Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պատկերացնենք՝ մարդն ունի տուն, ընտանիք, իր տան պատմությունը, իր նախնիների հիշատակը և մի օր եկվոր հարևանը, որը տարիներ շարունակ վիճել է նրա հետ, ասում է.
-Ես պատրաստ եմ քեզ հետ խաղաղ ապրել, բայց պայմանով. նախ պետք է փոխես տանդ հիմնարար կանոնները, հանես այնտեղից այն ամենը, ինչ ինձ դուր չի գալիս, և հրաժարվես այն իրավունքներից, որոնք ես համարում եմ ինձ համար անընդունելի։
Եվ տանտերը, փոխանակ հարևանից պահանջելու, որ նա հարգի իր տունը, պատմությունն ու իրավունքը, սկսում է փոխել սեփական տան կանոններն ու ներսի եղած չեղածը՝ հույս ունենալով, որ դրանից հետո հարևանը վերջապես իրեն հանգիստ կթողնի։
Բայց այս հարևանը նրանցից է, ով մեկը ստանալուց, մյուսն է պահանջում, հետո էլի ու էլի… Եվ, երբ էլ պահանջելու բան չի մնում, հիմա էլ պայման է դնում, թե պիտի մտնեմ տանդ անկյուները ստուգեմ, կարող է բան ես թաքցրել: Էս անխելք միամիտն էլ, թե բա՝ մտի՛ր:
Հարևանը մտնում, տան բոլոր անկյունները տնտղելուց հետո, մեկ էլ շրջվում և դիմում է տանտիրոջը.
-Վարձը ե՞րբ ես տալու:
-Ի՞նչ վարձ,- շվարած ու զարմացած հակադարձում է տանտերը…
Հարևանն արդեն տանտիրոջ իրավունքով.
-Ո՞նց թե՝ ի՛նչ վարձ: Բա էսքան տարի, որ իմ տանն անվարձ ապրում ես, գիտե՞ս գեղեցիկ աչքերիդ համա՞ր եմ թողել։ Կա՛մ վարձս տուր, կա՛մ տնիցս դուրս չքվիր…
Հ.գ.- Մոտավորապես այսպիսինն է լինում հետևանքը, երբ հանուն խաղաղության պատրաստ ես հարևանիդ զիջել այն, ինչն արդարացիորեն քոնն է… Ասել է թե՝ սեփական տան բանալիները»։
դիտվել է 3 անգամ
Leave a Reply