Ընտրություններին մասնակցում ենք բացարձակ հաղթանակի ակնկալիքով. – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Ընտրություններին մասնակցում ենք բացարձակ հաղթանակի ակնկալիքով.

– Պարո՛ն Բաղդասարյան, նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Գործարար» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Մհեր Հարթենյանը, որը ներկայումս զբաղեցնում է Բաղրամյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։ Ի՞նչ ծրագրեր և նախաձեռնություններ եք առաջարկում Բաղրամյան համայնքի բնակիչներին։ Մասնավորապես՝ ի՞նչ կոնկրետ քայլեր եք նախատեսում իրականացնել այն քաղաքացիների խնդիրները լուծելու համար, որոնք իրենց վստահության քվեն կտան Ձեր քաղաքական թիմին։

-Մենք, ինչպես Բաղրամյանում, այնպես էլ այն մյուս համայնքներում, որտեղ մասնակցում ենք ՏԻՄ ընտրություններին, հանդես ենք գալիս բավականին հավակնոտ ծրագրերով։

Բաղրամյան համայնքում մեր թիմի հաջողության դեպքում առաջնահերթություն ենք տալու համայնքի բոլոր 14 բնակավայրերի համաչափ զարգացմանը։ Մասնավորապես՝ նախատեսում ենք հետևողական աշխատանքներ իրականացնել ենթակառուցվածքների բարելավման, խմելու և ոռոգման ջրի մատակարարման, աղբահանության կազմակերպման, հանրային տրանսպորտի համակարգի զարգացման, կրթության և մշակույթի ոլորտներում։

Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնելու նաև երիտասարդությանը՝ նախաձեռնելով տարբեր միջոցառումներ և ծրագրեր, որոնք կնպաստեն նրանց ակտիվ ներգրավվածությանը համայնքային կյանքում և համայնքի կառավարման գործընթացներում։

– Քարոզարշավի ընթացքում քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ ի՞նչ հիմնական խնդիրներ են բարձրաձայնում բնակիչները։ Որո՞նք են այն հրատապ հարցերը, որոնց լուծումը, նրանց կարծիքով, այլևս չի կարող հետաձգվել։

-Բնակիչների հետ հանդիպումների ընթացքում առավել հաճախ բարձրաձայնվող խնդիրները վերաբերում են խմելու և ոռոգման ջրի մատակարարմանը, հանրային տրանսպորտին, աղբահանությանը և ենթակառուցվածքների բարելավմանը։ Սրանք այն առաջնային հարցերն են, որոնց լուծման ուղղությամբ համայնքային իշխանությունը պետք է հետևողական և համակարգված աշխատանք իրականացնի։

– Ինչպե՞ս կգնահատեք «Գործարար» կուսակցության թիմի աշխատանքը նախընտրական այս փուլում։ Ի՞նչ տրամադրվածությամբ և ակնկալիքներով եք մոտենում սպասվող ընտրություններին։

– Նախընտրական գործընթացի այս փուլում մեր թիմի աշխատանքը գնահատում եմ բավականին դրական։ Նույնպիսի տրամադրվածություն ունենք նաև մյուս համայնքներում, որտեղ մասնակցում ենք ՏԻՄ ընտրություններին։

Մեր ակնկալիքները մեծ են, իսկ բոլոր համայնքներում առաջադրված թեկնածուները ընտրություններին մոտենում են հաղթանակի վճռականությամբ և բարձր տրամադրվածությամբ։

– Հաշվի առնելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դաշինք է կազմել Ձեր կուսակցության հետ, սակայն ՏԻՄ ընտրություններին Դուք հանդես եք գալիս սեփական թեկնածուով, արդյո՞ք կարելի է ենթադրել, որ ընտրություններից հետո, անկախ արդյունքներից, պատրաստվում եք կոալիցիա կազմել ՔՊ-ի հետ, թե՞ այդ հարցում դեռևս հստակ որոշում չկա։

-Այս պահին մենք բարձր ենք գնահատում մեր հնարավորությունները և ընտրություններին մասնակցում ենք բացարձակ հաղթանակի ակնկալիքով։ Հետևաբար, հետընտրական հնարավոր զարգացումների, այդ թվում՝ կոալիցիա կազմելու վերաբերյալ հարցեր դեռևս չենք քննարկել։ Կարծում եմ՝ այս փուլում նման քննարկումները և դրանց վերաբերյալ որոշումների ընդունումը վաղաժամ են։ Մեր ամբողջ ուշադրությունն այժմ կենտրոնացած է նախընտրական գործընթացի և ընտրություններում հաղթանակի հասնելու վրա։

Անաստասիյա Հարությունյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *