Շենժենում պատմական հանդիպման հիմնական թեմաներն էին ռազմավարական կայունությունը, ուկրաինական հակամարտությունը և միջուկային զենքի կրճատումը: Երեք առաջնորդները հայտարարեցին խաղաղության պահպանման ընդհանուր պատասխանատվության և համագործակցության անհրաժեշտության մասին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրենց առաջին եռակողմ հանդիպումն են անցկացնում Չինաստանի Շենժեն քաղաքում ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակներում: Բանակցությունների հիմնական թեմաներն էին ռազմավարական կայունությունը, ուկրաինական հակամարտությունը և միջուկային սպառազինության կրճատումը:
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ–ն, Ռուսաստանը և Չինաստանը բացառիկ հնարավորություն ունեն քննարկելու միջուկային զինանոցների կրճատման հարցը, թեպետ նա ընդունել է, որ այդ խնդիրը լուծելը հեշտ չի լինի:
«Հեշտ գործ չէ միջուկային սպառազինություններից հրաժարվելը», – նշել է ԱՄՆ առաջնորդը:
Մեկ այլ կարևոր թեմա էր Ուկրաինան։ Թրամփի խոսքով՝ կողմերը շահագրգռված են հակամարտության դադարեցմամբ, և այս ուղղությամբ «որոշակի առաջընթաց է գրանցվել»։
«Մենք կքննարկենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը… Կարծում եմ՝ ինչ-որ բան է տեղի ունենում։ Կողմերը կցանկանային, որ Ուկրաինայում պատերազմն ավարտվեր», – ասել է ԱՄՆ նախագահը։
Պուտինն իր հերթին հայտնել է, որ ուկրաինական հարցն արդեն քննարկվել է Չինաստանի և ԱՄՆ առաջնորդների հետ իր հանդիպումների ժամանակ։ Նախօրեին նա այդ հարցին անդրադարձել էր Սի Ծինփինի հետ զրույցի ժամանակ, հինգշաբթի էլ մանրամասն քննարկել այն Թրամփի հետ՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Եռակողմ բանակցություններից առաջ Պուտինը և Թրամփը առանձին հանդիպում են ունեցել, որը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով, տևել է մոտ 40 րոպե։
Խոսելով երեք տերությունների դերի մասին՝ Պուտինը նշել է նրանց հատուկ պատասխանատվությունը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն կանգնած են եղել ՄԱԿ-ի ստեղծման ակունքներում և պետք է միասին աշխատեն դրա կանոնադրության վրա հիմնված միջազգային իրավունքի համակարգն ամրապնդելու ուղղությամբ։
«Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ–ն, մեր ժողովուրդները կարող են զգալի ներդրում ունենալ համաշխարհային անվտանգության և կայունության ամրապնդման գործում, եթե կառուցողական, գործընկերային համագործակցություն ունենան՝ հիմնված փոխադարձ հարգանքի, իրավահավասարության և շահերի հավասարակշռության պահպանման վրա», – ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ երեք երկրները ընդհանուր շահեր ունեն ոչ միայն տարածաշրջանային հակամարտությունների լուծման, այլև միջազգային ահաբեկչության և անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հարցում: ՌԴ առաջնորդն առաջարկել է նաև քննարկել տնտեսական կապերը, պարենային և էներգետիկ անվտանգությունը:
Սի Ծինփինը որպես հանդիպման հիմնական նպատակ է նշել խաղաղության պահպանումը և խոշոր տերությունների հարաբերություններում ռազմավարական կայունության ամրապնդումը:
«Երբ խոշոր տերությունները համերաշխ են, աշխարհում խաղաղություն է տիրում, իսկ երբ նրանք հակամարտում են, աշխարհում քաոս է», – ընդգծել է Չինաստանի նախագահը:
Նրա խոսքով՝ աշխարհի առաջատար տերությունների միջև համագործակցությունը ոչ թե ընտրության հարց է, այլ անհրաժեշտություն: Չինաստանի առաջնորդը կոչ է արել Ռուսաստանին և ԱՄՆ–ին համատեղ հակազդել գլոբալ մարտահրավերներին՝ հիշեցնելով, որ բոլոր երեք պետություններն էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են:
Սի Ծինփինը նաև ժամանակակից աշխարհը համեմատել է «գլոբալ գյուղի» հետ, որտեղ մարդկանց ճակատագրերը սերտորեն փոխկապակցված են, խոշոր երկրների որոշումներն էլ ազդում են ողջ մարդկության վրա:
Իր հերթին Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստակամ է երկխոսություն վարել նույնիսկ այն երկրների հետ, որոնց հետ ԱՄՆ–ն լուրջ տարաձայնություններ ունի:
«Շատ հաճախ նախկին առաջնորդները խուսափում էին խոսել այն երկրների հետ, որոնց հետ տարաձայնություններ ունեին, իսկ մենք հակառակ տրամադրվածություն ունենք», – ասել է նա։
ԱՄՆ նախագահը առաջարկել է նաև քննարկել պետական ինքնիշխանության պաշտպանության հարցը միջազգային կազմակերպություններից՝ քննադատելով Միջազգային քրեական դատարանը, որը, ըստ նրա, «դուրս է եկել վերահսկողությունից»։
Հանդիպման սկզբում Թրամփը բանակցություններին մասնակցելը որակել է որպես պատիվ և շնորհակալություն հայտնել չինական կողմին դրանք կազմակերպելու համար։ Պուտինը ևս երախտագիտություն է հայտնել Սի Ծինփինին՝ առաջին անգամ նման ձևաչափով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների ղեկավարների հանդիպումն անցկացնելու հնարավորության համար։
Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովը տեղի է ունենում Չինաստանի Շենժեն քաղաքում նոյեմբերի 18-19-ը։ ԱԽՏՀ-ն ներառում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 21 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը։
Leave a Reply