի տակ ստորագրել՝ օգտվելով՝ Արցախից բռնագաղթված լինելու և Գորիսում մի կերպ աշխատանքի տեղավորված լինելու իր կարգավիճակից։ Եվ, այդուհանդերձ, ըստ ստացված տեղեկությունների՝ նախաքննական նյութերում չի կարող գոյություն ունենալ այն զեկուցագիրը, որի հիման վրա Գորիսի ոստիկանապետ Կարեն Հովսեփյանն օպերատիվ հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։

Որքան տեղյակ ենք՝ մինչև հիմա Հակակոռուպցիոն կոմիտեն քննությամբ չի պարզել Արմինե Կոլյանի, Հրո Ղազարյանի և Կարեն Հովսեփյանի հաղորդումների արժանահավատությունը։

Մինչև հիմա պարզված չէ նաև, թե ինչ հանգամանքների արդյունքում են յոթ ուսանողները գնացել Գորիսի ոստիկանություն և «հաղորդում» գրել։

Առայժմ հայտնի է, դարձյալ քոլեջից ստացված տեղեկությունների հիման վրա, որ անչափահաս ուսանողներին կեղծարարության են մղել ինչ-որ խոստումների և շանտաժի գնով։

Ու քանի դեռ չի պարզվել այդ «հաղորդումների» արժանահավատությունը, քանի դեռ չի պարզվել, թե ով է բառ առ բառ թելադրել կիսագրագետ Արմինե Կոլյանի և ուսանողների, ինչպես և Հրո Ղազարյանի «հաղորդումները», իրավունք ունենք ենթադրել՝ այդ հարցում գործել է կազմակերպված հանցավոր խումբ կամ ավազակախումբ՝ բաղկացած պետական աշխատողներից։

Առայժմ, ըստ առկա տեղեկությունների, հայտնի է ենթադրյալ այդ խմբի հինգ անդամի անուն՝ Ժաննա Անդրեասյան, Արմինե Կոլյան, Հրո Ղազարյան, Կարեն Հովսեփյան և, իհարկե, փոխմարզպետ Նարե Ղազարյան։

Ակնկալում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն, ի վերջո, կպարզի խնդրո առարկա «հաղորդումների» արժանահավատությունն ու օրինականությունը, կպարզի հանցագործ խմբի մյուս անդամների անունները և իրավական գնահատական կտա նրանց գործունեությանը։

 Ի վերջո խոսքն արդարադատության շահերի դեմ ուղղված ենթադրյալ հանցագործության մասին է, օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում «ստացած» տվյալները փոխելու կամ կեղծելու մասին, որը քրեորեն պատժելի արարք է։

2․ Իրական փուչիկ՝ իրական Հայաստանում․ իբր քոլեջին հասցվել է մոտ 14 մլն դրամի վնաս, բայց նախաքննական մարմինը չի ցուցանում պատճառված վնասի  առկայությունը

Նախ՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը բավականին հստակ ձևով սահմանում է, թե ինչ ասել է վնաս՝ իրավական իմաստով։

Ավելին, դրանց վերաբերյալ կան ՀՀ վճռաբեկ դատարանի բազմաթիվ որոշումներ։

Եվ եթե խոսքը պետությանը կամ ՊՈԱԿ-ին հասցված վնասի մասին է, ապա պետք է անպայմանորեն պատասխանել այդ հարցին ու նոր միայն առաջ անցնել։

Եվ, իսկապես, ի՞նչ ասել է վնաս՝ իրավական իմաստով։

Եթե, օրինակ, Գորիսի բազմագործառութային պետական քոլեջի տնօրենը՝ ինքնիրավչությամբ, դիտավորությամբ՝ աշխատավարձի տեսքով, ՊՈԱԿ-ից թռցնում է մոտ 5 մլն դրամ գումար, ապա դա ՊՈԱԿ-ի շահերին կամ պետությանը հասցված գույքային վնաս է։

Եթե Գորիսի ոստիկանապետը, օրինակ, Քաջարանում ոստիկանապետ աշխատելու ժամանակ, տուն է կառուցում՝ իր եկամուտներին ոչ համաչափ միջոցներով, ապա դա վնաս չէ, այլ ենթադրյալ ապօրինի գույք, որի ծագումը պետք է ուսումնասիրվի։

Եթե Գորիսի ոստիկանապետը, օրինակ, Վերիշենի քանդված դպրոցի երկաթբետոնե կոնստրուկցիաները (իր պաշտոնեական դիրքի ազդեցությամբ) վերցնում է, ապա դա վնաս է՝ պատճառված տվյալ գույքի սեփականատիրոջը, որը պետությունն է։

Եթե Սյունիքի փոխմարզպետ Նարե Ղազարյանը մեկ տարվա ընթացքում մի քանի տասնյակ մլն դրամ է ձեռք բերում, ապա դա չենք կարող համարել վնաս՝ պատճառված որևէ ֆիզիկական անձի կամ տնտեսվարող սուբյեկտի, քանի դեռ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ չի նախաձեռնել ու չի պարզել, ինչին սպասում են Սյունիքում։

Իսկ «Գորիսի պետական քոլեջ» լուծարված ՊՈԱԿ-ի պարագայում․․․

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Արտակ Մելքոնյանը ներկայացնում է, թե ՊՈԱԿ-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 13․979․000 դրամի գույքային վնաս՝ չունենալով ապացույցների նվազագույն պաշար, հենվելով բացառապես ասեկոսեների ու չստուգված տեղեկությունների վրա։

Ասում ենք՝ շատ բարի, իսկ կարո՞ղ եք այդ վնասի բացվածքը ներկայացնել՝ կոնկրետ անուններով, դրամ առ դրամ, վնասը պատճառելու ժամկետի նշումով, մեղավորների կոնկրետ անուններով։

Ասում ենք՝ ցույց տվեք այդ վնասի առկայությունը՝ դրամ առ դրամ, իսկ հետո կքննարկենք՝ ո՞րն է վնասը,  ո՞րն է ոչ վնասը, ո՞վ է եղել քոլեջի ղեկավարը վնասը պատճառելու պահին (նախկի՞ն, թե՞ նոր տնօրենը), կոնկրետ ո՞ւմ մեղքով է պատճառվել այդ վնասը, եթե, իհարկե, առկա է նման վնաս։

Մատնիչներ Արմինե Կոլյանի, Հրո Ղազարյանի, Կարեն Հովսեփյանի ներկայացրած հաղորդումներից հետո անցել է չորս ամիս, բայց որևէ մեկը չի կարողանում ցույց տալ այսպես կոչված մոտ 14 մլն դրամ վնասի առկայությունը, որ իբր պատճառվել է ՊՈԱԿ-ին։

Ըստ էության նախաքննական մարմնին ոչ էլ հետաքրքրել է  այդ թվի հավաստիությունը, բայց․․․

Նախաքննական մարմինը, ինչպես նշել ենք նախորդ հրապարակումներում, անտեսել է խայտառակ իրողությունը, որ քոլեջի ֆինանսական հատվածի, ինչպես հաշվապահական փաստաթղթերի հանձնում-ընդունում չի կատարվել։ Ընդ որում՝ հանձնում-ընդունում չի կատարվել դիտավորությամբ, նախարար Ժաննա Անդրեասյանի թողտվությամբ  կամ անգործությամբ՝ հետագայում վնաս արտացոլող թվեր նկարելու հնարավորությունը ձեռքից բաց չթողնելու համար։

Պատկերացնո՞ւմ եք, հաշվապահին ասում են՝ այսինչ կամ այսքան գումարը չկա, բայց չեն թողնում, որ հաշվապահն իր պաշտոնական թղթերում ճշտի տվյալ մեղադրանքների հավաստի կամ ոչ հավաստի լինելը։

Բայց այդ փուչիկը կամ նկարված թիվը հիմք են դարձրել, մեղադրանք թխել, որ նախկին քոլեջի պատասխանատուների դեմ խափանման միջոց կիրառեն ու պատվիրատուներին զեկուցեն․․․

Մեր ուսումնասիրությունները, մինչդեռ, ցույց են տալիս, որ իբրև վնաս ներկայացվող 14 մլն դրամի 9 մլն դրամը նկարված-հորինված է, մնացած 4-5-ը՝ վիճելի։

Քոլեջի նախկին տնօրեն՝ Կարեն Լազարյանը, սակայն, դրա հետ էլ համաձայն չէ և քանիցս հայտարարել է՝ Գորիսի լուծարված քոլեջին չի պատճառվել և չէր կարող պատճառվել անգամ մեկ լումայի գույքային վնաս։ Ընդհակառակը՝ իր անձնական նախաձեռնությամբ (տարիների ընթացքում) քոլեջ են բերվել մոտ 100 մլն դրամի հասնող միջոցներ՝ կանխիկ դրամի տեսքով, կատարված աշխատանքների տեսքով, ծրագրերի տեսքով։

3․ Արդյո՞ք չէր կարելի ուսանողների ուսման վարձավճարներն ընդունել կանխիկ ձևով

Դատելով ունեցած տեղեկություններից, հարցաքննված ուսանողների հայտարարություններից, Արմինե Կոլյանի և ոստիկան Հրո Ղազարյանի, ոտիկանապետ Կարեն Հովսեփյանի հաղորդումների՝ հանրությանը հայտնի դարձած որոշ մանրամասներից, Գորիսի լուծարված պետական քոլեջի պատասխանատուների դեմ քրեական գործը կառուցվել ու կառուցվում է հիմնականում այն կանխավարկածի վրա, որ քոլեջի հաշվապահը՝ խախտելով օրենքները, ուսանողների ուսման վարձավճարներն ընդունել է կանխիկ ձևով։

Եվ, որքան էլ տարօրինակ է, որևէ մեկը դեռևս չի պատասխանել հարցին՝ իսկ ինչո՞ւ չպետք է հաշվապահն ուսման վարձավճարը կանխիկ ձևով ընդուներ ուսանողներից կամ նրանց ծնողներից։

Դա առանցքային հարց է տվյալ քրեական գործում, ուստի և ուզում ենք անդրադառնալ խնդրի իրավական հիմքին։

«Գորիսի պետական քոլեջը» պետական ոչ առևտրային կազմակերպություն էր և, բնականաբար, գործել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներով, ինչպես և ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերով, տվյալ ՊՈԱԿ-ի հիմնադիր փաստաթղթերով։

Տեսեք՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի Հոդված 30-ը սահմանում է՝ «Ուսանողը պարտավոր է՝ 3) ուսումնառության պայմանագրով սահմնաված ժամկետներում և կարգով վճարել ուսման վարձը․․․»։

Բացում ենք «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի և ուսանողների միջև կնքված պայմանագրի՝ գործողության մեջ գտնվող օրինակը։ Եվ ահա՝ ինչ է ֆիքսված պայմանգրի 4․2 կետում, որ կոչվում է «Հատուկ պայմաններ»․ «Վճարումները կարելի է կատարել կանխիկ՝ քոլեջի դրամարկղում, այնպես էլ փոխանցումով՝ քոլեջի հաշվեհամարին»։

Եվ վերը շարադրվածից բխող չափազանց պարզունակ հարց՝ իսկ ինչո՞ւ չպետք է հաշվապահը կանխիկ ձևով ընդուներ ուսանողի ուսման վճարը, եթե դա կանոնակարգված էր «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքով ու դրանից բխող՝ ուսանողների հետ կնքված պայմանագրերով։

Եթե որևէ մեկն իրավական այդ փաստարկը չի ուզում տեսնել՝ իր գործն է։

Իսկ եթե մատնիչ Արմինե Կոլյանը հայտարարում է, թե Կարեն Լազարյանի որոշմամբ են ուսանողները վարձավճարները մուծել հաշվապահություն՝ դա վկայում է այդ տիկնոջ առողջական ոչ բարվոք վիճակի մասին։

Մատնիչին հիշեցնում ենք ևս մեկ անգամ՝ ուսման վարձերի այդկերպ վճարումը կատարվել է բացառապես ուսումնառության պայմանագրերի համաձայն՝ «ՄԿՈՒ»-ի մասին օրենքի հիման վրա։

Իհարկե, տիկինը և՛ որպես մատնիչ, և՛ որպես զրպարտիչ դեռ պատասխան պիտի տա օրենքի առջև՝ իր գործողությունների և նախաքննական մարմնին կեղծ տեղեկատվություն տրամադրելու համար։

Խնդրո առարկային առնչվող մի հանգամանք ևս, որպեսզի իրավիճակը պարզ դառնա ամբողջապես։

«Անկանխիկ գործառնությունների մասին» 2022 թ․ ընդունված ՀՀ օրենքը, որը Գորիսի տարածաշրջանում (հանրապետության այլ բնակավայրերի հետ մեկտեղ) կիրառվել է 2024 թ․ հուլիսի 1-ից, սահմանել է պատասխանատվություն՝ տվյալ օրենքի պահանջների խախտումների համար։ Մասնավորապես Հոդված 11-ի 2-րդ մասով նշվում է՝ «Սույն օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտման դեպքում կիրառվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցներ»։

Եվ ստեղծվել է մի վիճակ, երբ՝ մի կողմից գործել են «ՄԿՈՒ»-ի մասին ՀՀ օրենքն ու դրա հիման վրա գործող ուսումնառության պայմանագիրը, մյուս կողմից՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը։

Միմյանց կիրառմանը չխոչընդոտող այդ օրենքների առկայության պայմաններում էլ՝ անկանխիկ գործառնությունների հետ մեկտեղ, կատարվել են նաև կանխիկ գործառնություններ, որը (վատագույն դեպքում) կարող է վարչական պատասխանատվության  հիմք հանդիսանալ։

Ահա իրականությունը, որի հետ չի կարող հաշվի չնստել ամենազորավոր պատվիրատուն անգամ։

Շարունակելի…

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *