Այսօր ՆԳՆ-ն պարզաբանել է, թե ինչու է Ղարաբաղից տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կենսաչափական նոր փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում Ադրբեջան։
«Ինչպես բազմիցս պարզաբանել ենք, հարկ ենք համարում ևս մեկ անգամ պարզաբանել, որ անձը հաստատող փաստաթղթերում տվյալների ամրագրումը կատարվում է միջազգային ստանդարտին համապատասխան։ Մեքենաընթերցվող անձը հաստատող/ճամփորդական փաստաթղթերի թողարկման ոլորտը կարգավորվում է ICAO (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) 9303 ստանդարտով, որում նշվում է, որ ծննդյան վայրը նշելու դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով։ Վերջինս, ըստ պետությունների, ամրագրում է այն աշխարհագրական միավորները, որոնց վերաբերյալ նշումն ընդունելի է անձնագրում։ Տարբեր երկրների սահմանային վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից հին նմուշի կապույտ անձնագրերում առկա նշումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր են ստացվել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։ Նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ սահմանվել է միասնական մոտեցում՝ ISO 3166 ստանդարտն ապահովելու և սահմանային կետերում խնդիրները բացառելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
MediaHub-ի տեղեկություններով՝ կապ չունի, թե ինչ է նշված եղել ԼՂ-ից տեղահանվածների ծննդականներում՝ Մարտակերտ, Մարտունի, Ստեփանակերտ քաղաքներ, թե այլն, նոր անձնագրերում նշվելու է Ադրբեջան։
MediaHub-ին դիմել են բազմաթիվ արցախցիներ և իրենց դժգոհությունն են հայտնել, թե ինչու է նշվում Ադրբեջան, քանի որ կուզենային ընտրելու հնարավորություն լիներ՝ նշել Հայաստան։
Արցախցիներից մեկը, ով դիմել է MediaHub-ին, պատմել է, որ օրերս գնացել է նոր կենսաչափական անձնագիր ստանալու համար դիմելու. իրեն ասել են, որ պետք է դիմում գրի և ընտրի՝ ծննդավայրը նշվի Ադրբեջան, թե՞ Հայաստան։ Մեր զրուցակիցն ասել է, որ նախընտրում է Հայաստանը, ապա դիմումը գրել է, որտեղ նշված է եղել, որ նա ցանկանում է ծննդավայրը նշվի Հայաստան։ Ավելի ուշ մեր արցախցի զրուցակցին զանգել են և ասել, որ թյուրիմացություն է եղել, ու պետք է նորից գա՝ դիմումը ստորագրելու։ Նա եկել է և նկատել, որ դիմումը նույնն է, բայց առանց այն տողի, որով իր ծննդավայրը նշվելու էր Հայաստան։
Հետևեք մեզ՝ այստեղ
Leave a Reply