Ինքնավարության ներքին ճգնաժամի խորապատկերում՝ տարածաշրջանային ուժերի մրցակցությունն ու Հայաստանի ռազմավարական մարտահրավերները։
Մերձավոր Արևելքում 2026 թվականին ձևավորված աշխարհաքաղաքական իրողությունները վկայում են, որ տարածաշրջանային հակամարտությունները թևակոխել են մի փուլ, որտեղ առանձին վարչատարածքային միավորներում ծավալվող գործընթացներն այլևս հնարավոր չէ դիտարկել որպես տեղային կամ ներքին խնդիրներ։ Էներգետիկ ենթակառուցվածքների խոցելիությունը, հաղորդակցային ուղիների վերադասավորումը և արտաքին ուժերի միջնորդավորված բախումները արմատապես վերափոխել են Մերձավոր Արևելքի անվտանգության ճարտարապետությունը՝ ստեղծելով ճգնաժամերի փոխկապակցված շղթա։
Այս խորապատկերում առանձնահատուկ նշանակություն է ստանում Իրաքյան Քրդստանում խորացող համակարգային ճգնաժամը։ Դրանում միահյուսվում են ներքին կառուցակարգային փակուղին, Բաղդադի հետ սահմանադրական ու տնտեսական առճակատումը և տարածաշրջանի գլխավոր դերակատարների՝ Իրանի, Թուրքիայի ու Իսրայելի ռազմավարական շահերի բախումը։ Ստեղծված իրավիճակը հերթական քաղաքական լարվածություն չէ, այլ կառուցվածքային շրջադարձ․ արտաքին անվտանգային երաշխիքների նահանջն ու ներքին էլիտաների պառակտումը ինքնավար միավորը կանգնեցրել են գոյաբանական ճգնաժամի առջև։
Այս գործընթացի երկրորդային և համակարգային հետևանքները, ուժային հավասարակշռության փոփոխության պայմաններում, անդրադառնում են նաև Հարավային Կովկասի և Հայաստանի անվտանգային միջավայրի վրա՝ առնչվելով Իրանի ռազմավարական ռեսուրսների բաշխմանը, Թուրքիայի տարածաշրջանային կշռի աճին և հաղորդակցային ուղիների վերաձևմանը։
Ներքին կառուցակարգային կազմաքանդում և սոցիալ-տնտեսական շրջափակում
Իրաքյան Քրդստանի ներկայիս խոցելիության առաջնային աղբյուրը ներքին քաղաքական համակարգի խորը պառակտումն է, որի արմատները ձգվում են մինչև անցյալ դարի 60-ական թվականները։ Քրդստանի դեմոկրատական կուսակցության (KDP) և Քրդստանի հայրենասիրական միության (PUK) միջև առկա հակասությունները երբեք չեն սահմանափակվել զուտ կուսակցական մրցակցությամբ. դրանք արտացոլում են աշիրեթային, աշխարհագրական, գաղափարախոսական և արտաքին կողմնորոշումների խորը տարբերություններ։
Եթե Էրբիլի և Դահուկի վրա հենվող KDP-ն պատմականորեն ձևավորվել է որպես ավանդական կառույցների և Բարզանի ընտանիքի առաջնորդության շուրջ համախմբված ուժ՝ ավանդաբար կողմնորոշվելով դեպի Անկարա և արևմտյան մայրաքաղաքներ, ապա Սուլեյմանիան ներկայացնող PUK-ը հենվել է քաղաքային ու մտավորական շրջանակների վրա՝ մշտապես պահպանելով սերտ կապեր Թեհրանի հետ։
1991 թվականի Պարսից ծոցի պատերազմում Սադամ Հուսեյնի պարտությունից և արևմտյան կոալիցիայի կողմից Հյուսիսային Իրաքում «ոչ թռիչքային գոտու» հաստատումից հետո Բաղդադը դուրս բերեց իր զորքերն ու վարչակազմը երկրամասից՝ հիմք ստեղծելով փաստացի ինքնավարության ձևավորման համար։ Առաջացած կառավարման վակուումը լրացնելու նպատակով 1992 թվականի մայիսին Իրաքյան Քրդստանում անցկացվեցին պատմության մեջ առաջին խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում ձևավորվեցին քրդական խորհրդարանն ու տարածաշրջանային կառավարությունը։
Սակայն իշխանության և Թուրքիայի հետ սահմանային մաքսային եկամուտների բաժանման շուրջ ծագած վեճը 1994–1997 թվականներին վերաճեց արյունալի քաղաքացիական պատերազմի՝ անմիջականորեն ներքաշելով տարածաշրջանային ու հարևան ուժերին՝ Թուրքիային, Իրանին, Սիրիային, ինչպես նաև Սադամ Հուսեյնի կենտրոնական բանակին։
1998 թվականին ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված Վաշինգտոնյան համաձայնագիրը թեև դադարեցրեց ռազմական բախումները, սակայն ոչ թե միավորեց երկրամասը, այլ ամրագրեց փաստացի երկիշխանությունը՝ տարածաշրջանը բաժանելով երկու ազդեցության գոտիների։ Արդյունքում՝ չնայած միասնական խորհրդարանի և կառավարության ձևական գոյությանը, իրական իշխանությունը, բյուջետային հոսքերը, զինված ուժերը («Փեշմերգա») և անվտանգության ծառայությունները մնացին կուսակցական վերահսկողության ներքո։ Ինքնավարությունն այդպես էլ չկարողացավ ստեղծել վերկուսակցական պետական կառուցակարգեր՝ մնալով երկու քաղաքական-աշիրեթային կենտրոնների միջև կնքված փխրուն գործարքի մակարդակում։
2026 թվականի աշնանը այդ պատմական խզումը դրսևորվեց նոր սրությամբ՝ վերածվելով կառուցակարգային խորը ճգնաժամի։ Նոր կառավարություն ձևավորելու՝ ավելի քան մեկուկես տարի տևած անհաջող փորձերից և խորհրդարանի երկամյա անգործությունից հետո նոյեմբերի 4-ին խորհրդարանական մեծամասնությունն առանց PUK-ի մասնակցության անցկացրեց նախագահության ընտրությունը՝ վերջնականապես խաթարելով ներքին փխրուն հավասարակշռությունը։ PUK-ի կողմից նիստերի բոյկոտը, կառավարությունից դուրս գալու քայլերը և կուսակցության առաջնորդ Բաֆել Թալաբանիի՝ Սուլեյմանիայում առանձին վարչակազմ ձևավորելու վերաբերյալ հայտարարությունները ինքնավարությունը կանգնեցրել են վարչատարածքային մասնատման եզրին։
Համակարգային առումով առավել խնդրահարույց է այն, որ ներքին հակասությունների լուծման համար կողմերը դիմում են Բաղդադի դաշնային դատարան։ Այդ գործելաոճը փաստացի լեգիտիմացնում է կենտրոնական իշխանության արբիտրաժն ու միջամտությունը Իրաքյան Քրդստանի ներքին գործերին՝ ներսից թուլացնելով ինքնավարության քաղաքական սուբյեկտայնությունը։
Այս քաղաքական փակուղին խորանում է Բաղդադի կողմից իրականացվող հետևողական տնտեսական և իրավական ճնշումների պայմաններում, որոնք միտված են Էրբիլին զրկելու ֆինանսական ինքնուրույնությունից։ Դաշնային բյուջեից հասանելիք մասնաբաժինը փոխանցելու դիմաց Բաղդադը պահանջում է, որ Էրբիլը օրական 400–450 հազար բարել նավթ արտահանի բացառապես կենտրոնական կառավարության վերահսկողությամբ, ինչը, սակայն, բախվում է տեխնիկական և իրավական լուրջ խոչընդոտների։
Արդյունքում՝ դաշնային փոխանցումների պարբերական խափանումների պատճառով պետական ծառայողների, այդ թվում՝ տեղական եկամուտներից վարձատրվող շուրջ 57 հազար պայմանագրային աշխատողների աշխատավարձերը ամիսներով չեն վճարվում։ Իրավիճակն ավելի է սրվել ձմռան շեմին, երբ Բաղդադը Իրաքյան Քրդստանին տրամադրել է ջեռուցման համար կենսական նշանակություն ունեցող կերոսինի պահանջարկի ընդամենը 14 տոկոսը։ Աշխատավարձերի ուշացումների և էներգետիկ ռեսուրսների սուր պակասի այս համադրությունը կաթվածահար է արել տեղական տնտեսությունը՝ ձևավորելով սոցիալական դժգոհության պայթյունավտանգ միջավայր։
Այս խորապատկերում ակնհայտ է դառնում, որ արտաքին ռազմական ու աշխարհաքաղաքական ցնցումների առջև Իրաքյան Քրդստանը կանգնած է ոչ թե որպես միասնական համակարգ, այլ որպես ներքին հակասություններով ու սոցիալական ճգնաժամով թուլացած միավոր, որի ներքին դիմադրողականությունը գրեթե սպառված է։
Իրանական գործոնը քրդական ճգնաժամում. Թեհրանի մարտահրավերները, հնարավորություններն ու գործիքակազմը
Իրաքյան Քրդստանում խորացող համակարգային ճգնաժամը Թեհրանի համար ստեղծել է երկակի իրավիճակ՝ մի կողմից սրելով անվտանգային մարտահրավերները, մյուս կողմից՝ բացելով տարածաշրջանային ազդեցության վերաբաշխման նոր հնարավորություններ։ Իրանի ղեկավարությունը այս գործընթացները դիտարկում է 2026 թվականի փետրվարին բռնկված Իրան-ԱՄՆ/Իսրայել ռազմական առճակատման ծորապատկերում, որի ընթացքում ռազմական գործողությունների տրամաբանությունը դուրս է եկել դասական ճակատների սահմաններից և տարածվել էներգետիկ ու լոգիստիկ ենթակառուցվածքների վրա։
Ի՞նչ մարտահրավերներ է տեսնում Թեհրանը ստեղծված իրավիճակում։ Առաջին հերթին՝ Իրանի արևմտյան սահմանների երկայնքով անվտանգային ռիսկերի կտրուկ աճը։ Իրաքյան Քրդստանի ներքին կառավարչական փակուղին և անվտանգային համակարգի թուլացումը Թեհրանում ընկալվում են որպես կառավարման վակուումի առաջացման նախադրյալներ, որոնք կարող են նպաստել հակաիրանական ուժերի ակտիվացմանը։
Խոսքը վերաբերում է Իրաքյան Քրդստանում ապաստանած իրանական քրդական զինված և քաղաքական կազմակերպություններին՝ Իրանական Քրդստանի դեմոկրատական կուսակցությանը (KDPI), Քրդստանի ազատ կյանքի կուսակցությանը (PJAK), Քրդստանի ազատության կուսակցությանը (PAK), Իրանական Քրդստանի աշխատավորների հեղափոխական կազմակերպությանը (KOMALA) և Իրանական Քրդստանի պայքարի կազմակերպությանը (KHATAB)։
2026 թվականի փետրվարին այդ ուժերի կողմից միացյալ կոալիցիայի ձևավորումն ու ԱՄՆ-ի և Իսրայելի հետ համագործակցության խորացումը Թեհրանին ստիպում են մտավախություն ունենալ, որ Էրբիլի վերահսկողության թուլացման պայմաններում այդ խմբավորումները կարող են օգտագործվել Իրանի արևմտյան շրջաններում ներքին ապակայունացում հրահրելու նպատակով։ Բացի այդ, Թեհրանի համար լուրջ մարտահրավեր է տնտեսական շրջափակման և էներգետիկ սուր ճգնաժամի հետևանքով Էրբիլի՝ Թուրքիայի էներգետիկ ու տնտեսական համակարգին է՛լ ավելի սերտորեն ինտեգրվելու հեռանկարը, ինչը կուժեղացնի Անկարայի դիրքերը Իրանի անմիջական հարևանությամբ։
Միևնույն ժամանակ, ի՞նչ հնարավորություններ է բացում այս ճգնաժամը Իրանի համար։ Թեհրանը հստակ արձանագրում է, որ 2026 թվականի սեպտեմբերին ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերի դուրսբերումը, KDP–PUK սուր պառակտումը և Բաղդադ–Էրբիլ հարաբերությունների ծայրահեղ սրումը կտրուկ նվազեցրել են Իրաքյան Քրդստանի ինքնուրույն դիմադրողականությունը։ Այս խորապատկերում Իրանի համար ստեղծվել է պատեհ առիթ՝ վերջնականապես չեզոքացնելու Հյուսիսային Իրաքի՝ որպես հակաիրանական ռազմական ու հետախուզական հարթակի գործառույթը, ինչպես նաև ամրապնդելու իր աշխարհաքաղաքական ազդեցությունը ինքնավարության արևելյան հատվածում՝ Սուլեյմանիայի գոտում։
Այս մարտահրավերների և հնարավորությունների համադրությամբ՝ առաջիկայում Թեհրանի հնարավոր արձագանքն ու քայլերը կարող են դրսևորվել չորս փոխկապակցված ուղղություններով․
Առաջին՝ ասիմետրիկ և էներգետիկ զսպման շարունակականություն։ 2026 թվականի նոյեմբերի 8-ին Խոր Մորի (Khor Mor) գազային հանքավայրին հասցված հարվածը, որը ինքնավարության ավելի քան 70 տոկոսին զրկեց էլեկտրաէներգիայից, ցույց տվեց, որ պաշտպանական վակուումի պայմաններում Քրդստանի տնտեսական ողնաշարը խիստ խոցելի է։ Թեհրանն ու իրանամետ իրաքյան խմբավորումները կարող են պահպանել էներգետիկ և լոգիստիկ ենթակառուցվածքների նկատմամբ միջնորդավորված հարվածների սպառնալիքը՝ որպես զսպման գործիք՝ ստիպելով Էրբիլին հրաժարվել Արևմուտքի և Իսրայելի հետ անվտանգային որևէ համագործակցությունից։
Երկրորդ՝ ներքին խզումներ կապիտալիզացիա և Սուլեյմանիայի ուղղության խորացում։ Օգտվելով KDP–PUK հակամարտությունից և Բաֆել Թալաբանիի՝ առանձին վարչակազմ ձևավորելու սպառնալիքներից՝ Իրանը կձգտի է՛լ ավելի սերտացնել քաղաքական, տնտեսական և անվտանգային կապերը PUK-ի հետ։ Դրանով Թեհրանը հնարավորություն կստանա Սուլեյմանիան վերածել իր վերահսկողության տակ գտնվող բուֆերային գոտու և կանխել ամբողջ Իրաքյան Քրդստանի անցումը Թուրքիայի միասնական ազդեցության ներքո։
Երրորդ՝ համակարգային ճնշում Բաղդադի միջոցով։ Այն պայմաններում, երբ Էրբիլը ֆինանսապես և իրավապես կախված է դաշնային կառավարությունից, Թեհրանը Բաղդադի նկատմամբ ունեցած իր ազդեցության լծակները (այդ թվում՝ Իրաքին գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման գործոնը) կօգտագործի՝ կենտրոնական իշխանությունից պահանջելով լիարժեքորեն կատարել 2023 թվականի իրանա-իրաքյան անվտանգային համաձայնագիրը, այդ թվում՝ ապահովել իրանական քրդական ընդդիմադիր կազմակերպությունների ամբողջական զինաթափումն ու սահմանային գոտուց հեռացումը։
Չորրորդ՝ տնտեսական և էներգետիկ կախվածության ամրապնդում։ Խոր Մորի խափանումից և Բաղդադի կողմից կերոսինի մատակարարումների կրճատումից հետո առաջացած սուր դեֆիցիտի պայմաններում Թեհրանը կարող է առաջարկել սեփական էներգակիրների և ապրանքների մատակարարման ծավալների ընդլայնում՝ դրանով իսկ հակակշռելով թուրքական էներգետիկ առաջարկներին և պահպանելով իր տնտեսական ներկայությունը տարածաշրջանում։
Շարունակելի․․․
Արամ Շահնազարյան
Քաղաքական վերլուծաբան-Իրանի հարցերով փորձագետ
Leave a Reply