Լկտիություն է. Ադրբեջանը պահանջում է զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերի մասին տեղեկություններ, երբ ժամանակին հրաժարվում էր տանել իր զինվորների մարմինները. Ալավերդյան

Written by

in

Առհասարակ, եթե Ադրբեջանը հնչեցնում է մի թիվ, որն ավարտվում է երկու զրոյով, իմացեք՝ դա հնարածին թիվ է։ Դա Ադրբեջանի հետ աշխատանքի տասնյակ տարիների փորձն է ցույց տալիս։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, թե Ադրբեջանն ակնկալում է Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերի մասին տեղեկությունների հրապարակում։

Ալավերդյանն ընդգծեց, որ դա ոչ թե չափազանցված է, այլ ընդհանրապես անհիմն, որովհետև խոսել այն մասին, որ կան այսպիսի գերեզմանոցներ, որ այդքան մարդ հուղարկավորված է հայկական կողմից, նշանակում է, որ ադրբեջանցիները երբևէ չեն արձագանքել հայկական կողմի այն կոչին, որ եկեք՝ տարեք ձեր մարդկանց մարմինները։ «Նման դեպքեր բազմիցս եղել են՝ առնվազն մի քանի անգամ։

Բայց հետաքրքիր է՝ այդ պահանջը նո՞ր է ծնվել կամ մի քանի օր առաջ։ Սա պարզապես հերթական պահանջն է, որը հիմք է ծառայելու չստորագրելու «խաղաղության» կոչված պայմանագիրը։ Ես համոզված եմ, որ Ադրբեջանը տրամադրված չէ այն ստորագրելու, ավելին՝ օգոստոսի 8-ից հետո նախաստորագրված համաձայնագիրը մի քանի անգամ արդեն խախտվել է։ Օրինակ՝ Սահմանադրության փոփոխության մասին կետ այդ պայմանագրում չկա, բայց այն առաջ է քաշվում որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման»,- ասաց Ալավերդյանը։

Նա ընդգծեց, որ անձնական փորձից գիտի, որ ադրբեջանցիները դրանում հետաքրքրված չեն։ «Երկու դրվագ կա, որոնք ինձ նման պնդում անելու հիմք են տալիս։ Ես Բաքվում եղել եմ մի քանի անգամ՝ 1998 թվականից հետո։ Ինձ մի անգամ տրամադրել են ուղիղ եթեր ABC հեռուստաալիքով, ես այստեղ առաջարկություն եմ արել և ասել եմ, որ այդ առաջարկությունը համաձայնեցրել եմ ՀՀ պատկան մարմինների հետ։ Առաջարկությունը հետևյալն էր, որ Հայաստանը պատրաստ է երկտեղ այդպիսի որոնումներ անել, և Կարմիր խաչը պատրաստ է աջակցություն տրամադրել։

Երկրորդ դրվագը եղել է 2003 թվականին՝ Ժնևում, երբ տեղի է ունեցել միջազգային կոնֆերանս՝ նվիրված անհայտ կորածներին։ Պաշտպանության նախարարությունն այն ժամանակ խնդրել էր, որ ես ելույթ ունենամ որպես անհայտ կորածների հարցերով տասնյակ տարիներ զբաղված հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն և լիազորել էր հնչեցնել հետևյալ առաջարկը. օգտվելով առիթից, որ Ժնևում էին նաև Ադրբեջանի անհայտ կորածների հանձնաժողովի անդամները, Կարմիր խաչը կազմակերպի հանդիպում մեր երկու խմբերի միջև հենց Ժնևում՝ կոնֆերանսից հետո։ Ասացի, որ Հայաստանը պատրաստ է Կարմիր խաչի միջոցով հուղարկավորության վայրերի ուսումնասիրություն և նույնականացում իրականացնել։ Մենք հանդիպեցինք Ադրբեջանի ներկայացուցչի հետ։ Երբ ես առաջարկս նորից կրկնեցի, Ադրբեջանի ներկայացուցիչն ասաց, որ լիազորված չէ այսպիսի առաջարկ քննարկել։ Ասաց՝ կքննարկի և կպատասխանի երկու շաբաթ անց։ 2003 թվականից մինչև հիմա պատասխանի եմ սպասում»։

Ալավերդյանն ասաց, որ վստահ է՝ սա լինելու է Ադրբեջանի հերթական պահանջը, որը, սակայն, Հայաստանը չի կարողանալու իրագործել, քանի որ նման ծավալի զանգվածային գերեզմանոցներ ուղղակի չկան։

«Դա ուղղակի լկտիություն է։ Իրենք պարզապես տեսել են, որ անգամ ՀՀ իշխանությունները Սահմանադրության փոփոխության են պատրաստ իրենց պահանջով՝ նոր պահանջ են առաջ քաշում, բայց այս անգամ այնպիսի թիվ են հնչեցնում, որ ՀՀ իշխանությունները պարզապես չկարողանան դա իրականացնել, քանի որ նման բան պարզապես չկա»։

Ալավերդյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ նման զանգվածային հուղարկավորությունների միակ պատճառն այն է, որ ադրբեջանցիները հրաժարվում էին վերցնել մարմինները։

«Օրինակ՝ Քարինտակի մարտական գործողություններից հետո նման առաջարկ եղել է ադրբեջանցիներին, իրենք հրաժարվել են տանել։ Բացի այդ՝ եթե նման գերեզմանոցներ կան, դրանք այլևս գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքում, թող իրենց դաշտային հրամանատարներից հարցնեն՝ որտե՞ղ են իրենք թողել իրենց զինվորներին»,- ասաց Ալավերդյանը։

դիտվել է 2 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *