Սերյոժա Գյուլազյանը հայտարարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Սպիտակի գրասենյակի թիմին միանալու որոշման մասին

Written by

in

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Քաջայր Նիկողոսյան,

 

Առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ցանկանում եմ Ձեզ ներկայացնել իմ որոշումն ու դիրքորոշումը՝ միանալու Սպիտակ խոշորացված համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի թիմին։

 

Այս որոշման հիմքում ոչ թե պարզապես քաղաքական գործընթացին մասնակցելու ցանկությունն է, այլ տարիների ընթացքում ձևավորված իմ համոզմունքը, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանությունը պետք է լինի շարունակական, հետևողական և գործնական արդյունքների միտված աշխատանք։

 

Տարիներ շարունակ զբաղվելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ՝ համոզվել եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա հավասար հնարավորություններ՝ անկախ իր հաշմանդամությունից։ Համայնքը պետք է լինի այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր բնակիչ կարող է ազատ տեղաշարժվել, օգտվել հանրային ծառայություններից և լիարժեք մասնակցություն ունենալ համայնքային կյանքին։

 

Հանդիսանում եմ «Լոռի շահերի պաշտպանություն» նախաձեռնող խմբի համահիմնադիր։ Ավելի քան երեք տարի ակտիվորեն մասնակցել եմ խմբի աշխատանքներին՝ համակարգելով դրա գործունեությունը և նպաստելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությանը։ Մեր գործունեության հիմնական նպատակն է բարձրաձայնել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները և նպաստել Լոռու մարզում ներառական ու մատչելի միջավայրի ձևավորմանը։

 

Շուրջ երեք տարի համագործակցում ենք Սպիտակ խոշորացված համայնքում հաշմանդամություն ունեցող անձանց ներառականության խթանման և նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Մեր համատեղ աշխատանքի ընթացքում բարձրաձայնել ենք համայնքում առկա խնդիրները՝ կապված մատչելի միջավայրի, հավասար հնարավորությունների, հանրային կյանքին մասնակցության և համայնքային ծառայությունների հասանելիության հետ։ Կարևոր եմ համարում, որ այս խնդիրները ոչ միայն բարձրաձայնվեն, այլև դառնան համայնքային քաղաքականության օրակարգի մաս՝ հանգեցնելով իրական և տեսանելի փոփոխությունների։

 

Մեր համագործակցության օրինակներից է Սպիտակ խոշորացված համայնքի Արևաշող բնակավայրի մշակույթի տան մատչելիության խնդիրը։ Նշված շենքը նաև վարչական ղեկավարի նստավայրն է։ Մեր համագործակցության արդյունքում խնդիրը բարձրաձայնվել է, և այսօր դրա լուծման ուղղությամբ իրականացվում են գործնական քայլեր։ Սա ևս մեկ օրինակ է, որ համագործակցության, երկխոսության և հետևողական աշխատանքի միջոցով հնարավոր է հասնել դրական փոփոխությունների։

 

Իմ՝ Սպիտակ խոշորացված համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի թիմին միանալու որոշման նպատակն է իմ տարիների փորձը, գիտելիքներն ու աշխատանքը ծառայեցնել համայնքի զարգացմանը՝ շարունակելով պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ու շահերը, խթանել ներառականությունը և նպաստել հավասար հնարավորություններով միջավայրի ձևավորմանը։

 

Հարգելի՛ պարոն Նիկողոսյան,

 

Հստակ ուզում եմ ընդգծել, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում ակտիվորեն զբաղվելու եմ Սպիտակ խոշորացված համայնքում բնակվող յուրաքանչյուր հաշմանդամություն ունեցող անձի խնդիրներով։ Դրանք բարձրաձայնելու եմ, հետևողականորեն պաշտպանելու եմ նրանց իրավունքներն ու շահերը՝ ինչպես համայնքային, այնպես էլ պետական մակարդակներում՝ նպատակ ունենալով հասնել իրական և գործնական լուծումների։

 

Ինձ համար սա պարզապես որոշում չէ, այլ պատասխանատվություն համայնքի յուրաքանչյուր հաշմանդամություն ունեցող բնակչի և մեր ընդհանուր ապագայի նկատմամբ։

 

Հարգանքով՝

Սերյոժա Գյուլազյան

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *