Չինական փայտե պահարանից Նարեկ Վան Աշուղաթոյանը դուրս է բերում տեքստիլի իր հավաքածուի արժեքավոր նմուշները։ Կան պատառիկներ, ինչպես ավելի քան հազար տարվա եգիպտական հագուստի կտորը, կա նաեւ մի ամբողջ սենյակ զբաղեցնող կամերունյան ծիսական ծածկոց։
Նարեկը, որ հայտնի է հայկական ձեռագործների իր հավաքածուով, վերջին տարիներին ընդլայնել է դրա աշխարհագրությունը։
«Հասկացա, որ ճիշտ չէ ներփակվել միայն հայկական մշակույթում, պիտի զուգահեռ տեսնես, թե ուրիշ ժողովուրդներն ինչպես են մտածում, ինչ գեղագիտական խնդիրներ են դնում, ինչպես են լուծում։ Շատ հետաքրքիր է, երբ դրանք համադրում, համեմատում ես, տեսնում ես ընդհանուր եզրեր, փոխազդեցություններ, կամ հասկանում ես, որ այդ մշակույթներն իրար փոխազդելու որեւէ հնարավորություն չեն ունեցել, բայց իրարից անկախ` նույն կերպ են մտածում։ Սա հասկանալով՝ ավելի լավ ես ճանաչում քո մշակույթը»։
Նարեկն ասում է, որ իրեն միշտ հետաքրքրել է ժողովուրդների՝ երկրաչափական ձեւերով մտածելու հատկությունը եւ այդ թեման նրան տարել է Աֆրիկա։ Առաջին նմուշը Կոնգոյից է, որտեղ տեքստիլը մի շարք շրջաններում տնտեսության ավանդական ուղղություններից է։
«Առանց Կոնգոյի գործվածքի՝ Աֆրիկայի մշակույթն ամբողջական ներկայացնել չի լինի, որովհետեւ այնտեղ տարբեր ժողովուրդներ, ցեղեր են ապրում, եւ յուրաքանչյուրի մշակույթը շատ տարբեր է, որոշներինը`առանցքային։
Օրինակ, այս մեկը հատուկ տեխնիկայով է արված. արմավենու կեղեւից թել են պատրաստում եւ հյուսում։ Այս մեկը, որը, կարծես, աբստրակտ նկարչություն լինի, նորից արմավենու թելերից է, բայց այլ՝ Դիդա ժողովուրդին բնորոշ ավանդական ոճով ։ Թվում է՝ նույն տեսակի գործեր են, բայց երբ իրար կողք դնենք, կտեսնեք, որ ոչ մեկը չի կրկնվում, եւ այսպես՝ հազարավոր նմուշներ։ Այս տեքստիլները խորքում որոշակի ծիսական տարրեր ունեն՝ հարսանիքից մինչեւ թաղում. ներկա են մարդու կյանքի բոլոր կարեւոր դրվագներում»։
Նարեկը ցույց է տալիս իր հավաքածուի ուշագրավ նմուշներից մեկը․անգլիական թագավորական ընտանիքի պատկերը՝ աֆրիկյան գործվածքի վրա։ Անգլիայում հուշանվերների շուկայում տարածված այս թեման նաեւ Աֆրիկա է ներթափանցել։ Պատկերը միաձուլվել է աֆրիկյան պատկերագրության հետ եւ դարձել Նիգերիայի դաջ արվեստը ներկայացնող կարեւոր նմուշներից:
«Երբ եվրոպացիները, հատկապես գաղութատիրական շրջանում, նկատեցին աֆրիկյան մշակույթը եւ տեսան, որ նրանում շատ խորքային արվեստ կա, սկսեցին այդ իրերը տանել Եվրոպա։ Դրանք այն առարկաներն էին, որոնք պատրաստված էին հենց աֆրիկացիների կողմից եւ աֆրիկացիների համար։
Աստիճանաբար, երբ աշխարհի աչքին սա դարձավ հետաքրքիր արվեստ եւ ուղղություն, Աֆրիկայում սկսվում է տեղական արտադրություն, նաեւ՝ եվրոպացիների պատվերով։ Սա հայտնի է որպես tourism oriented products․պահելով իրենց ավանդույթը՝ նրանք ստեղծում էին արտասահմանցու աչքին ավելի հաճելի, ընկալելի նմուշներ։
Կոլեկցիոն առավել արժեք ունեն այն տեքստիլները, որոնք տուրիստների համար չեն պատրաստված, այլ հենց իրենց ծեսը, առօրյան կազմակերպելու շրջանակում են ստեղծվել։ Հավաքորդի խնդիրն է գտնել դրանք ու տարբերակել, ինչը շատ դժվար է»,- ասում է Նարեկ Վան Աշուղաթոյանը։
Որոնումները նրան Ինդոնեզիա՝ Սումբա կղզի են հասցրել։ Ծածկոցը, որի պատկերները, թվում է, շարժվում են, «իկատ» տեխնիկայով է արված։ Թելերի փնջերը նախապես կապում են որոշակի հերթականությամբ եւ պատկերների համապատասխան, հետո՝ ներկում։ Գործելու ընթացքում ճիշտ հերթականությամբ դրված թելերը ստեղծում են պատկերը։
«Այս ժողովրդի ամբողջ հին պատկերացումները, կրոնական ընկալումները, ծեսերը, ավանդույթները խտացել են գործվածքի պատկերագրության մեջ, ամեն մի տարր նշանակություն ունի։ Դարերի ընթացքում այնքան է մշակվել, հղկվել, որ դարձել է կղզու մշակութային անձնագիրը։ Դրանք ստեղծվել են կոնկրետ ծիսակատարության ժամանակ օգտագործելու համար․ հարսանիք, թաղում, ծնունդ եւ այլն։ Ամեն մեկն իրեն հատուկ պատկերագրությունն ունի»։
Աֆղան կնոջ տարազը Նարեկի հավաքածուում հայտնվել է Մարաշի կար հիշեցնող ասեղնագործության շնորհիվ։ Դիզայնը, կարատեսակը, թվում է, նույնն են, բայց տարբեր է գաղափարը, որի շուրջ ստեղծվել են։
«Մենք խնդիր չունենք ասելու, որ այս կարատեսակը միայն հայերն են գործածել։ Բայց այս երկուսը կողք կողքի կախելով՝ ցույց ենք տալիս, թե այդ կարատեսակով ինչքան տարբեր մտածողություններ են լինում։ Մեզ մոտ այդ ասեղնագործության հիմքում կա սերմի, կենաց ծառի գաղափարը, կա սկիզբ, վերջ, գործողություն…։ Արեւելքի մի շարք ժողովուրդներ էլ իրենց ազգային գաղափարներն են դնում այդ կարատեսակով ստեղծված գործվածքի մեջ»։
Նարեկը տեքստիլի հավաքորդների համայնքի ակտիվ անդամ է, հետեւում է համաշխարհային միտումներին, իր հավաքածուներն էլ մյուսների ուշադրության կենտրոնում են։ Ասում է՝ պարծենալու հարց չէ, բայց իր որոշ գործեր կուզենային ունենել շատ հավաքորդներ ու անգամ՝ թանգարաններ։
«Առաջին անգամ, երբ ուզում էի գնել ոչ հայկական տեքստիլ, որը էժան չէր, հասկացա, որ անցնում եմ Ռուբիկոնը, որովհետեւ այդ մեկով ոչ մի հարց չես լուծում, պիտի խորանաս, ունենաս ներկայանալի հավաքածու, որ կարողանաս իրականացնել քո առջեւ դրված նպատակը։ Հասկանում էի, որ մենք հայկականի մեջ ենք խճճվել, իսկ ես փորձում եմ մտնել մի դաշտ, որի աշխարհագրությունը սարսափելի մեծ է, ժողովուրդների եւ նրանց ստեղծագործությունների տեսակները շատ բազմազան են։ Այդ պահին խորը շունչ քաշեցի եւ արեցի քայլը։ Ու սկսվեց դաժան փորձությունը, որովհետեւ այդ մեծ աշխարհում պիտի կատարես ընտրություն՝ ինչին տալ առաջնահերթություն»։
Զուգահեռ Նարեկը շարունակում է ընդլայնել հայկական ձեռագործների հավաքածուն։ Ցույց է տալիս, իր խոսքով, ռազմավարական նշանակություն ունեցող նմուշներից մեկը՝ Այնթապում ստեղծված ասեղնագործության մեզ բնորոշ երեք տեխնիկայի համադրությամբ։
«Ոչ մի հայկական տառ չկա, բայց հայկականությունը հոսում է վրայից»,- ասում է Նարեկը։ Հետո բացում է վերջին խոշոր ձեռքբերումը։
«Օսմանյան կայսրությունում կիրառվող գրեթե բոլոր կարատեսակներն ամբողջացել են այս մի կտորի մեջ: Սա տարբեր ասեղնագործությունների պատառիկներից հավաքված կտոր է. երբ ասեղնագործությունները մաշվում էին, ափսոս էր դեն նետելը, այդ կտորները հավաքում, նոր բան էին ստանում։ Այստեղ կա ե՛ւ Վանի, ե՛ւ Ուրֆայի կար, մեծ քաղաքներին բնորոշ մետաղաթելերով կար, թելքաշ։ Սա շատ մեծ խտացում է»։
Ինչպես հայկական ձեռագործների դեպքում, Նարեկ Վան Աշուղաթոյանն իր նոր հավաքածուն նախատեսում է ներկայացնել առանձին ցուցադրությամբ։ Իսկ վերջնանպատակը Հայաստանում թանգարան ունենալն է։
«Ես այս ամենը ձեռք եմ բերել ոչ թե ժառանգելու կամ շահույթի համար: Խորքային նպատակն է ստեղծել թանգարան եւ սա դարձնել հանրային սեփականություն։ Ինձ հետաքրքիր է, թե աշխարհի ժողովուրդներն ինչպես են իրենց մշակութային ընկալումները, ծեսերը, առասպելները, կենցաղը տրանսֆորմացնում գործվածքի մեջ եւ արդյունքում ինչ է ստացվում։ Ես սա տեսնում եմ մեկ համադրության մեջ, որի առանցքը, իհարկե, պետք է լինի հայկական գործվածքը»։
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի
Leave a Reply