«Սահմանադրությունը նախևառաջ պետք է սահմանափակի հանրային իշխանությունը և երաշխավորի մարդու իրավունքների պաշտպանությունը»․ Մհեր Կարագոզյան

Written by

in

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Ո՞Վ Է ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ՝ ՄԱՐԴԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻ՞Ց, ԹԵ՞

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՐԴՈՒՑ
Սահմանադրությունը նախևառաջ պետք է սահմանափակի հանրային իշխանությունը և երաշխավորի մարդու իրավունքների պաշտպանությունը, այլ ոչ թե իշխանությանը տա մարդու իրավունքները սահմանափակելու լայն հայեցողություն։

Հետևաբար, կարևոր է պարզել՝ նոր նախագծի ո՞ր դրույթներն են փոխում պետության և քաղաքացու հարաբերությունների այս հավասարակշռությունը, և արդյոք դրանց արդյունքում քաղաքացին կարող է ավելի անպաշտպան դառնալ պետության առաջ։
Առանձնացրել եմ մի քանի հարց, որոնք, իմ կարծիքով, պահանջում են լուրջ քննարկում։

1. Անկախության հռչակագրի հիշատակումը հանվել է Սահմանադրության նախաբանից։
Գործող Սահմանադրության նախաբանում ամրագրված է, որ հայ ժողովուրդն ընդունում է Սահմանադրությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները։
Նոր նախագծում այդ հղումը բացակայում է։ Փոխարենը՝ նախաբանում շեշտվում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությունը։

Ինչո՞ւ է անհրաժեշտ համարվել հանել Անկախության հռչակագրի հիշատակումը, և ի՞նչ պետական ու իրավաքաղաքական նշանակություն ունի այդ փոփոխությունը։

2. Պետական խորհրդանիշների սահմանադրական նկարագրությունը հանվում է։
Նախագծի 16-րդ հոդվածով առաջարկվում է, որ զինանշանի և դրոշի նկարագրությունը, ինչպես նաև օրհներգը սահմանվեն հանրաքվեով ընդունվող օրենքով։
Նախագծի 84-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ պետական խորհրդանիշների նկարագրությունը սահմանող գործող օրենքները պահպանում են իրենց ուժը։ Այսինքն՝ Սահմանադրության ընդունմամբ պետական խորհրդանիշներն ինքնաբերաբար չեն փոխվելու։ Հետագայում այդ օրենքներում փոփոխություն կատարելու կամ նոր օրենք ընդունելու համար անհրաժեշտ կլինի կիրառել հանրաքվեի ընթացակարգը։
Սակայն հարցը մնում է․ ի՞նչ նպատակով է պետական խորհրդանիշների նկարագրությունը հանվում Սահմանադրության տեքստից և կարգավորվում առանձին օրենքով։

3. Քվեարկելու իրավունքը կապվում է Հայաստանում մշտապես բնակվելու պահանջի հետ։
Նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով՝ ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած այն քաղաքացիները, որոնք քվեարկությանը նախորդող երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի մշտապես բնակվել են Հայաստանում։
Սա նշանակում է, որ Հայաստանից դուրս մշտապես բնակվող քաղաքացիները կարող են զրկվել համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունքից։
Ինչո՞ւ է քաղաքացու ընտրական իրավունքը պայմանավորվում նրա՝ Հայաստանում մշտապես բնակվելու հանգամանքով։ Արդյո՞ք քաղաքացիությունը բավարար հիմք չէ պետության քաղաքական կյանքին մասնակցելու համար։
Եվ ինչպե՞ս է որոշվելու ու ապացուցվելու քաղաքացու՝ Հայաստանում մշտապես բնակվելու փաստը։

4. Քաղաքացուն քաղաքացիությունից զրկելու հնարավորություն է նախատեսվում։
Գործող Սահմանադրության 47-րդ հոդվածն ուղղակիորեն ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից։
Նոր նախագծով, սակայն, նախատեսվում է դատարանի որոշմամբ քաղաքացիությունից զրկելու հնարավորություն՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։ Այդ դեպքերն ու ընթացակարգերը նախատեսվում է սահմանել օրենքով։
Սա գործող սահմանադրական երաշխիքի էական փոփոխություն է։
Որո՞նք են լինելու քաղաքացիությունից զրկելու հստակ հիմքերը։ Ինչպե՞ս է բացառվելու դրանց կամայական կամ քաղաքական նպատակներով կիրառումը։ Ի՞նչ երաշխիքներ են ապահովվելու, որպեսզի քաղաքացիությունից զրկելու ինստիտուտը չվերածվի պետության հետ անհամաձայնություն ունեցող անձանց նկատմամբ ճնշման միջոցի։

5. Փոխվում է օրենքների հետադարձ ուժի արգելքի ձևակերպումը։
Գործող Սահմանադրության 73-րդ հոդվածով ամրագրված է, որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները հետադարձ ուժ չունեն։
Նոր նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը պահպանում է այդ սկզբունքը, սակայն ավելացնում է բացառություն՝ երբ հետադարձ ուժն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հանրության շահերի պաշտպանության համար։
Թեև նախագիծը պահպանում է քրեական իրավունքի մի շարք հիմնարար երաշխիքներ, ինչպես նաև 24-րդ հոդվածով սահմանում է համաչափության, որոշակիության և իրավունքների էության անխախտելիության սկզբունքները, հարցը մնում է․
Ի՞նչ չափանիշներով է որոշվելու, թե հանրային որ շահն է այնքան կարևոր, որ կարող է արդարացնել անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի հետադարձ կիրառումը։
Ո՞վ և ինչպե՞ս է կանխելու այդ բացառության կամայական կիրառումը։

6. Դատավորների վերագնահատում։
Նախագծի 85-րդ հոդվածով նախատեսվում է գործող դատավորների մեկանգամյա վերագնահատում՝ Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարվա ընթացքում։ Վերագնահատման գործընթացը վերաբերում է նաև Բարձրագույն դատական խորհրդի դատավոր չհանդիսացող անդամներին։
Ընդ որում՝ վերագնահատման ենթակա դատավորները նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելու պահից շարունակելու են պաշտոնավարել՝ որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, մինչև վերագնահատման արդյունքներով նշանակվելը կամ լիազորությունների դադարեցումը։
Վերագնահատման հանձնաժողովի հինգ անդամներին ընտրում է Ազգային ժողովը։ Թեկնածուներին առաջադրում են Հանրապետության նախագահը՝ երկուսին, Մարդու իրավունքների պաշտպանը՝ երկուսին, և Կառավարությունը՝ մեկին։
Դատավորի բարեվարքության վերաբերյալ վերագնահատման հանձնաժողովի եզրակացությունները դատական կարգով վերանայման ենթակա չեն, թեև պաշտոնում չնշանակվելու կամ լիազորությունների դադարեցման որոշումները կարող են բողոքարկվել Սահմանադրական դատարան։
Սա պարզապես դատավորների մասնագիտական գնահատման հարց չէ։ Այստեղ կարևոր է նաև, թե ինչ երաշխիքներով է ապահովվելու գործընթացի անկախությունը, անաչառությունը և արդարությունը։

7. Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման փոփոխություն։
Գործող Սահմանադրությամբ խորհրդի դատավոր անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը, իսկ նոր նախագծով խորհրդի բոլոր տասը անդամներին ընտրելու է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի ձայներով։ Դատավոր անդամների թեկնածուներին առաջադրում է դատավորների ընդհանուր ժողովը, իսկ ոչ դատավոր անդամներից մեկի թեկնածությունը՝ ընդդիմադիր խմբակցությունները։
Արդյո՞ք այս փոփոխությունը չի թուլացնում դատական իշխանության ինքնակառավարման և անկախության երաշխիքները։ Եվ ի՞նչ լրացուցիչ մեխանիզմներով է կանխվելու քաղաքական ազդեցությունը դատական համակարգի վրա։

8. Տեղեկություններ ստանալու իրավունքը կա, բայց սահմանափակման հիմքն արժե քննարկել։
Նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով ամրագրվում է տեղեկություններ փնտրելու, ստանալու և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ տվյալներին հասանելիություն ունենալու իրավունքը։
Սա կարևոր երաշխիք է։
Սակայն նախագծի 24-րդ հոդվածի 6-րդ մասը թույլ է տալիս այդ իրավունքը սահմանափակել հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով։
Հարցը հետևյալն է․ որքանո՞վ են հստակ սահմանված այդ սահմանափակման չափանիշները, և ինչպե՞ս է երաշխավորվելու, որ «հանրային շահ» հասկացությունը չդառնա հանրային վերահսկողությունը սահմանափակելու միջոց։
Սա հատկապես կարևոր է այն դեպքում, երբ խոսքը պետական մարմինների գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողության մասին է։
Սրանք ընդամենը մի քանի օրինակ են։ Նոր Սահմանադրության նախագիծը պետք է քննարկել ամբողջությամբ՝ յուրաքանչյուր դրույթը համեմատելով գործող Սահմանադրության հետ, հասկանալով ոչ միայն այն, թե ինչ է փոխվում, այլև՝ ինչու և ինչ հետևանքներ կարող են ունենալ այդ փոփոխությունները։

Սահմանադրության գլխավոր առաքելությունը պետք է լինի ոչ թե պետության կամ իշխանության դիրքերն ուժեղացնելը՝ մարդու հաշվին, այլ մարդու իրավունքների պաշտպանությունն ու իշխանության հաշվետվողականության երաշխավորումը։
Ի վերջո, Սահմանադրությունը պետության պաշտպանությո՞ւնն է քաղաքացուց, թե՞ քաղաքացու պաշտպանությունը պետությունից»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *