Փաշինյանը հիմնավորել է «նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը»

Written by

in

«Այսօր էլ մեր երկրում հաստատված իրավակարգը բխում է գործող Սահմանադրությունից, բայց դրանով քաղաքացու եւ երկրում հաստատված իրավակարգի միջեւ օրգանական կապ հաստատված չէ այն պարզ պատճառով, որ բոլոր նախորդ սահմանադրությունները քաղաքացու ազատ կամարտահայտմամբ չեն ընդունվել, այդ հանրաքվեների արդյունքները կեղծվել են։
Մենք՝ ՀՀ ժողովուրդը, հանուն մեր պետականության հարատեւության ու զարգացման, առաջնորդվելով մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ եւ այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությամբ, ընդունում ենք Հայաստանի Սահմանադրությունը»,- ուղիղ եթերում հայ ժողովրդին ուղղված ուղերձում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա հավաստիացրել է, որ Սահմանադրության փոփոխությունը չի արվում արտաքին աշխարհի ճնշմամբ.
«Երբեք ու երբեք չտրվեք գայթակղությանը՝ մտածելու, թե մենք սա անում ենք արտաքին ճնշումների կամ ուրիշի համար: Մենք սա անում ենք մեր պետության հարատեւության տեսլականին կյանք տալու եւ ՀՀ-ն այնպես դիրքավորելու համար, որ հաղթահարի ֆորպոստի տրամաբանությունը, մեր նպատակը ՀՀ-ն հողափոր խրամատից խաղաղության խաչմերուկ դարձնելն է:
Նոր Սահմանադրության ընդունումից հետո մենք ոչ միայն ստորագրելու ենք խաղաղության համաձայնագիրը, այլեւ՝ ունենալու ենք տեւական ու անշրջելի խաղաղություն: Մենք ունենալու ենք խաղաղություն, անկախություն եւ պետություն, որը նոր իրավիճակ է հայ ժողովրդի համար:
Ղարաբաղյան հակամարտությունը մեզ հասցրեց պետականության կորստի եզրին, բայց այսօր մեր նահատակների զոհողությունների, ձեր տառապանքների ու զրկանքների գնով եկել, հասել ենք մի կետի, որ ունենք եւ՛ խաղաղություն, եւ՛ պետություն ունենալու հնարավորություն»,- ասել է նա:
Նա եւս մեկ անգամ կրկնել է, որ, եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ինքը հրաժարական կտա եւ կհեռանա վարչապետի պաշտոնից, իսկ եթե կողմ քվեարկի, «հաջորդ ընտրություններում՝ հերթական կամ արտահերթ, չեմ առաջադրվի որպես վարչապետի թեկնածու»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *