Մակրոնի ձախողման պատճառները

Written by

in

Զաքի Լաիդին միջազգային քաղաքականության պրոֆեսոր է Փարիզի Sciences Po քաղաքական հետազոտությունների ինստիտուտում: Շուտով լույս կտեսնի նրա «Հետազատական աշխարհը» (A Post-Liberal World) գիրքը:
Զաքի Լաիդի
Ավելի քան մեկ ամիս է՝ Ֆրանսիան սուր սոցիալ-քաղաքական ճգնաժամ է ապրում, եւ նախագահ Էմանյուել Մակրոնն այլեւս ի զորու չէ հաղթահարել այն։ Ավելին՝ ճգնաժամը բռնկվել է այն ժամանակ, երբ նախագահական ընտրություններին մնացել է կես տարուց էլ պակաս, եւ դրանցում, ամենայն հավանականությամբ, հաղթանակի համար կպայքարեն ծայրահեղ աջակողմյան Մարին Լը Պենը եւ ծայրահեղ ձախակողմյան Ժան-Լյուկ Մելանշոնը։
Ի՞նչ պատահեց այն փայլուն կենտրոնամետ նախագծի հետ, որը Մակրոնին իշխանության բերեց 2017 թվականին։ Ինչպե՞ս ստացվեց, որ մարդը, ով գրեթե տասը տարի առաջ շրջեց Ֆրանսիայի կուսակցական քաղաքականությունը, այսօր միայնակ ու անզոր է։
Մակրոնն, իհարկե, առաջինը չէ։ 1962 թվականից հետո ընտրված Ֆրանսիայի յուրաքանչյուր նախագահ իր պաշտոնավարումը բավական անհաջող է ավարտել։ 
Շառլ դը Գոլը հրաժարական տվեց 1969 թվականին՝ պարտվելով միանգամայն երկրորդական հարցի շուրջ անցկացված հանրաքվեում։ 1974 թվականին ընտրված Վալերի Ժիսկար դ՛Էստենը պարտություն կրեց յոթ տարի անց. նրան թուլացրին տնտեսական դժվարությունները, աջերի պառակտումն ու քաղաքական սկանդալները։
Դ՛Էստենի իրավահաջորդ Ֆրանսուա Միտերանը իշխանությունը պահեց երկար տարիներ, բայց նրա երկու յոթնամյա ժամկետներն էլ սկանդալներով ավարտվեցին։ Միտերանին փոխարինած Ժակ Շիրակը վերընտրվեց, սակայն 1997-ից 2002 թվականներին ստիպված եղավ իշխանությունը զիջել ձախերին։ 2007 թվականին ընտրված Նիկոլա Սարկոզին պարտվեց 2012 թվականի ընտրություններում։ Նրան ծնկի բերեցին կենտրոնամետների և պահպանողականների պառակտումները, ինչպես նաև չկատարված տնտեսական խոստումները։ Ձախակողմյան Ֆրանսուա Օլանդը իշխանության ղեկին մնաց ընդամենը մեկ ժամկետ: 4% հավանության վարկանիշ ունենալով՝ նա հրաժարվեց առաջադրվել երկրորդ ժամկետի համար:
Իշխանության գալով՝ Մակրոնը ցանկանում էր փոխել երկրի քաղաքական լանդշաֆտը։ Նա վերջ դրեց ավանդական ձախերի եւ աջերի իշխանության ղեկին կանոնավոր հերթափոխին եւ սկսեց կառավարել կենտրոնից։ Հաճախ կարելի է լսել, թե նա միանձնյա է քանդել երկկուսակցական համակարգը, որը գերիշխում էր Ֆրանսիայի քաղաքական կյանքում այն պահից, երբ դը Գոլը 1958 թվականին հիմնադրեց Հինգերորդ հանրապետությունը։ Իրականում աջերը Լը Պենի կուսակցության կողմից լուրջ սպառնալիքին առերեսվել էին Մակրոնի նախագահությունից դեռ տասը տարի առաջ, իսկ ձախերը մասնատված էին ավելի քան երբեւէ։
Մակրոնը չկարողացավ որեւէ նոր բան կառուցել կուսակցական համակարգի ավերակների վրա. դա մասամբ պայմանավորված է Ֆրանսիայում քաղաքական իշխանության կառուցվածքով։
Մակրոնը ցանկանում էր կառավարել միանձնյա՝ առանց միջնորդների իր եւ ժողովրդի միջեւ։ Քաղաքական կուսակցությունները նա համարում էր խոչընդոտներ, որոնք պետք է շրջանցել, ուստի այդպես էլ չփորձեց իր գաղափարների ու ծրագրի շուրջ ստեղծել ուժեղ քաղաքական կազմակերպություն։ «Կուսակցությունը», որը նա այնուամենայնիվ ստեղծեց՝ En Marche-ը («Առաջ»), այդպես էլ չդարձավ ավելին, քան նախընտրական շտաբը։
Ֆրանսիական քաղաքական համակարգի մասին պետք է հասկանալ գլխավորը. սա հանրապետություն է, որը սիրում է թագավոր ունենալ, բայց ժամանակի ընթացքում հոգնում է նրանից եւ փորձում է գլխատել։ Մակրոնը բացառություն չդարձավ։
Գործադիր իշխանության գերակայությունը ֆրանսիական քաղաքական մշակույթի անբաժանելի գիծն է։ Խորհրդարանական ինքնիշխանության շրջաններ եղել են, բայց միշտ վատ են ավարտվել։ Երրորդ հանրապետությունը փլուզվեց 1940 թվականին, Չորրորդը քայքայվեց 1958-ին՝ Ալժիրյան պատերազմի ծանրության տակ։
Խնդիրն այն է, որ Լը Պենը եւ Մելանշոնը նույնպես կարծում են, որ «ժողովրդի» ինքնիշխանությունը չպետք է իրականացվի որեւէ միջնորդի միջոցով։ Թեեւ Մելանշոնը հայտարարում է, թե ուզում է փոխել սահմանադրությունը եւ բարեփոխել Ֆրանսիայի քաղաքական ինստիտուտները՝ Վեցերորդ հանրապետությունը հիմնելու համար, նրա հնարավոր կառավարումն ավտորիտար է լինելու։ Նա կոչ է անում սոցիալական ապահովության համակարգի կառավարումը փոխանցել դրա շահառուներին, այլ ոչ թե պետական ծառայողներին՝ լենինյան պատկերացում  պետական իշխանության մասին:
Լը Պենի կառավարման ոճը դժվար թե ավելի ճկուն լինի։ Նա նույնպես կոշտ  վերահսկում է իր կուսակցությունը եւ անձնական հավատարմությունը ամեն ինչից վեր է դասում։
Ժողովրդին ուղղակիորեն դիմելու հակում ունի նաեւ ֆրանսիական քաղաքական կենտրոնը։ Նախկին վարչապետ Գաբրիել Աթալը, որն այժմ նախագահի թեկնածու է, առաջարկում է ամեն տարի հանրաքվե անցկացնել։
Այս պոպուլիստական մոտեցումից հրաժարվել, թվում է, ուզում են միայն երկուսը՝ Էդուար Ֆիլիպը՝ աջերից, եւ Ռաֆայել Գլյուքսմանը՝ ձախերից։ Բայց թեեւ Ֆիլիպը չափավոր քաղաքական գործիչ է, նրա ուսերին մնում է Մակրոնի օրոք վարչապետի պաշտոնում անցկացրած երեք տարիների բեռը։ Գլյուքսմանը համեմատաբար նոր դեմք է ֆրանսիական քաղաքականության մեջ։ Նա փորձում է սոցիալ-դեմոկրատական ուղի հարթել։ Սակայն եթե երկրորդ փուլ անցնի, նրան դժվար կլինի դաշինք կազմել, քանի որ խզել է կապերը եւ՛ Մելանշոնի, եւ՛ Մակրոնի ժառանգորդների հետ։
Ֆրանսիան բեւեռացված հասարակություն է՝ ինչպես շատ ուրիշներ։ Բայց, ի տարբերություն մյուսների, նրա բեւեռացումը որոշում են երկու հակալիբերալ ուժեր՝ «Ազգային միավորումը» եւ «Չնվաճված Ֆրանսիան»։ Սա կարեւորագույն քաղաքական փաստ է, որը կարող է արագացնել ամբողջ Եվրոպայի անցումը հետազատականությանը։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2026.
www.project-syndicate.org 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *