«Իրական Հայաստան» գաղափարախոսության չորրորդ բաժինն անդրադառնում է ժողովրդի բարեկեցությանը, աշխատանքին, վաստակելուն եւ հարակից այլ հարցերի։
Հեղինակը, ի թիվս այլ պնդումների, նշում է․ «լավ ապրելու միակ գործիքը շատ աշխատելն է, շատ վաստակելը, շատ ծախսելը»։ Մեկ այլ պնդմամբ՝ «Եթե այսպիսի միջավայրում շատ աշխատելը չի բերում շատ վաստակի, ուրեմն աշխատանքն արդյունավետ (արտադրողական) չէ», իսկ «Եթե շատ ծախսելը չի հանգեցնում բարեկեցության, ուրեմն ծախսը (ներդրումը) արդյունավետ չէ»։
Առանց այս պնդումներին ուղղակի հակադրվելու՝ կարելի է ենթադրել, որ գաղափարախոսությունը փորձում է հայ հասարակության մեջ արմատավորել սպառողական արժեքներ եւ այն վերածել սպառողական հասարակության։ Սույն հոդվածի նպատակն է պատասխանել հետեւյալ հարցերին՝ ի՞նչ է իրենից ենթադրում սպառողական հասարակությունը, եւ ի՞նչ հետեւանքներ այն կարող է ունենալ հայոց պետականության համար։
Գրականության մեջ սովորաբար առանձնացվում են հասարակությունների երկու հիմնական տիպեր՝ արտադրողական եւ սպառողական։ Արտադրողական հասարակության մեջ մարդը հիմնականում արժեւորվում է իր աշխատանքով, մասնագիտական կարողություններով եւ հասարակությանը բերած օգտակարությամբ։ Այստեղ իր աշխատանքով հասարակությանը նպաստող մարդը համարվում է օրինակելի եւ հարգանքի արժանի։
Սպառողական հասարակությունում, ընդհակառակը, մարդու նյութական ցանկությունները, սպառման ձգտումը եւ հնարավորությունները դառնում են հասարակության կյանքի շարժիչ ուժերը։ Այստեղ առաջնային նշանակություն ունի, թե մարդն ինչ ունի կամ չունի, ինչ եւ ինչպես է սպառում։ Կարճ ասած՝սպառողական հասարակության մեջ դու այնքան մարդ ես, որքան գումար ունես եւ կարող ես ծախսել, իսկ արտադրողական հասարակության մեջ կարեւորն այն արժեքն է, որ դու ներկայացնում ես։ Հայաստանի պարագայում սպառողական մոտեցումը կարող է դրսեւորվել, օրինակ, նրանով, որ սահմանապահ զինծառայողի կամ սահմանամերձ գյուղի մանկավարժի հասարակական արժեքը սկսի չափվել ստացած աշխատավարձով եւ սպառողական հնարավորություններով։
Եթե քաղաքացին մշտապես ներշնչվում է նրանով, որ լավ կյանքի հիմնական չափանիշներն են շատ վաստակելն ու շատ ծախսելը, ապա տրամաբանական է, որ քաղաքացին անհատական շահը կսկսի գերադասել հանրային շահից։ Պատերազմի կամ անվտանգության ճգնաժամի ժամանակ սա կարող է դառնալ խնդրահարույց, քանի որ պետությունը կարող է անհատից պահանջել այնպիսի զոհողություններ, որոնք հակասում են նրա անձնական շահերին։ Ուստի Հայաստանի Հանրապետության նման պետություններում, որտեղ ազգային ինքնության, մշակույթի պահպանման ու զարգացման եւ անվտանգության խնդիրների լուծումը պահանջում է ոչ միայն նյութական ռեսուրսներ, այլեւ քաղաքացիների նվիրում ու զոհողություն, սպառողական հասարակության ձեւավորումը կարող է կործանարար հետեւանքներ ունենալ։
Ընթերցողի մոտ բնականաբար հարց կառաջանա. իսկ ի՞նչ տիպի հասարակություն ենք մենք, արդյո՞ք սպառողական հասարակություն չենք, եւ, հետեւաբար, կարիք չկա՞ այս առումով արձագանքելու «Իրական Հայաստան» գաղափարախոսության նման նպատակադրմանը։
Մեր հասարակության մեջ կան մեծաթիվ մարդիկ, ովքեր ավելի շատ սպառողական, քան արտադրողական արժեքների կրողներ են։ Սակայն մինչ այս, պետության նպատակը չի եղել սպառողական արժեքների տարածումը: Ընդհակառակը, պետական քաղաքականության ուղենիշը եղել է արտադրողական հասարակության արժեքների խթանումը։ Մինչդեռ մեր մեջ սպառողական արժեքների տարածումը պետական բացթողումների հետեւանք է եղել։ Մինչեւ վերջերս դպրոցում մենք սովորում էինք՝ «Ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։ Իսկ այսօր մաշտոցյան տողերին փոխարինել են փաշինյանական տողերը՝ «Լավ սովորիր, որ լավ ապրես»։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է հնարավորինս լավատեղյակ լինեն, թե ինչ է նշանակում «Իրական Հայաստանը»։ Հայ բժիշկը, մանկավարժը, մշակը, զինծառայողը, արվեստագետը, արտիստը, մարզիկը եւ բոլորը պետք է իմանան, որ իրենք արժեւորվելու են ոչ թե իրենց նվիրական ծառայության համար, այլ իրենց ունեցած կամ չունեցած նյութական հնարավորությունների չափով։ Սա ոչ թե բարեկեցության, այլ հանրապետության կործանման ճանապարհ է։
Սպառողական հասարակության նկարագրության եւ դրա հասարակական հետեւանքների վերլուծության համար հոդվածում օգտագործվել է Զիգմունտ Բաումանի «Սպառողական կյանք» (Consuming Life, 2007) աշխատությունը։
Հակոբ Ղազարյանը քաղաքագիտության մագիստրոս է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ չեն արտացոլում որեւէ կառույցի կամ կազմակերպության դիրքորոշումը կամ տեսակետները։
Leave a Reply