Պապի օրագրերը. Ֆրանցիսկոսը հաճախ էր «դեւերի հարձակումների» ենթարկվում

Written by

in

Ներկայացնում ենք CNN-ի Pope Francis battled visions of the devil during a two-year spiritual crisis, diaries reveal հոդվածի թարգմանությունը (կրճատումներով):
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր գահակալության ընթացքում սատանայի եւ դժոխքի տեսիլքներ են հետապնդել։ Այդ մասին վկայում են հանգուցյալ քահանայապետի հրապարակված օրագրերը։
Նա ընդմիջումներով օրագիր է վարել 1992-ից 2024 թվականներին՝ նախ իր հայրենիքում եպիսկոպոս եղած տարիներին, այնուհետեւ՝ Հռոմի Պապ ընտրվելուց հետո։
Գրառումների մի մասն ընդգրկվել է 160 էջանոց «Հռոմի պապ Ֆրանցիսկոսի անձնական օրագիրը» գրքում, որը լույս է տեսել 2026 թվականի նոյեմբերի 24-ին։ 
Գրքի հեղինակը արգենտինացի կարդինալ Վիկտոր Մանուել Ֆերնանդեսն է՝ Ֆրանցիսկոսի ամենամերձավոր զինակիցներից մեկը։
Սատանայի հետ հանդիպումները եւ մուտքը դժոխք
Ըստ օրագրերի՝ պապը հաճախ էր «դեւերի հարձակումների» ենթարկվում։ 
Ֆրանցիսկոսը մանրամասն նկարագրել է սատանայի հետ երեք հանդիպում. երկուսը տեղի են ունեցել, երբ նա Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսն էր, իսկ երրորդը՝ 2018 թվականին՝ Վատիկանում։ Նրա խոսքով՝ սատանան «հրեղեն» եւ «գայթակղող» աչքեր ունի։
«Չեմ կարող մոռանալ նրա աչքերն առաջին երկու դեպքում՝ մեքենայի միջից, երբ տուն էի վերադառնում, եւ երգչախմբի հարթակում՝ պատարագի ժամանակ։ Սակայն նա մշտապես կրկին հայտնվում է տարբեր իրավիճակներում»,- գրել է պապը 2024 թվականի օգոստոսի 18-ին։ Երրորդ հանդիպումը տեղի է ունեցել 2018 թվականին՝ Չիլի կատարած ուղեւորությունից վերադառնալուց հետո, որը ուղեկցվել էր հոգեւորականության շրջանում սեռական բռնության հետ կապված սկանդալով։
«Հռոմ վերադառնալուց մի քանի օր անց, հանդիպման էի։ Ես տեսա նրան եւ լսեցի նրա հաղթական ձայնը. «Հիմա ես ստացա այն ամենը, ինչ ուզում էի»»,- գրել էր պապը 2021 թվականի հունվարի 24-ին։
«Ինչպես նախորդ երկու դեպքերում չեմ կարողանում մոռանալ նրա աչքերը, այս դեպքում անհնար է մոռանալ նրա խռպոտ ձայնը։ Տերն ինձ հնարավորություն տվեց հեռանալ այդ հանդիպումից եւ դրանով իսկ ազատեց ինձ»։
Օրագրում Ֆրանցիսկոսը պատմում է, թե ինչպես է տեսել «դժոխքի մուտքը»։
«Ներս նայեցի եւ սարսափով համակվեցի։ Դա քնելուց առաջ էր։ Ձեռքս վերցրի տերողորմյան՝ որպես պաշտպանիչ զենք։ Շնորհակալ եմ Տիրոջն այս օգնության համար»,- գրել է նա։
Հոգեւոր ճգնաժամը
Օրագրերը վկայում են, որ 2021-2022 թվականներին Ֆրանցիսկոսը հոգեւոր ճգնաժամ է ապրել՝ պայմանավորված իշխանության գայթակղությամբ։ Մասամբ դա բացատրվում էր չափից դուրս ակտիվությամբ եւ սեփական ինքնաբավության զգացումով։ Պապի խոսքով՝ ճգնաժամի պատճառներից էին նաեւ «կառավարման խնդիրները, կայացվելիք որոշումների հետ կապված ճնշումը, ինչպես նաեւ հոգեւոր չորությունը»։
2022 թվականի դեկտեմբերի 30-ի գրառման մեջ պապը նշել է, որ մերժել է «ուրիշներին խամաճիկների պես վերաբերվելու» գայթակղությունը։ Իսկ 2018 թվականին նա գրել էր.
«Ինքնաբավության այս զգացումը, համոզմունքն առ այն, որ «ես ամեն ինչից գլուխ կհանեմ», ինձ հասցրեցից դժոխքի դարպասներին։ Չեմ կարող մոռանալ այն օրը, երբ տեսա դրանք»։
Ինչպես պարզաբանում է Ֆերնանդեսը, Ֆրանցիսկոսի ապրած ճգնաժամը «կապված էր իշխանության եւ դրանից օգտվելու փորձառությունը ճանաչելու ցանկության հետ»։ Լինելով ճիզվիտ՝ պապը մշտապես զբաղվում էր հոգեւոր զանազանմամբ, այսինքն՝ փորձության էր ենթարկում ինքն իրեն՝ հասկանալու համար՝ գործո՞ւմ է հանուն սեփական շահի, թե՞ հանուն ուրիշների բարօրության։
Հաջորդ Պապը
Օրագրերում մտորումները կան կարդինալ Ռոբերտ Պրեւոյի՝ ապագա Հռոմի պապ Լեւոն XIV-ի մասին, որին Ֆրանցիսկոսը հրավիրել էր Վատիկան՝ գլխավորելու եպիսկոպոսների նշանակման համար պատասխանատու գերատեսչությունը։
Ֆերնանդեսի խոսքով՝ Ֆրանցիսկոսը Պրեւոյին անվանում էր «մեծ հովիվ եւ անբասիր մարդ»։
Հովվական սիրո հերոսությունը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հազվադեպ էր հանգստյան օրեր վերցնում եւ ոչ մի անգամ արձակուրդ չէր մեկնել Վատիկանի սահմաններից դուրս։
2019 թվականին նա իր վիճակը նկարագրում էր այսպես. «Ինձ ուժասպառ եմ զգում, գրեթե առանց հոգևոր հենարանի եւ առանց ուղենիշի»։
Ֆրանցիսկոս Պապը մահացել է 2025 թվականի ապրիլի 21-ին՝ 88 տարեկան հասակում։ Դրանից մի քանի շաբաթ առաջ նա հոսպիտալացվել էր երկկողմանի թոքաբորբով։ Կյանքի վերջին օրերին նա, հակառակ բժիշկների ցուցումներին, դուրս էր գալիս Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբ՝ մարդկանց ողջունելու։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *