Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը 2028 թվականի հունվարի 1-ից առաջարկվում է սահմանել միասնական չափով՝ անկախ ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու կամ չգտնվելու, ինչպես նաև գյուղական բնակավայրում հաշվառված լինելու հանգամանքից։ Առաջարկվում է նաև կրճատել երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի, ինչպես նաև խնամքի նպաստների հետադարձ նշանակման ժամկետը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով նախատեսվում է վերանայել երեխայի ծննդյան միանվագ, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի, ինչպես նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստների նշանակման և վճարման կարգավորումները։
Ի՞նչ է առաջարկվում փոխել
Ներկայումս մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը տարբերակվում է՝ կախված ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու և գյուղական բնակավայրում հաշվառված լինելու հանգամանքներից։
Գործող կարգավորմամբ խնամքի արձակուրդում գտնվող, բայց գյուղական բնակավայրում չհաշվառված ծնողին վճարվում է 37 հազար 500 դրամ, խնամքի արձակուրդում չգտնվող ծնողին՝ 31 հազար 600 դրամ, իսկ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին՝ 69 հազար 100 դրամ։
Նախագծով առաջարկվում է 2028 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների դեպքում սահմանել խնամքի նպաստի միասնական չափ՝ վերացնելով այս տարբերակումը։
Նախագծով առաջարկվում է նաև երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի ու խնամքի նպաստի հետադարձ նշանակման ժամկետը սահմանել երեք ամիս։ Ներկայումս այդ ժամկետները համապատասխանաբար վեց և տասներկու ամիս են։
Այսպիսով, ուշ դիմելու դեպքում նպաստը կարող է նշանակվել դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։ Ընդ որում, ծնողի մահվան դեպքերում հետադարձ նշանակման և վճարման վեցամսյա ժամկետներն առաջարկվում է պահպանել։
Ինչո՞ւ է առաջարկվում փոփոխությունը
Նախագծի հիմնավորման համաձայն՝ նպաստների նշանակման և վճարման գործող կարգավորումներում առկա են տարբեր մոտեցումներ և ժամկետներ, որոնք լրացուցիչ վարչական բեռ են ստեղծում ինչպես քաղաքացիների, այնպես էլ լիազոր մարմնի համար։
Առաջարկվող փոփոխություններով նպատակ է դրվում ներդաշնակեցնել նպաստների նշանակման, վճարման, իրավունքի դադարեցման և վերականգնման պայմանները, պարզեցնել վարչարարությունը և առավել արդյունավետ օգտագործել պետական մարմինների տեղեկատվական շտեմարաններում առկա տվյալները։
Մասնավորապես, առաջարկվում է նպաստների վճարումը շարունակելու համար ծնողի՝ տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալու և Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին հայտարարություն ստորագրելու պահանջի փոխարեն օգտագործել ՍԷԿՏ համակարգի տվյալները։
Նախագծով նախատեսվում է նաև նպաստ ստանալու իրավունքի դադարեցման հիմք սահմանել ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ երեք ամսից ավելի բացակայելը։ Երեխայի՝ Հայաստանից բացակայելու դեպքում ևս առաջարկվում է գործող վեց և տասներկու ամիս ժամկետների փոխարեն սահմանել երեքամսյա ժամկետ։
Բացի այդ, ծնողի կամ երեխայի՝ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու դեպքում նպաստ ստանալու իրավունքի վերականգնումը որոշ դեպքերում առաջարկվում է իրականացնել ինքնաշխատ եղանակով՝ առանց ծնողի դիմումի, ՍԷԿՏ համակարգի տվյալների հիման վրա։
Կլինե՞ն պետական բյուջեի ծախսեր
Նախագծի հիմնավորման համաձայն՝ դրա ընդունման դեպքում 2027 թվականի պետական բյուջեի եկամուտները չեն ավելանա, իսկ ծախսերը կարող են նվազել՝ նպաստների իրավունքի իրացման ժամկետների կրճատման արդյունքում։
Միաժամանակ, խնամքի նպաստի միասնական չափ սահմանելու հետևանքով 2028 թվականի լրացուցիչ ծախսերի չափը կհաշվարկվի 2028 թվականի բյուջետային գործընթացի շրջանակում։
Ե՞րբ ուժի մեջ կմտնեն փոփոխությունները
Նախագծով առաջարկվում է, որ խնամքի նպաստի միասնական չափին, ինչպես նաև նպաստների նշանակման պայմաններին ու հետադարձ նշանակման ժամկետներին վերաբերող դրույթներն ուժի մեջ մտնեն 2028 թվականի հունվարի 1-ից և տարածվեն այդ օրը կամ դրանից հետո ծնված երեխաների վրա։
Նպաստ ստանալու իրավունքի դադարեցման, վերականգնման և վճարման դադարեցման կամ վերսկսման պայմանների փոփոխությունները ևս նախատեսվում է կիրառել 2028 թվականի հունվարի 1-ից, սակայն դրանք կտարածվեն նաև մինչև այդ օրը ծնված երեխաների վրա։
Այլ պետական մարմինների տեղեկատվական շտեմարաններից ստացված տվյալների կիրառության կարգավորումները կգործեն համապատասխան ենթաօրենսդրական ակտն ուժի մեջ մտնելուց հետո։ Այդ ակտը նախատեսվում է ընդունել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։
Նախագիծը դեռևս օրենքի նախագիծ է, և առաջարկվող կարգավորումները կարող են կիրառվել օրենքի ընդունումից ու համապատասխան ժամկետներում ուժի մեջ մտնելուց հետո։
Հետևեք մեզ՝ այստեղ
Leave a Reply