«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի հրապարակած տվյալներից տեղեկացավ, որ համաձայն՝ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 23 մլն 699 հազար 210 դոլարի ապրանք։
Այս թիվն ուշագրավ է հատկապես այն համատեքստում, երբ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման, տնտեսական կապերի վերականգնման և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին հայտարարությունները դարձել են քաղաքական օրակարգի առանցքային թեմաներից մեկը։
Սակայն այստեղ առաջանում են մի շարք հարցեր, որոնց պատասխանները հանրության համար էական նշանակություն ունեն։
Ի՞նչ ապրանքներ են ներմուծվել Ադրբեջանից Հայաստան, ո՞վքեր են այդ ապրանքների հայաստանյան ներմուծողները, ի՞նչ ընկերությունների միջոցով է իրականացվել առևտուրը, և ի՞նչ ճանապարհով են ապրանքները հասել Հայաստան։
Այդ տվյալները չկան ոչ ադրբեջանական, ոչ հայկական հրապարակային տվյալներում։
Արդյոք խոսքը միայն սահմանափակ ապրանքախմբերի՞ մասին է։
Առանձին ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, թե ինչպիսին է առևտրային հաշվեկշիռը․ արդյոք Հայաստանը ևս ապրանքներ է արտահանել Ադրբեջան, և եթե այո, ապա ինչ ծավալներով»։
Leave a Reply