Նոյեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկել է կենսաչափական համակարգի ներդրման գործընթացը, որի շրջանակում քաղաքացիները կարող են ստանալ նոր նմուշի նույնականացման քարտեր և անձնագրեր։
Այս մասին նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով նոր համակարգի ներդրման և քաղաքացիների սպասարկման կազմակերպման մանրամասները։
Նախարարի խոսքով՝ քաղաքացիները կարող են փոխանակել իրենց անձնագրերն ու նույնականացման քարտերը, սակայն եթե գործող փաստաթղթերի վավերականության ժամկետը դեռ չի լրացել, դրանք փոխելու անհրաժեշտություն չկա։ Օրինակ՝ եթե անձնագիրը կամ նույնականացման քարտը վավեր է մինչև 2029 թվականը, քաղաքացին կարող է շարունակել օգտվել դրանից։
Սարգսյանի տեղեկացմամբ՝ նոր փաստաթղթեր ստանալու համար ներկայում գործում է 14 սպասարկման կենտրոն, իսկ մարտին դրանց թիվը նախատեսվում է հասցնել 23-ի։
Նախարարը նշել է, որ համակարգի ներդրման սահուն ընթացքն ապահովելու նպատակով սահմանվել են համապատասխան ընթացակարգեր։ Սպասարկումն այնպես է կազմակերպվել, որ քաղաքացիների մոտ հերթերի կուտակումներ և գործընթացի վերաբերյալ անորոշություններ չառաջանան։
Անդրադառնալով նույնականացման քարտ և անձնագիր ունենալու անհրաժեշտությանը՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ 16 տարին լրացած քաղաքացիների համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր է, մինչդեռ անձնագիրն անհրաժեշտ է արտերկիր մեկնելու դեպքում։
«Կարևոր հանգամանք է՝ նույնականացման քարտն պարտադիր է այլևս 16 տարին լրացած անձանց համար։ Քաղաքացին նախ պետք է ձեռք բերի նույնականացման քարտ, ապա՝ անձնագիր։ Սակայն, եթե քաղաքացին չի պատրաստվում մեկնել արտերկիր, ապա անձնագիր ձեռք բերելու անհրաժեշտություն չկա»,- նշել է նախարարը։
Նա նաև ընդգծել է, որ քաղաքացիների իրազեկման ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են։
Leave a Reply