Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանի են արժանացել «Շողակաթ» հեռուստաստուդիայի տնօրեն Մանյա Ղազարյանը, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ Վազգենյան հոգեւոր դպրանոցի վաստակաշատ դասախոսներ Ալվարդ Բարխուդարյանը եւ Արփենիկ Ղազարոսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գլխավոր ճարտարապետի տեղակալ տիար Գրիգոր Նալբանդյանը, իսկ «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան է շնորհվել Մայր Աթոռի մոմաձուլարանի տնօրեն տիար Նորայր Խաչատրյանին՝ ի գնահատություն Հայ Եկեղեցուն մատուցած երկարամյա եւ նվիրյալ ծառայությունների:
Ալվարդ Բարխուդարյանին շնորհված կոնդակում ասված է.
«Դուք տասնյակ տարիներ Ձեր գիտելիքներն ու կարողությունները անմնացորդ սիրով ի սպաս եք բերել մեր երկրում նոր սերնդի կրթության առաքելությանը։
Այսօր առիթ ունենք գոհունակությամբ անդրադառնալու, որ Մեր հրավերին ընդառաջ Դուք մանկավարժական երկարամյա արդյունավոր աշխատանք իրականացրեցիք նաեւ Վազգենյան դպրանոցում եւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանում՝ մեր սաներին փոխանցելով հին հունարենի Ձեր գիտելիքները՝ սիրով ու նախանձախնդրությամբ բարի ավանդ բերելով հոգեւորականների պատրաստության կարեւոր գործին»։
Մեդիամաքսը նշում է, որ Ալվարդ Բարխուդարյանը 1990-ականներին զբաղվել է լրագրությամբ, Արցախյան առաջին պատերազմի նվիրյալ վավերագիրներից է:
Leave a Reply