Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը պարզաբանում է տարածել մամուլում շրջանառվող՝ «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ»-ի տնօրենի նշանակման վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ։
Նախարարությունից ընդգծել են, որ «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ն և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն երկու առանձին ընկերություններ են, որոնցից երկրորդի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը Ռուսաստանի Դաշնության պետական գույքի կառավարման գործակալությունն է։
«Հաշվի առնելով մամուլում շրջանառվող տեղեկությունները՝ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը։
«Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ն և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն երկու առանձին ընկերություններ են։
«Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս ՀՀ կառավարության, իսկ լիազոր ներկայացուցիչը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը։ Ընկերությունը գործունեություն է ծավալում Երևան քաղաքի Հ. Հակոբյան 3 հասցեում, որտեղ տեղակայված է նաև «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն։
Հարկ ենք համարում ընդգծել, որ «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ում որևէ փոփոխություն կամ նոր նշանակում տեղի չի ունեցել։
Մամուլում շրջանառվող տեղեկությունները վերաբերում են «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ին, որի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը Ռուսաստանի Դաշնության պետական գույքի կառավարման գործակալությունն է (Росимущество)։
Հետևաբար, մամուլում շրջանառվող՝ տնօրենի նշանակման վերաբերյալ տեղեկությունները որևէ առնչություն չունեն Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ի և դրա գործունեության հետ»,– նշված է նախարարության տարածած պարզաբանման մեջ։
Leave a Reply