Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում

Written by

in

«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս մեծ աղմուկ բարձրացրեց տեղեկությունը, որ «Ֆիզիկա» առարկայի կամավոր ատեստավորման մասնակիցների շուրջ 68 %-ը չի հաղթահարել նվազագույն՝ 60 %-ի շեմը: Ուսուցիչները չափազանց դժգոհ են, նրանք նշում են, որ թեստերը չեն համապատասխանել ուղեցույցին, առաջադրանքները եղել են չափազանց բարդ ու ժամանակատար։

Ընդ որում, կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպումից դժգոհ են ոչ միայն ֆիզիկոսները. այլ առարկաների մասնագետները ևս շատ մեծ դժգոհություն ունեն: Ավելին, կա տեսակետ, թե ամեն ինչ արվում է, որ հնարավորինս քիչ ուսուցիչ ատեստավորվի, որպեսզի մեծ մասը բարձր աշխատավարձ չստանա: Այնինչ, առանց այդ էլ գնալով ավելի քիչ են ձգտում մասնագետները աշխատել դպրոցներում: Պատահական չէ, որ, ըստ բաց աղբյուրների, մասնավորաբար Կրթության կառավարման տեղեկատվական հարթակում հրապարակված տվյալների, Հայաստանի դպրոցներում երեկվա դրությամբ առկա էր 918 թափուր հաստիք, որից 734-ը՝ ուսուցչական, 106-ը՝ ոչ ուսուցչական, 78-ը՝ վարչատնտեսական:

Ուսուցչական հաստիքներից 562-ը թափուր է մարզերում, 172-ը՝ Երևանում: Մարզերից այս առումով «առաջատարներն» են Արարատը (100 ուսուցչական թափուր հաստիք), Կոտայքը (85), Արմավիրը (84), Լոռին (60): Ինչ վերաբերում է առարկաներին, ապա բոլորից շատ թափուր հաստիքներ կան բնագիտական առարկաների առումով. Մաթեմատիկա՝ 51, Երկրաչափություն՝ 34, Հանրահաշիվ՝ 34, Ֆիզիկա՝ 23: Կա նաև ֆիզկուլտուրայի 41 ուսուցչի կարիք: Թափուր տեղեր կան նաև այլ առարկաների համար. Հայաստանի պատմություն՝ 34, Ռուսաց լեզու՝ 27, Հայոց լեզու՝ 26, ՀԶՊ՝ 23, Անգլերեն՝ 21, Գրականություն՝ 18 (առանձին տողով կա նաև Հայ գրականություն՝ 13), Աշխարհագրություն՝ 13 և այլն, և այդպես շարունակ:

դիտվել է 10 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *