Հայաստանում խնդիրը գոյաբանական է, ոչ թե դասական քաղաքական․ Հակոբ Բադալյան

Written by

in

«Հայաստանում ձեւավորված է մի շերտ, որն իր համար ընտրել է հետեւյալ բանաձեւը՝ բանի պետք չեն թե իշխանությունը, թե ընդդիմությունը, ու երկուսն էլ պետք է փոխվեն»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը․

«Ես ընտրական շրջանում առիթ ունեցա անդրադառնալ համանման դիրքորոշումներին, ասելով, որ դա այլ բան չէ, քան դիրորոշում հօգուտ իշխանության։ Երբ հավասարապես պահանջվում է իշխանափոխություն ու «ընդդիմափոխություն», ապա ոչինչ էլ տեղի չի ունենում, որովհետեւ ընդդիմությունը՝ նոր, հին, թե որեւէ այլ, չի ընկնում օդից։ Լավ, թե վատ, բայց ընդդիմությունը ձեւավորվում է իրողություններից ելնելով, հենված լինելով իրերի օբյեկտիվ դրության վրա։ Հետեւաբար, ինչպես «սպիտակ ձիով ասպետի» սպասող օրիորդները կամ տիկնայք են մնում աչքը ջուր կտրած, այդպես էլ «երազած ընդդիմությանը» սպասող հանրություններն են մնում աչքը ջուր կտրած, իսկ իշխանություններն էլ այդպիսի հասարակությունների պարագայում մնում են իրենց տեղում։

Հետեւաբարը, վերը նշածս շերտի հարգարժան ներկայացուցիչներ, առավել եւս, որ այդ շերտում իսկապես կան հարգանքի արժանի բազմաթիվ մարդիկ, պարզապես ավելի բաց ու համարձակ եղեք եւ հայտարարեք, որ այնքան էլ դեմ չեք ներկայիս կառավարող ուժի եւ հատկապես վարչապետ Փաշինյանի քաղաքականությանը, գործողություններին, բարձրաձայնված նպատակներին։ Պարզապես ասեք դա, այլ ոչ թե «ծածկվեք» հավասարապես իշխանության ու ընդդիմության փոփոխության մասին պահանջով։

Եթե «ծածկվում» եք, ապա դա իհարկե նրանից, որ ինքներդ էլ գիտակցում եք, որ այսօր վարվող քաղաքականությունը՝ բոլոր առումներով, «կողմ» լինելու բան չէ, «կողմ» արտահայտվելու բան չէ։ Ինչ խոսք, դուք իրավունք ունեք նաեւ դժգոհ լինել կամ կողմ չլինել ընդդիմությանը։ Բայց, հարցն այն է, որ դա միանգամայն նորմալ կլինի, երբ Հայաստանում լինել դասական քաղաքական եւ պետական իրավիճակ։ Մինչդեռ, Հայաստանում խնդիրը գոյաբանական է՝ պետական–գոյաբանական։ Ու այդ պարագայում համարժեք չէ իրավիճակը չափել «դասական» քաղաքական պարամետրերով։ Ու այդտեղ է, որ նման դիրքորոշումը դառնում է կամ մոլորություն, կամ, ներեցեք, բայց՝ անազնվություն»։

դիտվել է 6 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *