«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել

Written by

in

«Պալաչ» մականունով հայտնի գործարար Արթուր Հարությունյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) է ներկայացրել հայտարարագիր, որում գույք, դրամական միջոցներ և եկամուտներ չի հայտարարագրել։ 51-ամյա Հարությունյանի ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ նա չի աշխատում և բնակվում է Աբովյան քաղաքում։ Հայտարարագրում նշված չեն անշարժ կամ շարժական գույք, թանկարժեք իրեր, դրամական միջոցներ կամ եկամուտներ։   Հիշեցնենք՝ դեկտեմբերի 13-ին Աբովյան համայնքում կայանալիք ավագանու ընտրություններին մասնակցելու է չորս քաղաքական ուժ՝ «Գործարար», «Քաղաքացիական պայմանագիր», «Քրիստոնեա-ժողովրդավարական» և «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները։ Արթուր Հարությունյանը գլխավորում է «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության ընտրական ցուցակը։ Աբովյանի ավագանու ընտրություններին մասնակցելու մտադրության մասին Հարությունյանը հայտարարել էր հոկտեմբերի 2-ին՝ իր համակիրների հետ հանդիպման ժամանակ։ Նա նախկինում ևս հավակնել է Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնին։ 2015 թվականին մասնակցել է համայնքապետի ընտրություններին, սակայն պարտվել է։ Արթուր Հարությունյանը գործարար Գագիկ Ծառուկյանի սանիկն է։ Նախկինում նա եղել է Ծառուկյանի մերձավոր շրջապատից, սակայն հետագայում նրանց հարաբերություններում սուր հակասություններ են առաջացել։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *