«Փաստ» օրաթերթը գրում է.
dw.com-ը «Վադեֆուլի այցը Բաքու և Երևան. ազդանշան Մոսկվային և խաղաղության երաշխիքներ» վերնագրով հոդվածում գրում է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Վադեֆուլի համար Հարավային Կովկաս նրա առաջին շրջագայությունը, որի ընթացքում նա այցելեց Բաքու, ապա Երևան, նկատելի և շատ ողջունելի փոփոխություն է: «Սա խաղաղությանը նվիրված ուղևորություն էր, որը նախատեսված էր երկու պետությունների միջև հավասարակշռությունն ու հաշտեցումը ամրապնդելուն և պահպանելուն», այդպես է իր առաքելությունը ամփոփել նա dw.com-ին տված հարցազրույցում։
Լեռնային Ղարաբաղի շուրջ զինված պայքարն ավարտվել է երեք տարի առաջ։ Ադրբեջանը երկու պատերազմում՝ 2020 և 2023 թվականներին, այդ տարածքի նկատմամբ վերահսկողություն է հաստատել, որը կորցրել էր ավելի քան երկու տասնամյակ առաջ։ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը լքել է տարածաշրջանը։ Սակայն հիմա Ադրբեջանն ու Հայաստանը, որոնք տասնամյակներ շարունակ հակասություններ ունեին, ավարտում են խաղաղության պայմանագրի տեքստի ընդունումը։ ԱՄՆ–ը գնալով ավելի կարևոր դեր է խաղում այդ գործընթացում։ 2025 թվականի օգոստոսին Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ նախաստորագրել են խաղաղության հռչակագիր։ Վադեֆուլը այդ իրադարձությունը անվանել է «բեկումնային»։
Այնուամենայնիվ, խաղաղության պայմանագրի ստորագրման և ապագա վավերացման գործընթացն այնքան էլ սահուն չի ընթանում։ Հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանը պնդում է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված անուղղակի հղումները վերացնելու համար: Փաշինյանը մտադիր է դա կատարել, սակայն այն, թե ինչպե՞ս է դա իրականանալու, դեռևս պարզ չէ: Փաշինյանը չունի անհրաժեշտ խորհրդարանական մեծամասնություն: Այնուամենայնիվ, Գերմանիայի արտաքին գործերի նախարարը լավատես է. «Մենք կարող ենք վստահորեն հույս դնել այդ խաղաղության պայմանագրի կնքման վրա, քանի որ երկու կողմից էլ կա դա անելու պատրաստակամություն»:
Յոհան Վադեֆուլի այցի ընթացքում երկրորդ կարևոր թեման եղել է էներգետիկան: Ռեսուրսներով հարուստ Ադրբեջանը նավթ և գազ է մատակարարում տասը եվրոպական երկրի, իսկ վերջերս՝ նաև Գերմանիային: Չնայած ծավալները մնում են համեմատաբար փոքր, բայց ապագայում դրանք կարող են աճել: Բեռլինը ձգտում է ավելի դիվերսիֆիկացնել իր էներգակիրների ներմուծման աղբյուրները, մասնավորապես Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի լույսի ներքո: Արդյունքում իր այցի ընթացքում Գերմանիայի արտաքին գործերի նախարարը բազմիցս է Ադրբեջանին անվանել «հուսալի գործընկեր»:
Վադեֆուլը նաև քննարկել է տնտեսական մի նախագիծ, որը, նրա կարծիքով, նաև կնպաստի տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը: Այդ նախագիծը 43 կիլոմետր երկարությամբ տրանսպորտային միջանցք է, որը նախատեսված է Ադրբեջանի հիմնական մասը կապելու Նախիջևանի էքսկլավի հետ, որը ցամաքային սահման ունի Թուրքիայի հետ: Նախագիծն ինքնին արդեն իսկ գոյություն ունի, բայց ԱՄՆ-ը ձգտում է հատկապես կարևոր դեր խաղալ դրա իրականացման գործում: Հետևաբար, ապագա երթուղին անվանվել է TRIPP: Դա հիմնականում վերաբերում է ճանապարհներին և երկաթուղիներին, որոնք կարդիականացվեն կամ կվերակառուցվեն: Դրանք, ի վերջո, կարող են դառնալ «Միջին միջանցք» անունով հայտնի ավելի մեծ տրանսպորտային նախագծի մի մասը: Ակնկալվում է, որ այդ նախագծի միջոցով Հայաստանն ու Ադրբեջանը կամրապնդեն իրենց դերակատարությունը՝ որպես Ասիայի և Եվրոպայի միջև տարանցիկ երկրներ: Նաև այդ երթուղին շրջանցում է Ռուսաստանը, ինչը զայրացնում է Մոսկվային: Սակայն Ռուսաստանը շարունակում է մնալ այդ գործընթացի կարևոր մասնակից, քանի որ հայկական երկաթուղին երկարաժամկետ կոնցեսիոն պայմանագրով կառավարվում է «Ռուսական երկաթուղիների» կողմից: Առանց Մոսկվայի համաձայնության նոր երկաթուղային գծերի կառուցումը քիչ հավանական է: Երևանը ձգտում է փոփոխել այդ համաձայնագրի պայմանները կամ ներգրավել մեկ այլ երկիր նախագծում, ընդ որում՝ մասնավորաբար Ղազախստանն է հիշատակվում որպես հնարավոր գործընկեր: Սակայն Մոսկվան կասկածանքով է մոտենում նման ծրագրերին և, ըստ երևույթին, հետաքրքրված չէ իր ազդեցության հետագա նվազեցմամբ։ Ռուսաստանը ճնշում է գործադրում Հայաստանի վրա։ Հենց այդ համատեքստում էլ Վադեֆուլն իր այցի ընթացքում հիմնականում բարձրացրել է Ռուսաստանի թեման։ Դա հիմնականում վերաբերում է Հայաստանին, որը տասնամյակներ շարունակ մեծապես կախված է եղել Մոսկվայից, դեռևս կա ռուսական ռազմաբազա Հայաստանում։ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ դրա անհրաժեշտությունը այլևս չկա, երկիրը աստիճանաբար հեռանում է Ռուսաստանից՝ միաժամանակ բռնելով Եվրամիության հետ մերձեցման ուղի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Հայաստանին հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ–ում մնալու վերաբերյալ, բայց Փաշինյանն անտեսում է այդ կոչերը և, ըստ երևույթին, նախընտրում է ժամանակ ձգել։ Այնուամենայնիվ, ըստ տեղեկությունների, նա մինչև տարեվերջ նախատեսում է երեք այց կատարել Ռուսաստան։ Գազի մատակարարումները, հավանաբար, կլինեն այդ ապագա հանդիպումների թեմաներից մեկը։ Հայաստանը գազի իր կարիքների առյուծի բաժինը հոգում է Ռուսաստանից գազ ներմուծելով և վախենում է, որ Մոսկվան կարող է այդ կախվածությունն օգտագործել որպես ճնշման գործիք։ Այս հարցում Ադրբեջանն ունի ավելի մեծ ինքնավարություն։ Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունները վերջերս լարված են եղել ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռի կործանումից հետո։
Իր այցի ընթացքում Գերմանիայի արտաքին գործերի նախարարը զգուշացրել է այն վտանգի մասին, որ Ուկրաինայի դեմ պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը կփորձի վերականգնել իր թուլացած ազդեցությունը Հարավային Կովկասում։ Նախարարի խոսքով, իրենք շահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը «կրկին չափազանց ուժեղ չդառնա» Հարավային Կովկասում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Leave a Reply