Արդեն առիթ ենք ունեցել ասել՝ շարունակում ենք լրագրողական հետաքննությունն այն իրադարձությունների շուրջ, որ հրահրվել են «Գորիսի պետական քոլեջ» լուծարված ՊՈԱԿ-ի պատասխանատուների դեմ։
Առաջին հրապարակումը եղավ օրեր առաջ․ ներկայացրինք «Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված առերևույթ հանցագործությունները, որ կյանքի է կոչվում պետական բարձր հովանավորությամբ և պաշտպանվում երկրի իրավապահ մարմինների կողմից։
Իսկ այժմ խոսքը լուծարված այդ ՊՈԱԿ-ի շուրջ՝ վերին կարգադրությամբ ու պատվերով իրականացվող գործընթացների փաստական և իրավական հիմքերի սնանկության մասին է։
***
1․ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը քանիցս (իր «մտերիմների» շրջանում), երկրորդ բաժակից հետո, հայտարարել է, թե հանրապետության գլխավոր դատախազն իր ընկերուհին է և կանի այն, ինչ ինքը կասի։
Ակնկալում ենք, որ տիկին Վարդապետյանը երբևէ կպարզաբանի՝ Սյունիքին առնչվող հարցերում կարևորը Ռոբերտ Ղուկասյա՞նի դիրքորոշումն է, թե՞ օրենքը։
2․ 2026 թ․ տարեսկզբին փոխմարզպետ Նարե Ղազարյանը, ինչպես արդեն նշել ենք նախորդ հրապարակման մեջ, տեղեկացրել է Արմինե Կոլյանին, որ «վերևներում» որոշում է կայացվել՝ անպայման փակել Կարեն Լազարյանին։
Արմինե Կոլյանն այդ մասին հեռախոսային հաղորդագրությամբ տեղեկացրել է նաև քոլեջի հաշվապահին՝ պահանջելով նրանից արատավորող տեղեկություններ Կարեն Լազարյանի մասին՝ նրան փակելու գործին նպաստելու համար, ինչը հանձնարարել է Նարե Ղազարյանը։
Հաշվապահն ընդառաջ չի գնացել իր նոր տնօրենի ցնորամիտ առաջարկությանը, ինչի համար նրան աշխատանքից հեռացրել են (Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը հետագայում ապօրինի է ճանաչել ֆեյք տնօրենի այդ հրամանը, որին կանդրադառնանք առանձին)։
Արմինե Կոլյանի կողմից կատարված շանտաժի և սպառնալիքների մասին հաշվապահը հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ քրեական գործ են հարուցել և փոխանցել Քննչական կոմիտեին, այնտեղից էլ՝ Գորիսի քննչականին։
Այդ ամենի հետ մեկտեղ, սակայն, Հակակոռուպցիոն կոմիտեն, որ քրեական վարույթ է նախաձեռնել Գորիսի լուծարված պետական քոլեջի պատասխանատուների դեմ, չի վերծանել փոխմարզպետ Նարեի և Արմինե Կոլյանի հեռախոսային հաղորդագրությունները՝ Կարեն Լազարյանին փակելու վերաբերյալ «վերևներում» ընդունված որոշման մասին։
Մինչև հիմա Հակակոռուպցիոն կոմիտեն չի հարցաքննել ո՛չ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, ո՛չ նրա տեղակալ Նարե Ղազարյանին՝ իմանալու-որոշակիացնելու՝ այդ որտե՞ղ, ովքե՞ր են որոշել, որ պետք է Կարեն Լազարյանին անպայման ազատությունից զրկել։
Այդքանից հետո մեզ իրավունք ենք վերապահում ենթադրել, որ Գորիսի լուծարված պետական քոլեջի պատասխանատուների դեմ քրեական վարույթ նախաձեռնելով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն կյանքի է կոչում Արմինե Կոլյանի և Նարե Ղազարյանի վկայակոչած «վերևների» թելադրանք-պատվերը։
3․ Հակակոռուպցիոն կոմիտեն, որ քրեական վարույթ է նախաձեռնել Գորիսի լուծարված պետական քոլեջում իբր կատարված ֆինանսական չարաշահումների վերաբերյալ, մինչև հիմա (մեր տեղեկություններով) ձեռնպահ է մնում պարզելու գլխավոր հարցի պատասխանը՝ ինչի՞ց է սկսել այսպես կոչված չարաշահումների և յուրացումների վերաբերյալ գործի հորինումը։
Խոսքն այն մասին է, որ 2025 թ․ դեկտեմբերի 2-ին, երբ Կարեն Լազարյանը նախարար Ժաննա Անդրեասյանի՝ հետագայում դատարանի վճռով ապօրինի ճանաչված հրամանով ազատվում է Գորիսի պետական քոլեջի տնօրենի պարտականություններից, ԿԳՄՍ նախարարը և Արմինե Կոլյանը դիտավորությամբ ձախողում են ՊՈԱԿ-ի ֆինանսական հատվածի և հաշվապահական փաստաթղթերի օրինական հանձնում-ընդունումը։
Կարեն Լազարյանի՝ ԿԳՄՍ նախարարությանն ուղղված բազմաթիվ հեռախոսազանգ-խնդրանքներից հետո անգամ նախարարությունը հրաժարվում է համապատասխան մասնագիտական հանձնաժողով ուղարկել և կատարել մի քանի հարյուր մլն դրամ արժողությամբ հիմնական միջոցներ ունեցող, տարեկան 100 մլն դրամից ավելի ֆինանսական միջոցների շրջանառություն իրականացնող քոլեջի ֆինանսական հատվածի հանձնում-ընդունումը։
Այնուհետև Գորիսի քոլեջի հանձնման-ընդունմանը խոչընդոտում է Գորիսի ոստիկանապետ Կարեն Հովսեփյանը՝ ակնհայտ խուլիգանական վարքագիծ և սանձարձակություն դրսևորելով։
Քոլեջի հատկապես ֆինանսական հատվածի հանձնում-ընդունումը, որ ենթադրաբար պահանջում էր մի քանի օրվա աշխատանք, ոստիկանապետ պարտադրում է կատարել հենց տվյալ պահին, րոպեների ընթացքում, այլապես սպառնում է ջարդել տնօրենի աշխատասենյակի դուռը։
Օրինական հանձնում-ընդունում իրականացնելու դեպքում՝ քոլեջի հեռացող տնօրենը, հաշվապահը, բնականաբար, օրերի ընթացքում կվերացնեին ֆինանսական բոլոր թերությունները, եթե, իհարկե, նման թերություններ ի հայտ գային։ Բայց դա պատվիրատուներին պետք չէր։
Եվ մինչև հիմա իրավական գնահատական չի տրվել այն պաշտոնյաների վարքագծին, ովքեր ձախողել են քոլեջի ֆինանսական մասի հանձնում-ընդունումը։
Մինչև հիմա, որքան տեղյակ ենք, չեն հարցաքննվել ֆինանսական հատվածի հանձնում-ընդունումը ձախողած պաշտոնատար անձինք։
Չի հարցաքննվել Գորիսի ոստիկանապետ Կարեն Հովսեփյանը, ու չի պարզաբանվել՝ ո՞ւմ հանձնարարությամբ է պահանջել քոլեջի հապճեպ ու ոչ օրինական հանձնում-ընդունում, ո՞ւմ հանձնարարությամբ է այնտեղ հայտնվել, ո՞ւմ թողտվությամբ է ակնհայտ խուլիգանական վարքագիծ դրսևորել ու մնացել անպատիժ։
Մինչև հիմա չի հարցաքննվել Ժաննա Անդրեասյանը, ով պետք է պատասխան տա՝ ինչո՞ւ է ձախողել քոլեջի ֆինանսական հատվածի հանձնում-ընդունումը։
Վերը նշվածը թույլ է տալիս ենթադրելու, որ ԿԳՄՍ նախարարն ու Արմինե Կոլյանը, ոստիկանապետ Կարեն Հովսեփյանի խուլիգանական դրսևորումների ուղեկցությամբ, դիտավորությամբ են ձախողել քոլեջի օրինական հանձնում-ընդունումը, որպեսզի հաշվապահական փաստաթղթերում հետագայում աղավաղումներ ու կեղծարարություններ կատարելու հնարավորություն ունենան։
4․ Վերոնշյալ ենթադրությունն ավելի առարկայական է դառնում, երբ իմանում ենք, որ հաշվապահական փաստաթղթերի հանձնում-ընդունումը ևս (դարձյալ դիտավորությամբ) չի կատարվել այն բանից հետո, երբ 2026 թ․ հունիսի 29-ին հաշվապահն Արմինե Կոլյանի՝ հետագայում դատարանի կողմից ապօրինի ճանաչված հրամանով ազատվել է աշխատանքից։
Հաշվապահը նույնիսկ դիմել է Գորիսի ոստիկանապետ Կարեն Հովսեփյանին՝ աջակցելու փաստաթղթերի օրինական հանձնում-ընդունումը կազմակերպելուն, բայց պատշաճ արձագանք չի ստացել։
Միայն քսան օր հետո են հաշվապահական փաստաթղթերը հանձնում-ընդունում կատարելու պատրաստակամություն հայտնել, սակայն Անուշ Քարամյանն արդարացիորեն չի մասնակցել այդ ֆարսին՝ ենթադրելով, որ արդեն իսկ հասցրել են կատարել այն ամեն կեղծարարությունները, ինչ իրենց պետք է եղել։
Այդ ամենը հավելյալ հիմք է տալիս ենթադրելու, որ քոլեջի ֆինանսական հատվածի ու հաշվապահական փաստաթղթերի հանձնում-ընդունումը ձախողելը՝ ինչ-որ հանցավոր խմբի կողմից նախապես ծրագրված գործողություն է եղել՝ հաշվապահական փաստաթղթերում հանցանքների հիմքեր ստեղծելու նպատակով։
5․ Խնդրո առարկա քրեական գործն ինչ-որ ավազակախմբի կողմից կազմակերպված լինելու մասին է վկայում փաստը, որ 2025 թ․ դեկտեմեբրի 30-ին լուծարված «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի կնիքը, սահմանված կարգով, չի խոտանվել կամ չեզոքացվել կամ հանձնվել պետական արխիվ։
Կնիքը շարունակել է մնալ տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Արմինե Կոլյանի տնօրինության ներքո։
Այդ մասին իմացել են նաև ԿԳՄՍ նախարարությունում ու միջոցներ չեն ձեռնարկել Արմինե Կոլյանի անմաքուր ձեռքը բռնելու ուղղությամբ։
Ըստ քոլեջի մեր աղբյուրների՝ Արմինե Կոլյանը, մինչդեռ, իրավապահ մարմիններին արդեն հաղորդել է, թե կնիքն ապօրինաբար ոչ թե ինքն է պահել ու տնօրինել, այլ պահել ու տնօրինել են լուծարված քոլեջների տնօրենների պաշտոնակատարներ Անժելա Առաքելյանը և Շուշանիկ Հովհաննիսյանը։
Բնականաբար, սուտասանության մեջ անմրցելի այդ կնոջն այլևս ոչ ոք չի հավատում, սակայն հասկանալի չէ, թե ինչո՞ւ մինչև հիմա տվյալ հարցով չեն հարցաքննվել Անժելա Առաքելյանն ու Շուշանիկ Հովհաննիսյանը։
Ավելին՝ նորանշանակ տնօրենի տնօրինության ներքո է գտնվել նաև նախկին տնօրենի ստորագրության դրոշմակնիքային տարբերակը։
Նորանշանակ տնօրենը միաժամանակ ակտիվ է պահել լուծարված քոլեջի բանկային հաշիվները, իսկ ԿԳՄՍ նախարարությունն այդ ամենի հանդեպ աչք է փակել;
Հիմա պարզագույն մի հարց՝ բնության մեջ կա՞ գոնե մեկ անձնավորություն, ով կհաստատի՝ Արմինե Կոլյանը լուծարված քոլեջի կնիքով, նախկին տնօրենի դրոշմակնիք-ստորագրությամբ հետին թվով կեղծիքներ չի կատարել։
Չէ՞ որ ինքն էր Անուշ Քարամյանին ուղարկած հեռախոսային հաղորդագրության մեջ խոստովանում՝ իրեն Նարե Ղազարյանը խնդրել է, որ Կարեն Լազարյանի դեմ նյութեր հայթայթի և նպաստի նրա փակման գործին։
Եվ ի՞նչն է տարօրինակ, Հակակոռուպցիոն կոմիտեն մինչև հիմա իրավական գնահատական չի տվել այդ ամենին ու չի բացահայտել՝ ի՞նչ հետևանքներ է ունեցել կնիքի, ստորագրության, բանկային հաշիվների ապօրինի տնօրինումն Արմինե Կոլյանի կողմից։
6․ Լուծարված քոլեջի պատասխանատուներին թիրախավորելն ինչ-որ ավազակախմբի կողմից կազմակերպված լինելու մասին է վկայում չափազանց արտառոց մի փաստ ևս․․․
Տեսեք՝ ինչ է կատարվել և կատարվում ․․․
Հորինված քրեական գործի նախաքննությանը չվնասելու-չխոչընդոտելու՝ մտացածին պատրվակով Հակակոռուպցիոն կոմիտեն խափանման միջոց է ընտրել լուծարված քոլեջի տնօրենի և հաշվապահի հանդեպ։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե դա իրոք բխում է նախաքննության շահերից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից, բայց․․․
Նախաքննությանը միջամտելու կամ խոչընդոտելու զրո հնարավորություն կամ զրո գործիքակազմ ունեցող անձանց հանդեպ խափանման միջոց են ընտրում, իսկ նախաքննությանը խոչընդոտելու ռեալ հնարավորություն ունեցող, հաշվապահական փաստաթղթերն իրենց ձեռքի տակ ունեցող երկու անձնավորության՝ Արմինե Կոլյանին և Կարեն Հովսեփյանին, որպես ենթադրյալ ավազակախմբի անդամներ, թողնում են իրենց պաշտոններում՝ ընձեռելով լիակատար ու անխոչընդոտ հնարավորություն (որպես շահագրգռված կողմ)՝ նոր միջամտություններ (ուղղակի և անուղղակի) կատարելու նախաքննությանը։
Ու մինչև հիմա Արմինե Կոլյանի պաշտոնավարումը կասեցված չէ․․․
Ու մինչև հիմա Կարեն Հովսեփյանի պաշտոնավարումը կասեցված չէ, թեև հայտնի խուլիգանության ու սանձարձակության համար պետք է վաղուց կալանավորված լիներ։
Արդյունքում՝ Արմինե Կոլյանը, ոստիկանապետի օգնությամբ, բոլոր հնարավորություններն ունեցել և ունի՝ սպառնալիքով, շանտաժով ու սուտասանությամբ՝ ուսմասվարներին, կուրսղեկներին, ուսանողներին, նրանց ծնողներին ուղղորդելու իր հորինած հանցավոր ճանապարհով, սուտ մատնություններով լեցուն արահետով։
Արմինե Կոլյանի և Կարեն Հովսեփյանի պարտականությունները չսառեցնելու և նրանց առջև կանաչ ճանապարհ բացելու հետևանքներից մեկն այն է, որ Գորիսի հազարամյակների պատմության մեջ առաջին անգամ մի խումբ ուսանողներ (մի մասը՝ անչափահաս) «կամավոր» այցելում են ոստիկանության Գորիսի բաժին և «հանցագործության» մասին հաղորդում ներկայացնում։
Քոլեջում, ըստ մեր աղբյուրների, հիմա մեծագույն զզվանքով են շփվում այն ուսանողներին ու նրանց ծնողներին, ովքեր գործիք են դարձել ավազակախմբի ձեռքին ու նախապես սերտած տեքստերով ներկայացել ոստիկանություն։
Արդյո՞ք Հակակոռուպցիոն կոմիտեն պարզել է, թե տնօրենը, ուսմասվարները, կուրսղեկները, ոստիկանապետը պարտադրանքի ի՞նչ հնարքներով ու մեթոդներով են այդ երեխաներին դարձրել «հաղորդում տվող»։
Եվ ինչ է ստացվում՝ Կարեն Լազարյանի ու Անուշ Քարամյանի հանդեպ խափանման միջոց ընտրել՝ նախաքննությանն իբր չխոչընդոտելու համար, իսկ Արմինե Կոլյանին, Շուշանիկ Հովհաննիսյանին, Կարեն Հովսեփյանին թողնել իրենց պաշտոններում՝ նախաքննությանը միջամտելու, իրականությունն աղավաղելու և ուսանողների ու ծնողների միջոցով իրենց հորինած նյութերը տեղ հասցնելու համար։
Այսպիսով՝ Արմինե Կոլյանին, Շուշանիկ Հովհաննիսյանին և Կարեն Հովսեփյանին իրենց պաշտոններում հանդուրժելը, համոզված ենք, նոր և ապօրինի միջամտություններ կբերի նախաքննությանը, ինչը ձեռնտու է հրահրված ֆարսի հեղինակներին։
Եվ այդ ամենը փորձում են կոչել նախաքննություն, և այդ ամենը մատուցելու համար տեղի-անտեղի վկայակոչում են Հայաստանի Հանրապետության օրենքները՝ պղծելով ամեն մի սրբություն և օրինականություն։
Այդպե՞ս է Հակակոռուցիոն կոմիտեն իրականացնում նախաքննությունը։
Դե փորձեք սառեցնել Արմինե Կոլյանի, Շուշանիկ Հովհաննիսյանի, Կարեն Հովսեփյանի պաշտոնավարումը, և կտեսնեք՝ հաղորդում տված ու հարցաքննված բոլոր ուսանողները ժամերի ընթացքում կհրաժարվեն իրենց պարտադրված ցուցմունքներից, և հօդս կցնդի հորինված քրեական գործը։
Իմիջիայլոց, հանրապետությունում նախադեպեր ունենք, այդ թվում՝ Սյունիքում, երբ նախաքննության ընթացքում սառեցրել են միջին մասնագիտական կրթական հաստատության տնօրենի լիազորությունները՝ նախաքննությանը ճշմարիտ ընթացք ապահովելու համար։ Իսկ Սյունիքում, այս պարագայում, հակառակն է կատարվում․․․
7․ Չզարմանաք, եթե ասենք․․․
Գորիսի լուծարված քոլեջի հաշվապահին ու տնօրենին մեղադրանք են ներկայացնում՝ առանց հաշվապահական փաստաթղթերն ուսումնասիրելու, առանց կատարված աշխատանքները հաշվի առնելու և այդ աշխատանքների վրա կատարված ծախսերը հաշվարկելու, առանց տնօրենին արատավորող որևէ ցուցմունք ունենալու, առանց միջին մասնագիտական կրթություն իրականացնող ՊՈԱԿ-ին առնչվող օրենքների, նորմատիվ իրավական ակտերի ուսումնասիրման, առանց ենթադրյալ վնասի մանրամասնությունները կամ հիմքերը բացահայտելու, առանց տարանջատելու՝ այդ ամենը ո՞ր տնօրենի պաշտոնավարման ժամանակ է տեղի ունեցել՝ Կարեն Լազարյանի՞, թե՞ Արմինե Կոլյանի։
8․ Մի շատ տարօրինակ հանգամանք ևս․․․
2026 թ․ հունիսի 22-ին հորինված քրեական գործը, ամեն ինչից անկախ, պետք է հենվեր հաշվապահական փաստաթղթերի վրա, քանի որ առկա բոլոր հարցերի ճշգրիտ պատասխանը դրանցում են գտնվում։
Սակայն, որքան էլ զարմանալի է, քննիչները ոչ միայն չեն բռնագրավել այդ փաստաթղթերը, ոչ միայն չեն կնքել այդ փաստաթղթերը պարունակող սենյակի դուռը, այևլ ամեն ինչ թողել են սուտ մատնության հեղինակ տիկնոջ տնօրինության ներքո։
Նման իրավիճակների համար է ասված՝ գառը գայլին են պահ տվել․․․
9․ Կամ՝ միևնույն գործողությունների համար քոլեջի նախկին տնօրենին մեղադրանք են ներկայացնում և ազատությունից զրկում, իսկ նրան փոխարինող տնօրենին քաջալերում և սուտ մատնություններ հորինելու կանաչ ճանապարհ տալիս։
Ոչ մի հեքիաթում, ոչ մի երազում անհեթեթությունների նման կուտակումների չեք հանդիպի։
Եվ փորձում են այդ ֆարսի անունը դնել ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ․․․
* * *
Պարոն վարչապետ
Սույն թեմայի հրապարակային քննարկումը դեռ շարունակություն կունենա առաջիկա օրերին, և Դուք կիմանաք, թե ինչպես են հորինել կամ կարել քրեական գործը և ինչպե՞ս են վարում այսպես կոչված նախաքննությունը։
Մինչ այդ, սակայն, կուզենայինք մեր հիմնավոր համոզմունքը հայտնել առ այն, որ այդ գործում իրոք առկա է պատվեր-հանձնարարականը՝ այն էլ պետական բուրգի ամենաբարձունքից։ Պատճառը՝ քինախնդրություն, հաշվեհարդար, վրեժխնդրություն․․․
Ճիշտն ասած՝ այնքան էլ հավատ չունենք, որ Դուք խորամուխ կլինեք կամ կհանձնարարեք խորամուխ լինել այն մարդկանց ճակատագրերի մեջ, որոնց դեմ գործ է կարվում-հորինվում։
Մյուս կողմից՝ եթե ոչ Ձեզ, ապա ո՞ւմ տեղեկացնեինք։
Ինչևէ, մեր լրագրողական հետաքննության ընթացքում ձեռք բերված նյութերը կշարունակենք ներկայացնել ե՛ւ Ձեզ, ե՛ւ ընթերցողին։
Leave a Reply