«Սա բացարձակ զրպարտություն է և չի կարելի այսպես սուրճի բաժակ նայողի մակարդակով խոսակցություններ անել»,-հայտարարեց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով քանդակագործ Վիգեն Ավետիսի հնչեցրած հայտարարություններին, թե Գագիկ Ծառուկյանը քանդակագործներից մեկին գցել է առյուծի վանդակը։
Տոնոյանն ընդգծեց՝ դա որևէ առնչություն չունի իրականության հետ, իսկ Ծառուկյանի փաստաբանական թիմը զրպարտության հիմքով դիմելու է դատարան։
ԲՀԿ գործիչի խոսքով՝ վերջին օրերին իշխանությունների ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցները նպատակային կերպով փորձում են վնասել Գագիկ Ծառուկյանի հեղինակությանը՝ տարբեր հաղորդումներից առանձնացնելով առանձին արտահայտություններ և դրանք ներկայացնելով որպես գլխավոր թեմա։ Նրա գնահատմամբ՝ Վիգեն Ավետիսի հայտարարությունները վառ ու բորբոքված երևակայության արդյունք են և որևէ աղերս չունեն իրականության հետ։
«Ընդամենը երեք տարի առաջ նույն Վիգեն Ավետիսը մեծ ջերմեռանդությամբ մասնակցում էր Հիսուս Քրիստոսի արձանի մրցույթին՝ ներկայացնելով իր նախագիծը։ Եթե այսօր խոսում է ինչ-որ հորինված քանդակագործի մասին, ապա դա բացառապես իր երևակայության արդյունքն է»,- ասաց Տոնոյանը՝ հավելելով, որ նման հիվանդագին երևակայություն ունեցող մարդկանց եթեր տրամադրելն արդեն խոսում է իշխանությունների մեջ եղած ոչ առողջ տրամաբանության և մթնոլորտի մասին։
ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձավ նաև «Առինջ մոլ»-ում իրականացված քննչական գործողություններին՝ նշելով, որ կապարակնքվել են 10-15 տաղավարներ, որոնք, ըստ տեղում ներկայացված պարզաբանման, գործել են բարձր լարման հոսանքալարերի տակ։ Նրա խոսքով՝ առևտրի կենտրոնի հիմնական գործունեությունը չի դադարեցվել, քանի որ հարյուրավոր այլ տաղավարներ շարունակում են աշխատել։
Տոնոյանի խոսքով՝ «Մուլտիգրուպ» կոնցեռնի կազմում գործող մի շարք ընկերություններ շարունակում են չգործել, աշխատակիցները հարկադիր պարապուրդում են, իսկ Երևանի Արարատ կոնյակի, գինու և օղու կոմբինատում արդեն չորս օր է գույքագրում է իրականացվում։ Նա զգուշացրեց, որ եթե ձեռնարկությունները չվերագործարկվեն, կարող են առաջանալ լուրջ տնտեսական խնդիրներ, մասնավորապես՝ խաղողի մթերման գործընթացում, քանի որ գործարանը պայմանագրեր ունի Արմավիրի և Արարատի մարզերի հազարավոր խաղողագործների հետ։
Խոսելով Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման մասին՝ Տոնոյանը նշեց, որ շինարարությունը շարունակվում է, կամավորների հոսքը վերջին օրերին նույնիսկ աճել է, սակայն առաջիկայում հնարավոր են խնդիրներ, քանի որ արձանի կառուցման համար անհրաժեշտ սալիկներ մատակարարող «Մուլտիսթոն» ընկերությունը ևս դադարեցրել է գործունեությունը։
Անդրադառնալով քաղաքական իրավիճակին՝ ԲՀԿ մամուլի խոսնակը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը և «Մուլտիգրուպ»-ի ընկերությունների գործունեության կասեցումը սկզբնական շրջանում ծանր ազդեցություն են ունեցել թիմի վրա, սակայն, նրա խոսքով, կուսակցությունը շարունակում է գործել միասնական։
Leave a Reply