Վերջերս Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) հայտարարեց «Կրթական գիտությունների մագիստրոս» կրթական ծրագրի մեկնարկի մասին: Այն ռազմավարական նախաձեռնություն է՝ միտված ուսուցիչների որակավորման բարձրացմանը, կրթական առաջնորդության զարգացմանը եւ ազգային մակարդակով վերափոխումների խթանմանը։ Այս իրադարձության հիմքում ընկած տեսլականի բացահայտման համար Մեդիամաքսը զրուցել է ծրագրի հիմնադիր ղեկավար, դոկտոր Յակոբ Եագուպեանի հետ։
Դոկտոր Եագուպեանը գիտությունների թեկնածուի աստիճան է ստացել Կանադայի Ալբերտայի համալսարանի Միջնակարգ կրթության բաժնում։ Նա ունի կրթության մագիստրոսի կոչում, դասավանդման վկայական եւ առողջապահական գիտությունների բակալավրի կոչում՝ Բեյրութի ամերիկյան համալսարանից։ 2022 թվականից դոկտոր Եագուպեանը ՀԱՀ Հումանիտար եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի (CHSS) դեկանն է։ Անցնելով հարուստ մասնագիտական ուղի, որն ընդգրկում է հանրակրթական ոլորտում (K-12) առաջնորդությունից մինչեւ միջազգային խորհրդատվություններ, ուսումնական ծրագրերի մշակման ու ուսուցիչների զարգացման խոշոր նախաձեռնությունների իրականացում, դոկտոր Եագուպեանն իր ներկայիս պաշտոնում ներդնում է բազմամյա միջազգային փորձ:
Մեդիամաքսի հետ զրույցում դոկտոր Եագուպեանը խոսել է կրթության ոլորտում իրենց իրականացրած կարիքների գնահատման հետազոտության մասին, որի հիման վրա ձեւավորվել է ծրագրի ուսումնական պլանը: Նա նաեւ անդրադարձել է ուսուցչի դերն ու իրական առաքելություն վերագնահատելու անհրաժեշտությանը, որը սկսվում է թեկուզ մեկ երեխայի կյանք փոփոխություն բերելու համար շարունակական նվիրումից:
– Դոկտոր Եագուպեան, շաբաթներ առաջ ՀԱՀ-ն ազդարարեց Կրթական գիտությունների մագիստրոսի ծրագրի (MAEd) մեկնարկի մասին, որի հիմնադիր ղեկավարը Դուք եք: Թեեւ ծրագիրը նոր է, այն կառուցված է ուսուցիչների կրթության ոլորտում ՀԱՀ-ի ունեցած փորձի վրա: Կներկայացնե՞ք այն ճանապարհը, որն անցել եք նախքան այս հանգրվանը:
– Անգլերենի` որպես օտար լեզվի դասավանդման (MATEFL) ՀԱՀ-ի մագիստրոսական ծրագիրը հաջողությամբ գործում է շուրջ երեք տասնամյակ, եւ ինչպես համալսարանի այլ ծրագրեր, այն ստեղծվել է արտացոլելու թե´ տեղական կարիքները, թե´ համաշխարհային միտումները: Իհարկե, ժամանակի ընթացքում այս պահանջներն ու միտումները զարգացում են ապրել: Տարիների ընթացքում մենք սկսեցինք գիտակցել, որ լեզվի դասավանդումից զատ՝ կա անհրաժեշտություն պատրաստելու ուսուցիչներ նաեւ այլ ոլորտներում: TEFL-ն, իհարկե, շատ կարեւոր ծրագիր է եւ կշարունակի գործել ֆակուլտետում, սակայն կրթության ոլորտում մեր ծրագրերն առաջ մղելու համար իրականացրինք կարիքների խորքային վերլուծություն, որը տեւեց մի քանի տարի:
Կրթական գիտությունների մագիստրոս ծրագիրը մեկնարկում է 2027 թվականին, սակայն բուն նախապատրաստական աշխատանքները սկսվել են հինգ տարի առաջ: Անցկացրել ենք լայնածավալ խորհրդակցություններ տարբեր շերտերի մի շարք շահագրգիռ կողմերի եւ միջազգային փորձագետների հետ՝ առաջնահերթ ուղղությունների հստակեցման համար: Ամբողջ աշխատանքը հիմք է ծառայել նոր մագիստրոսական ծրագրի ու դրա վկայագրով տարբերակների ստեղծման համար՝ արտացոլելով Հայաստանի եւ նրա սահմաններից դուրս առկա բարձր առաջնահերթության ոլորտները:
– Իսկ որո՞նք են Հայաստանի կրթական համակարգի հիմնական մարտահրավերները՝ ըստ այդ հետազոտության, եւ ինչպե՞ս է այս ծրագիրը հասցեագրելու դրանք:
– Մեր կարիքների վերլուծությունն առաջ բերեց երեք հիմնական մարտահրավերային ուղղություններ՝ կրթական առաջնորդություն եւ քաղաքականություն, ուսուցչի որակ ու մասնագիտական գերազանցություն, ինչպես նաեւ ուսումնական ծրագիր, ուսուցում եւ գնահատում:
Ուսուցիչները համակարգի միջուկն են: Մենք պետք է վստահ լինենք, որ ունենք ուսուցիչների ամուր կադրային բազա, նպաստենք նրանց շարունակական մասնագիտական աճին եւ բարելավենք մասնագիտության կարգավիճակն այնպես, որ այն ճանաչվի եւ գնահատվի ըստ արժանվույն:
Կրթական առաջնորդության եւ քաղաքականության ոլորտում մենք ցանկանում ենք ներդրում ունենալ ապացուցահեն ուսումնասիրությունների միջոցով, որպեսզի որոշումների կայացումը լինի փաստարկված: Առաջնորդությունը կոչումների եւ պաշտոնների մասին չէ. երբ ուսուցիչներն աշխատում են իրենց համայնքներում, նրանք ստանձնում են առաջնորդի դեր՝ բերելով փոփոխություններ ու ապահովելով հասարակության բովանդակային հարստացումը:
Ինչ վերաբերում է ուսումնական ծրագրերին, ուսուցմանն ու գնահատմանը, ապա այստեղ պետք է աշխատանք տանել պետական նոր չափորոշիչները կրթական ծրագրերի, ուսումնական նյութերի ու ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի վերածելու ուղղությամբ: Մեր դերը այս ոլորտում նշված աշխատանքն իրականացնելու ունակ որակյալ կադրեր պատրաստելն է:
Հետազոտության, պրակտիկայի եւ տեսության ինտեգրումը մեր ծրագրի հիմնական առանձնահատկությունն է: Մենք չենք թերագնահատում այս ոլորտում մեր գործընկեր հաստատությունների կատարած աշխատանքը, ընդհակառակը՝ մեր դերը տեսնում ենք որպես լրացում նրանց կատարած կարեւոր աշխատանքին:
– Ծրագրի մեկնարկն ազդարարող հայտարարության մեջ նշված նպատակներից է Հայաստանում կրթական ոլորտի վերափոխումը, ինչը բավականին երկար ճանապարհ է: Ինչպե՞ս եք տեսնում հետագա քայլերը դեպի այս նպատակ:
– Ոլորտում բացահայտված բացերը հսկայական են, ուստի պարզապես անհնար է, որ որեւէ հաստատություն միայնակ կատարի այս աշխատանքը: Շատ կարեւոր է գիտակցել, որ այս փոքր երկրում մեծ ազդեցության հասցնելու համար տարբեր շահագրգիռ կողմեր՝ ԿԳՄՍ նախարարությունից եւ պետական այլ մարմիններից մինչեւ դպրոցներ, համալսարաններ եւ ՀԿ-ներ, պետք է միասին աշխատեն: Սա պետք է լինի համատեղ նախագիծ. մենք բոլորին տեսնում ենք որպես գործընկերներ:
Մեր կրթական ծրագրի միջոցով նշված բացերը լրացնելու մեր մոտեցումը, նախեւառաջ, ուղղված է անհատ մանկավարժներին: Նրանց հետ ինտենսիվ աշխատելով՝ մենք ակնկալում ենք շղթայական ռեակցիա, որն ի վերջո, երկարաժամկետ հեռանկարում, կհանգեցնի ինստիտուցիոնալ փոփոխությունների եւ վերափոխման՝ արդեն երկրի մակարդակով:
– Ինչպե՞ս եք պատկերացնում այս համատեղ աշխատանքը, ինպե՞ս է այն դրսեւորվելու գործնականում:
– Համագործակցության մի մասը ներառում է դպրոցների հետ աշխատանք, որը երկու կողմերի համար էլ փոխշահավետ է եւ հիմնված է ոլորտում առկա լավագույն փորձի վրա: Երբ մենք ունենք մագիստրատուրայի ուսանող, որը պատրաստվում է դառնալ ուսուցիչ կամ դպրոցի տնօրեն, նրան աջակցում են եւ՛ համալսարանի դասախոսը, եւ՛ դպրոցի կողմից նշանակված մենթորը: Սա ստեղծում է եռակողմ գործընթաց, որը պրակտիկայի մեծ հնարավորություններ է ընձեռում: Ուսանողը ժամանակ է անցկացնում դպրոցում՝ ձեռք բերելով գործնական փորձ, միաժամանակ ստանալով դասախոսի եւ մենթորի ուղղորդումը:
Դպրոցում աշխատող մենթորի համար մեր ուսանողների հետ աշխատելը մասնագիտական զարգացման հիանալի հնարավորություն է, ինչպես նաեւ շատ կարեւոր ծառայություն ոլորտին: Պատկերացրեք մի դպրոց, որն ամեն տարի նման աշխատանք է տանում 1-2 ուսանողի հետ. ժամանակի ընթացքում սա դառնում է շարունակական մասնագիտական զարգացման հզոր շարժիչ:
Ծրագրի ավարտին, երբ ուսանողները գրում են իրենց ավարտական աշխատանքը (capstone) կամ թեզը, դպրոցը դառնում է շատ լավ միջավայր՝ կրթական խնդիրները բացահայտելու համար: Երբ ուսանողն ու համալսարանի պրոֆեսորը միասին մշակում են հետազոտական հարցը, դպրոցն անուղղակիորեն դառնում է այդ ջանքերի գործընկերը: Այդ հետազոտության արդյունքները մի կողմից օգնում են ուսանողին ավարտել համալսարանը, մյուս կողմից՝ ծառայում են դպրոցին, եւ ավելին՝ թույլ են տալիս ուսանողին եւ դասախոսին ունենալ գիտական հրապարակում իրենց բացահայտումների մասին: Ի վերջո, սա շահավետ է ներգրավված բոլոր կողմերի համար եւ ստեղծում է այն դրական շղթայական ռեակցիան, որն օգուտ է բերում ամբողջ ոլորտին:
– Արդեն կա՞ն հաստատված գործընկերություններ կոնկրետ դպրոցների հետ։
– Տարիների ընթացքում TEFL ծրագրի միջոցով մենք ձեւավորել ենք գործընկեր դպրոցների, հաստատությունների եւ ՀԿ-ների լայն ցանց: Այժմ կառուցում ենք գործող ցանցի վրա՝ շարունակաբար ընդլայնելով այն:
– Ենթադրում եմ, որ այս ցանցը ներառում է նաեւ մարզային դպրոցներ, այդպե՞ս է։
– Այո´, եւ դա ծրագրի շատ կարեւոր կողմ է: Բազմազանությունը, ներառականությունը եւ սոցիալական արդարությունն այս ծրագրի հիմնարար արժեքներն են: Դրանք մեր ցանկացած գործողության հիմքում են՝ սկսած դիմորդների հետ աշխատանքի մեր մոտեցումից: Մենք ցանկանում ենք ունենալ դիմորդների բազմազան խումբ, ինչը, անշուշտ, ներառում է տեղանքը, սակայն նաեւ նշանակում է ունենալ մարդկանց բազմազանություն՝ իրենց փորձառության, կարիքների եւ հավակնությունների առումով:
– Ծրագիրը համախմբում է տարբեր մասնագետների բազմազան խումբ՝ դպրոցների գործող ուսուցիչներից մինչեւ տնօրեններ եւ ոլորտի քաղաքականություն մշակողներ: Ինչպե՞ս է կառուցված ուսումնական ծրագիրը՝ նրանց տարբեր կարիքները բավարարելու համար, եւ կարիերայի ի՞նչ հնարավորություններ է առաջարկում:
– Ընդհանուր նպատակը կրթության ոլորտին ծառայելն է՝ դրա ամենալայն իմաստով: Թիրախային խումբը K-12 (հանրակրթական) համակարգի ուսուցիչներն են ու դպրոցի տնօրենները, ինչպես նաեւ կրթական համակարգի մակարդակով քաղաքականություն մշակողներն ու կորպորատիվ կրթական պաշտոններում գործող անհատներ: Սա 45 կրեդիտով ծրագիր է, որը լրիվ դրույքով սովորելու դեպքում տեւում է մեկուկես տարի: Քանի որ ուսանողների կարիքները շատ տարբեր են, ծրագրում ներդրված է խիստ տարբերակված ու անհատականացված մոտեցում:
Մենք ունենք մի քանի հիմնարար, հետազոտահեն դասընթացներ, սակայն ծրագրի գրեթե կեսը կազմում են կամընտրական առարկաներ, անկախ հետազոտություններ, անհատական նախագծեր, ավարտական աշխատանքներ, ինչպես նաեւ անձնական պորտֆոլիոյի ձեւավորում: Խումբը լինելու է փոքր, որպեսզի կարողանանք այս անհատականացված մոտեցումը ցուցաբերել յուրաքանչյուր մասնակցի հանդեպ:
Ծրագիրն առաջարկում է նաեւ վկայական ստանալու չորս փոխլրացնող հնարավորություն՝ «Կրթական առաջնորդություն, կառավարում եւ քաղաքականություն», «STEM առարկաների դասավանդում», «Հասարակական գիտությունների դասավանդում» եւ «Հայոց լեզու եւ գրականություն» ուղղություններով։ Վկայագրերը կարելի է ստանալ առանձին՝ մասնագիտական զարգացման նպատակով, իսկ դրանց շրջանակում կուտակված կրեդիտները հետագայում օգտագործել Կրթական գիտությունների մագիստրոսի ծրագրում։
Կարիերայի հնարավորություններն ընդարձակ են՝ դպրոցում դասավանդելուց եւ դպրոցի կառավարումից մինչեւ համակարգային մակարդակով քաղաքականության մշակում, կորպորատիվ աշխատանքներ կամ հետագա ասպիրանտական ուսում:
– Ի՞նչ հատուկ որակներ եւ հմտություններ եք ցանկանում զարգացնել ապագա կրթական առաջնորդների մեջ:
– Մենք ուզում ենք համոզված լինել, որ պատրաստում ենք այնպիսի մանկավարժներ եւ կրթական առաջնորդներ, որոնք ռեֆլեկտիվ են՝ հակված են շարունակական ինքնավերլուծության, քանի որ դասավանդումն ինքնին ռեֆլեկտիվ գործընթաց է: Մենք պետք է կարողանանք նրանց փոխանցել շարունակական ինքնակատարելագործման ու քննադատական մտածողության հմտություններ ոչ միայն որպես մանկավարժներ, այլեւ որպես անհատներ: Մենք նաեւ պետք է պատրաստենք այնպիսի մանկավարժներ, որոնք ունակ են կիրառական հետազոտություններ (անգլ.՝ action research) իրականացնել: Դրանց նպատակը սեփական մասնագիտական միջավայրում իմաստալից հարցեր բարձրացնելն է, որպեսզի արդյունքներն օգտակար լինեն սեփական աշխատանքը, դպրոցն ու միջավայրը բարելավելու հարցում:
Կարեւոր է նաեւ ապացուցահեն որոշումների կայացումը. դասարանների, դպրոցների, հաստատությունների եւ ընդհուպ մինչեւ պետական մակարդակում՝ կրթական որոշումների հիմքում պետք է լինի փաստարկված հետազոտություն:
Ես ամենեւին էլ նկատի չունեմ, որ պետք է պարզապես արտերկրից ներմուծենք գոյություն ունեցող հետազոտությունները. մենք պետք է կարողանանք հարմարեցնել դրանք տեղական համատեքստին, փորձարկումներ անել, սովորել մեր սեփական փորձից ու միայն դրանից հետո իրականացնել անհրաժեշտ փոփոխությունը:
– Դուք նաեւ նպատակ ունեք այս հետազոտական ուղղվածության միջոցով նպաստել միջազգային կրթական դիսկուրսին: Ինչպե՞ս եք դա պատկերացնում:
– Հետազոտությանը կարելի է տարբեր կերպ մոտենալ: Կա հետազոտական ուղղվածությամբ ուսուցում, որը ներառված է մեր յուրաքանչյուր դասընթացի մեջ, ինչպես օրինակ՝ կիրառական հետազոտությունը, որի մասին արդեն նշեցի: Մեկ այլ ուղղություն է կրթական հետազոտություններում ներդրում ունենալը, որը տեղի է ունենում պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների համագործակցությամբ միջազգային ամսագրերում հրապարակումների միջոցով: Սա չափազանց կարեւոր է, քանի որ եթե նայեք կրթության ոլորտի միջազգային գրականությանը, ապա հայաստանյան համատեքստը հազիվ նշմարելի է: Մենք պետք է համոզվենք, որ ներկայացված ենք միջազգային հարթակում եւ նպաստում ենք գլոբալ կրթական դիսկուրսին:
Մենք, անշուշտ, պետք է հարմարեցնենք եւ փորձարկենք համաշխարհային լավագույն փորձը, սակայն ես դա տեսնում եմ որպես երկկողմ գործընթաց: Եթե մենք հետազոտություն ենք իրականացնում հայաստանյան համատեքստի հիման վրա, ապա կան դասեր, որոնք այլոք կարող են սովորել մեզնից: Գլոբալ հարթակում ներկայացված լինել նշանակում է, որ մենք սովորում ենք բոլորից, բայց նաեւ՝ մեր ներդրումն ենք ունենում: Պետք է համոզվենք, որ մենք խոսում ենք աշխարհի հետ, այլ ոչ թե միայն լսում նրանից:
– Հայկական իրականության մեջ ուսուցչի դերը, հաճախ, ըստ արժանվույն չի գնահատվում, ինչի պատճառով այն ընկալվում է որպես պակաս ոգեշնչող կարիերային ճանապարհ: Ո՞րն է Ձեր ուղերձը՝ օգնելու երիտասարդ սերնդին դիտարկել այս ուղին եւ տեսնել դրա իրական արժեքը:
– Ձեր նշած մարտահրավերը զուտ հայաստանյան իրողություն չէ: Ուսուցչությունը մարդու կողմից իրականացվող ամենակենսական մասնագիտություններից է, քանի որ այն, ի վերջո, կերտում է բոլոր մյուս մասնագիտներին: Միեւնույն ժամանակ, այն թերագնահատված է: Ուսուցչության հեղինակության բարձրացումը միայն աշխատավարձով չէ պայմանավորված, այլ ավելի շատ նրանով, թե մենք ինչպես ենք գնահատում այս աշխատանքը:
Այն վայրերում, որտեղ ուսուցչությունը ավելի բարձր հեղինակություն ունի, հետաքրքիր ընդհանրություններ կան, որոնք ամենեւին էլ պայմանավորված չեն աշխատավարձով: Թեեւ դա կարեւոր գործոն է, բայց ամբողջը չէ: Ավելի կարեւոր է, թե մենք՝ որպես հասարակություն, ինչպիսի շեմային չափանիշներ ենք սահմանում այն հարցում, թե ով կարող է մանկավարժ դառնալ: Ինչ-որ պահի մենք հավաքական կերպով ընդունել ենք, որ ոչ բոլորը կարող են զբաղվել բժշկությամբ կամ իրավաբանությամբ, եւ կրթությանը եւս պետք է վերաբերվել նույն խստությամբ:
Սա նշանակում է հզորացնել մանկավարժներին եւ դպրոցների տնօրեններին: Կրթական հիերարխիայում ուսուցիչները սովորաբար բուրգի հիմքում են, եւ այդ հիմքը պետք է շատ ամուր լինի: Եթե մենք ուզում ենք կրթության մեջ որեւէ փոփոխություն տեսնել, ապա պետք է դա անենք ուսուցիչների հետ՝ փոխել նրանց հետ միասին, այլ ոչ թե նրանց համար: Բարեփոխումները սովորաբար հաջողում են, երբ «վերից վար» (top-down) մոտեցումները զուգորդվում են «ներքեւից վերեւ» (bottom-up) մոտեցումներով:
– Իսկ Դուք հիշու՞մ եք Ձեր առաջին ուսուցիչներին:
– Անշուշտ, հիշում եմ: Ես ունեցել եմ հրաշալի ուսուցիչներ, որոնք մեծ ազդեցություն են թողել ինձ վրա: Շատ հաճախ այդ ազդեցությունը որեւէ կապ չունի բովանդակային փորձառության կամ գիտական կոչումների հետ, եւ ավելի շատ պայմանավորված է նրանց անձնական որակներով ու փոխանցվող արժեհամակարգով: Օրինակ՝ հոգատարությունն իսկապես դասավանդման սրտում է:
– Որո՞նք են ծրագրի ընդունելության ակադեմիական պահանջները: Բացի ակադեմիականից՝ ի՞նչ անձնական հանձնառություններ պետք է ունենա դիմորդը, որպեսզի հաջողի:
– Եթե այցելեք մեր կայք, ապա կտեսնեք ակադեմիական պահանջներն ու ծրագրին դիմելու երեք վերջնաժամկետ. վաղ ընդունելություն՝ մինչեւ հունվարի 15-ը, կանոնավոր ընդունելություն՝ մինչեւ մարտի 31-ը, եւ շարունակելի (rolling) ընդունելություն՝ մինչեւ հունիսի 1-ը, եթե դեռեւս լինեն ազատ տեղեր:
Մենք ունենք նաեւ նախապատրաստական ծրագիր այն դիմորդների համար, որոնց անգլերենի մակարդակը (TOEFL-ի կամ IELTS-ի արդյունքներով) մի փոքր չի բավարարում ՀԱՀ սահմանած պահանջներին: Նախապատրաստական ծրագրում անգլերենի ուսուցումն իրականացվում է հենց կրթական ոլորտի համատեքստում: Այն դիմորդները, որոնք կարիք ունեն դրան դիմելու, պետք է դիմումները ներկայացնեն վաղ կամ կանոնավոր ընդունելության փուլերում, որպեսզի կարողանան ժամանակին սկսել ուսումը:
Ծրագրի նկատմամբ արդեն իսկ մեծ հետաքրքրություն կա: Սովորական ակադեմիական պահանջներից զատ, մենք հաշվի ենք առնելու նաեւ դիմորդների արժեհամակարգը. հարցազրույցների փուլում փորձելու ենք հասկանալ, թե դիմորդն ինչու է դիմում ծրագրին եւ ինչպիսի կարիերա է տեսնում:
Ինչ վերաբերում է անձնական հանձնառություններին, ապա նախեւառաջ, դա այն համոզմունքն է, որ կրթությունը փոփոխությունների կարեւոր ուժ է: Մարդու անձնական փիլիսոփայությունն ու դրա հիմքում ընկած արժեհամակարգը վճռորոշ են, քանի որ սա շատ դժվար մասնագիտություն է: Այն կարող է հյուծիչ լինել, եթե անձը չունի այդ փիլիսոփայությունը՝ որպես խարիսխ: Հմտություններն ու կարողությունները կարող են ձեռք բերվել ժամանակի ընթացքում, սակայն արդյունավետ ուսուցիչ լինելու համար դա բավարար չէ: Փոփոխություններ բերելու ցանկություն է պետք: Պարտադիր չէ, որ դրանք լինեն աշխարհի մակարդակով. թեկուզ մեկ երեխայի կյանքում դրական հետք թողնելն արդեն իսկ շատ կարեւոր դեր է ու նշանակալի փոփոխություն:
– Դոկտո´ր Եագուպեան, Դուք անցել եք ակադեմիական առաջնորդության հարուստ ուղի, որը սկսվել է դպրոցում ուսուցիչ լինելուց: Ո՞րն է այս ծրագրի Ձեր տեսլականը, եւ ի՞նչն է առաջ մղում Ձեր անձնական ներգրավվածությունը որպես «Կրթական գիտությունների մագիստրոս» ծրագրի հիմնադիր ղեկավար:
– Ճիշտ եք, ակադեմիական ոլորտ գալուց առաջ ես տարիներ շարունակ աշխատել եմ որպես դպրոցի ուսուցիչ: Այս ծրագրին իմ նվիրումը բխում է հենց այդ անձնական ճանապարհից՝ դպրոցի ուսուցչից մինչեւ գիտական կրթության, ուսուցիչների պատրաստման, հետազոտությունների եւ համալսարանի կառավարման ոլորտում աշխատանք: Այս փորձառություններն ամրապնդել են իմ համոզմունքն առ այն, որ կրթությունն այն ամենահզոր ուժերից է, որը ձեւավորում է անհատներին, համայնքներն ու հասարակությունները:
Իմ տեսլականն է կառուցել այնպիսի ինստիտուտ, որն իմաստալից ներդրում կունենա Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս կրթության վերափոխման գործում: «Կրթական գիտությունների մագիստրոս»-ը պարզապես հերթական ակադեմիական աստիճան չէ. այն հիմք է հետազոտության, կրթական պրակտիկայի եւ հանրային ներգրավվածության շուրջ ամուր համայնք ձեւավորելու համար:
Իմ հետազոտությունների եւ գիտական աշխատանքների միջոցով ես հանձնառու եմ նպաստել քննադատական մտածողության, գիտական գրագիտության, ժողովրդավարության համար կրթության, սոցիալական արդարության եւ ակտիվ քաղաքացիների պատրաստման գործին: Ցանկանում եմ, որ այս սկզբունքները ձեւավորեն ծրագրի ակադեմիական ինքնությունը:
Որպես հիմնադիր ղեկավար՝ իմ առաջնահերթությունն է ստեղծել այնպիսի ծրագիր, որը կբնութագրվի ակադեմիական գերազանցությամբ, հետազոտական ներգրավվածությամբ եւ դպրոցների հետ ամուր գործընկերությամբ:
Նույնքան կարեւոր է հայ մանկավարժներին եւ հետազոտողներին միջազգային գիտական շրջանակների հետ կապելը: Ցանկանում եմ ապահովել գիտելիքի ու փորձի փոխադարձ հոսքը՝ գլոբալ գործընկերությունն ու նորարարությունը երկխոսության մեջ դնելով Հայաստանի կրթական առաջնահերթությունների հետ՝ միաժամանակ երաշխավորելով, որ Հայաստանի փորձը դառնա համաշխարհային կրթական խոսույթի ճանաչված մաս:
Դոկտոր Յակոբ Եագուպեանի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Leave a Reply