«Փոքր աշխարհի մեծ կատակները». ո՞վ փակեց գնդապետ Գարեգինյանի աչքերը

Written by

in

Ո՞վ փակեց գնդապետ Գարեգինյանի աչքերը։ Ի՞նչ էր տեսնում նա փակ աչքերով։ Գուցե աչքերը փակելով՝ իրականում փորձում էին աչքերը բացե՞լ։
Գնդապետ Գարեգինյանը Մհեր Իսրայելայնի «Փոքր աշխարհի մեծ կատակները» վեպի գլխավոր հերոսն է։ Շեկոն, Նկարիչը, Բիձեն, Ֆրիդան, Գոհարիկը, Փեփրոնեն, Միմին ու մյուսները լրացնում են պատումի անսովոր հերոսների շարքը։ 
«Փոքր աշխարհի մեծ կատակները» արձակագրի յոթերորդ գիրքն է, լույս է ընծայել  «Անտարես» հրատարակչությունը։ 
Մեդիամաքսը զրուցել է Մհեր Իսրայելյանի հետ։
– «Փոքր աշխարհի մեծ կատակները» կարող էին լինել նաեւ «Մեծ աշխարհի փոքր կատակներ»։ Վերնագիրն ինչպե՞ս եք ընտրել։
– Կան ստեղծագործություններ, որոնց վերնագիրը սկզբում եմ գրում, իսկ այս վեպի դեպքում՝ կեսից, նույնիսկ ամենավերջում մտածվեց։ Այո՛, կարող էր լինել եւ այդպես՝ «Մեծ աշխարհի փոքր կատակները», ու իմաստը շատ չէր փոխվի. աշխարհը մեկի համար մեծ է, մյուսի համար՝ փոքր։ Բայց փոքր աշխարհի գաղափարն ընդունված է բոլոր ժողովուրդների մոտ. ասում են, չէ՞, աշխարհը փոքր է, մարդը մարդուն մի տեղ հանդիպում է։ 
Իսկ կատակները՝ մեծ կատակները, չար կատակներն են, որ մեր գլխին խաղում են աշխարհի հզորները, թշնամիները, թեեւ երբեմն դժվար է զանազանել՝ ով է թշնամի, ով՝ բարեկամ։
– Փորձում էի կապ տեսնել Ձեր նախորդ գրքի հետ, բայց այս վեպն ինձ տարավ դեպի Ձեր առաջին վիպակը՝ «Մինչեւ մեռնելն ապրել է պետք». 80-90-ականներ, անկախացում, դժվարություններ, ընկերներ
– Շատերն են ասել։ Առնչություններ են գտնում նաեւ երկրորդ վեպիս՝ «Ես եմ աշխարհի թագավորը» գործի հետ։ Կապ, բնականաբար, կա. առաջին վիպակս անկախության առաջին տարիների մասին էր, երբ մենք ավելի լավատես էինք, եւ գործը ծնվել էր ոգեւորիչ ալիքի վրա՝ ներկայացնելով մեր մանկական հայացքով, թե ինչպես ենք տեսել մեր ժողովրդի վերջին հազարամյակի թերեւս ամենակարեւոր իրադարձություններից մեկը՝ անկախության ձեռքբերումը։ 
Իսկ այս դեպքում՝ չասենք անկախության վախճանի, բայց էական սպառնալիքի առաջ կանգնեց մեր ժողովուրդը։
Իհարկե, այս ստեղծագործությունը միայն մեր երկրի մասին չէ, բայց մեծապես մեր երկրի մասին է. ցանկացած գրող, ինչ էլ որ ստեղծագործում է, չի կարող ազգի, երկրի խնդիրներից հեռու մնալ։ 
Ինչքան էլ մենք «Դոն Կիխոտը» կարդում եւ գեղարվեստական շերտերը վերլուծում ենք, մեծ հաշվով Սերվանտեսը Իսպանիայի մասին է գրել՝ ոչ միայն տողատակում, այլեւ բացահայտ։ Նույնը մեր դեպքում է. եթե նույնիսկ մի սիրային բան է գրում հայ գրողը, ինչ-որ ձեւով արտահայտվելու է նաեւ իր ազգությունը։
Երկրորդ վեպի դեպքում հայ մարդու հավաքական կերպարով, մի քիչ այլաբանական, մի քիչ էլ իրատեսական շերտերով արտացոլվում է վերջին 30 տարիների մեր կյանքի ու դարաշրջանի պատմությունը՝ ներառյալ վերջին ողբերգական իրադարձությունները։ Թեեւ միշտ էլ փորձում եմ լավատեսության շողը, հույսը պահել։
– Հումորն էլ…
– Առանց հումորի կյանքը չի կարող շարունակվել, նույնիսկ պատերազմի ժամանակ հումորը չի մեռնում։
– «Փոքր աշխարհի մեծ կատակները» գրքում նաեւ իրականության աբսուրդային ընկալում կա։
– Ես մի քանի շերտեր եմ փորձել արտացոլել։ Մեծ հաշվով, եթե հեքիաթի լեզվով խոսենք՝ չարի ու բարու պայքար, չարն այստեղ երբեմն աղավաղված դեմքով է հանդես գալիս։ Կան դրվագներ, որտեղ դժվար է զանազանել՝ ով է յուրային, ով՝ թշնամի։ Քանի որ ողբերգական իրադարձություններն արդեն անցել էին մեր միջով, ամեն ինչ մի փոքր խառնվել էր իրար։ Առաջին վիպակումս ավելի շատ լավատեսություն կար, նույնիսկ չարն էլ չկար, բացակայում էր, երեւի թե։ Այստեղ անխուսափելի է՝ չարի կերպարներ կան, բայց էլի փորձել եմ բնական ձեւով ներկայացնել։
– Չարենցյան միջտեքստայնությունը թերեւս պատահական չէ։
– Այո, կարմիր թելի պես վեպի միջով անցնում է Չարենցի «Մահվան տեսիլը», որը գրվել է 1920 թվականի հոկտեմբերի 6-ին, մեր ժողովրդի համար բախտորոշ ժամանակաշրջանում, երբ վտանգված էր երկրի գոյությունը։ Անձնական պատճառ էլ կա, նախապատմություն, թեեւ գրքում այդ մասին չեմ գրել։ Խորհրդային տարիներին դպրոց ընդունվելիս երեխաները պետք է որեւէ բանաստեղծություն անգիր արտասանեին։ Քանի որ մեր դպրոցն անգլիական թեքումով էր, ընդունելությունը բարդ էր, հարցազրույց էին անցկացնում։ Չգիտեմ էլ՝ այդ տարիքում ինչքանով էի ընկալում բովանդակությունը, բայց երբ ես ու եղբայրս պիտի դպրոց ընդունվեինք, հայրս մեզ տվեց Չարենցի «Մահվան տեսիլը» եւ Դանիել Վարուժանի «Դարձը»։ 
Սովորեցինք, հարցազրույցի ժամանակ արտասանեցինք, ու մեզ միանգամից ընդունեցին դպրոց։ 
– «Փոքր աշխարհի մեծ կատակները» մի շնչով է կարդացվում, բայց արդյո՞ք մի շնչով է գրվել։
– Նույնիսկ մեծ ստեղծագործություններս ներշնչանքի ալիքի տակ եմ գրել՝ մի քանի ամսում, այս վեպն էլ 2-3 ամսում գրվեց։ Հետագայում թեթեւ սրբագրումներ եղել են, մեկ-երկու գլուխ ավելացրել եմ, բայց հիմնական մասը գրվել է 2022–2023 թվականներին՝ պատերազմից մի երկու տարի հետո։ Գլուխներն էլ «Կատակ Ա», «Կատակ Բ» ձեւով վերնագրեցի՝ վերնագրի խորհրդին համահունչ. ամեն գլուխ մի կատակ է։
-Խոսենք գլխավոր հերոսի մասին։ «Հաղթելու ենք» թեզը հասցեատեր ունի։ Ընթերցողը կարող է շատ ուղիղ ընկալել։
– Իրականում դա հավաքական կերպար է։ Իհարկե, գրքում հերոսների նախատիպեր կան, բայց ավելի շատ փորձել եմ ցույց տալ մեր ժողովրդի մոլորության խնդիրը՝ այն, որ պատերազմի ժամանակ մեծամասնությանը թվում էր, թե հաղթում ենք, մինչդեռ իրականում պարտվում էինք։ Խաբեությունը վերջում ի հայտ եկավ։
– «Ես գիտեի, որ դու հեքիաթագիր կդառնաս,- հուզվեց Փեփրոնեն,- ամեն դեպքում զգույշ կլինես, աղաչում եմ, հեքիաթը միշտ չէ, որ լավ է վերջանում»։ Մհեր, այն, ինչ ապրեցինք, հեքիա՞թ էր։
– Հեքիաթ էր, այո, թեեւ իմաստուն մարդիկ տեսնում էին, որ հաղթանակը վերջնական չէ, ու պետք է կարողանանք դիմակայել ապագա մարտահրավերներին, եթե ուզում ենք վերջնական հաղթել։ Բայց այդ իմաստությունը չհերիքեց մեր ժողովրդին, երեւի։ 
Չեմ ուզում քաղաքականացնել, չեմ էլ կարծում, թե ամբողջը քաղաքական վեպ է։ Թեեւ կյանքի ցանկացած երեւույթի մեջ էլ մի քիչ քաղաքականություն կա։
– Առաջին նախագահը գրեթե գործող կերպար է գրքում։
– Իմ կյանքի ամենատպավորիչ ակնթարթներից է եղել, երբ Շարժման ժամանակ հայրս ծանոթացրել է առաջին նախագահի հետ։ Երեւի 35 եւ ավելի տարի առաջ էր։ Առաջին ու վերջին անգամ եմ հանդիպել նախագահին, բայց տպավորությունը մնացել է մինչ օրս։ Մեզ համար երեւույթ էր ոչ միայն իր անձը, այլեւ իրողությունը, որ մեր երկիրն ունեցավ առաջին նախագահ, անկախություն ձեռք բերեց։
– Գնդապետը մեր ժողովրդի հավաքական կերպարն է։ Իսկ ո՞վ էր Փեփրոնեն։ Վերջում տեսնում ենք, որ նա գոյություն էլ չունի, ստվեր է, գուցե՝ ներքին ձայն։
– Փեփրոնեն հրեշտակի կամ կիսահրեշտակի կերպար է, որն ուղեկցում է մեր ժողովրդին, փորձում է գնդապետին՝ մեր ժողովրդին, փրկել ողբերգություններից, հեռու պահել փորձանքներից ու ավելի լավ կյանքի տանել։
– Մենք շատ փոքր չե՞նք փոքր աշխարհի մեծ կատակներին դիմակայելու համար։
– Փոքր լինելով էլ կարող էինք կատակներն ընկալել, իսկ երբեմն չենք ընկալել, հարցն այդ է։
– Հերոսներից մեկը (Ֆրիդան) Լիսաբոնի հնգյակի գործողության հետեւանքով զոհված պորտուգալացի ոստիկանի աղջիկն է։ Ինչո՞ւ որոշեցիք անդրադառնալ այդ պատմությանը։
– Փորձել եմ խտացնել մեր ազգային հարցերը, այն ամենը, ինչ առնչվել է մեր ժողովրդի գիտակցության ձեւավորմանն ու հասցրել այս ողբերգությանը։
Փոքր հասակում երկրպագում էի այդ խմբակին։ Տարիներ հետո սկսեցի մտածել, վերաիմաստավորել՝ 18-20 տարեկան երիտասարդ տղաները, որ գիտակցված մահվան են գնացել, մեզ ավելի շա՞տ օգուտ են տվել, թե՞ վնաս։ Ի՞նչ էր դա։ 
– Ո՞վ փակեց գնդապետ Գարեգինյանի աչքերը։ Ի վերջո, ամեն բան վեպում պտտվում է այս հարցի շուրջ։
– Իրականում դա եւս անձնական դրվագ է, որ մտել է վեպ։ Ամստերդամի օդանավակայանում իմ աչքերը փակել են հետեւից, ու մի քանի վայրկյան սկսել եմ մտածել՝ ո՞վ կարող է լինել։ Կարծես կյանքի ամենամեծ գլուխկոտրուկի առաջ ես կանգնում այդ պահին․ անորոշ վիճակ է, փորձում ես հասկանալ՝ ո՞վ է, թակա՞րդ է, թե՞ բարի նպատակով է։ Ու հենց նույն ձեւով էլ մեր ժողովրդի աչքերը կարծես մեկը փակել էր հետեւից, ու մենք չէինք կարողանում հասկանալ՝ ո՞վ է դա, չա՞ր է, բարի՞ է, ի՞նչ նպատակով է։ Հիմա կյանքի այդ դրվագը մի քիչ այլաբանական ձեւով զուգորդվում է մեր իրականության հետ։
Գրքում այդ հարցը բաց է մնում, մինչեւ վերջ էլ մենք չենք հասկանում՝ ո՞վ էր փակել գնդապետի աչքերը։ Եթե քիչ թե շատ տրամաբանական պատասխան փորձենք գտնել, կարելի է ասել՝ մենք ենք մեր աչքերը փակել։
– «Ինչքան էլ աչքներդ գոցեք, չեք կարող չտեսնել մեր երկրին պատուհասած ողբերգությունը, ամենուր փակված դռներն ու լքված տները։ Ինչքան էլ ականջներդ փակեք, որդեկորույս մայրերի դառնաղի լացը չեք կարող խլացնել»։ Այս ամենը բոլորի սրտի միջով է անցնում, գիտակցության միջով, գրվածքների միջով։ Ո՞ւր է տանում այս գրականությունը, որ ստեղծվում է 2020-ից հետո։ Ուղեգիծը փոխվելո՞ւ է։
– Ինձ թվում է՝ ես արդեն անցել եմ դրա միջով։ Դեպի ապագա նայող գրականություն պետք է ստեղծվի, ուղղակի մինչեւ դրա միջով չանցնես, չես կարող գալ ապագա՝ պատերազմից զերծ կամ ողբերգությունից զերծ գրականության ստեղծմանը հանգել։ 
Հիշո՞ւմ եք Մաոյի երեք կապիկներին, որ հեռվից հետեւում են շախմատային խաղին։ Առաջինը ականջներն է փակել, երկրորդը աչքերը, երրորդ կապիկն էլ՝ բերանը, այսինքն՝ ո՛չ տեսել եմ, ո՛չ լսել եմ, ո՛չ էլ որեւիցե բան կասեմ։ Այդ վիճակում ինչքա՞ն են մնալու. բոլորը եւ՛ տեսել են, եւ՛ լսել են, եւ հիմա ով էլ չի ասում, ասելու է այդ ամեն ինչը՝ ճշմարտությունը։
– Գիրքն ավարտվում է «Գնդապետը բացել էր աչքերը ու ժպտում էր պատուհանից ներս ընկած արեւի շողին» տողերով։ Ի վերջո, կրակե՞ց չկրակած փամփուշտը։ Գնդապետը չէ՞ որ քաշում է ձգանը։
– Առաջին հայացքից թվում է՝ ինքնասպանություն է, բայց իրականում հերոսն արթնանում է կրակոցի շնորհիվ։ Պարզ չէ՝ ուր է կրակում, գուցե՝ օդ։ Ուշադիր ընթերցողը կհասկանա, որ այս ամենը տեղի է ունենում մարդու հետ ուղեղի մթագնման պահին. թե ինչքան է մթագնումը տեւել, չգիտեմ՝ մեկ ամիս, մեկ րոպե, գուցե մեկ վայրկյան, բայց մարդն արդեն գնում է դեպի իր արմատները, մանկությունը ու փորձում վերաիմաստավորել իր ապրած կյանքը։ Նույն կերպ՝ ժողովուրդը։ Մարդն անցողիկ է, գնում է, բայց ժողովուրդը դեռ ապրելու է, ու նաեւ այդ մարդկանց ապրած կյանքից քաղված դասերի հիման վրա պետք է կարողանա ավելի իմաստուն ձեւով շարունակել իր ճանապարհը։ 
Արմինե Սարգսյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *