Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, այսօր կայացել է «Հայրենիք» կուսակցության անդամներ Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի գործով դատական հերթական նիստը, որի ընթացքում հարցաքննվել է վկա Մելինե Կիրակոսյանը։ Նա այսօր ներկայացած միակ վկան էր, պաշտպան Արսեն Բաբայանը նշեց, որ նախնական դատալսումների ընթացքում ներկայացված ապացույցների փաստական տվյալների հաստատման հայտնի ցուցակում դատախազը մասնավորապես Մելինե Կիրակոսյանի համար որպես ապացուցողական հանգամանք նշել է՝ վերջինս խոսակցություն է ունեցել Սիլվա Աղասյանի հետ, որի ընթացքում վերջինս Կիրակոսյանին կանչել է իր տուն, խոսել, և ըստ խոսակցության բնույթի՝ դա գումարը վերադարձնելու մասին է եղել։ Բաբայանը նկատեց, որ վկայի ցուցմունքով դատախազի ներկայացրած փաստական հանգամանքները չհաստատվեցին։Փաստաբանը նաև մտահոգությամբ արձանագրեց, որ վկաներն արդեն քանի դատական նիստ է՝ չեն ներկայանում, ուստի, առաջարկում է բոլորին ծանուցել, ով կգա՝ կհարցաքննեն, քանի որ այդ վկաների չներկայանալու պատճառով Խաչիկ Գալստյանն արդեն 11 ամիս է, ինչ անազատության մեջ է։ Հայտարարությամբ հանդես եկավ նաև Խաչիկ Գալստյանը։
«Այսօրվա հարցաքննությունը ցույց տվեց, որ դատակոչված վկաների ցուցմունքներում իմ առնչությունը մեղսագրվող հանցանքի հետ որևէ աղերս չունի։ Խնդրում եմ, եթե հնարավոր է, այս դատական նիստի ընթացքում, օրինակ, ներկայացնել՝ ես որ ցուցմունքի որ կետի վրա կարող էի ազդել, որի պատճառով գտնվում եմ տնային կալանքի մեջ, և դատարանն ամեն անգամ ժամկետը երկարացնում է, հանրային մեղադրողն էլ վկայակոչում է, որ առկա է ռիսկ, որ մեղադրյալը կարող է ազդել վկաների ցուցմունքների վրա»,-ասաց Խաչիկ Գալստյանը՝ հավելելով, որ 57 վկաների ցուցմունքները գրեթե կրկնություններ են, բացառությամբ 1-2 դեպքերի, որոնցով մարդիկ ընդունում են իրենց մեղավորությունը, բայց պարզվում է, որ դա իրենց մեղսագրվող արարքին չի վերաբերում։
Խաչատրյանը նաև նշեց, որ նախորդ դատական նիստին պրոբացիայի ծառայությունը և ոստիկանությունը չեն ապահովել իր մասնակցությունը, ուստի, առաջարկեց, որ նման բան կրկնելու դեպքում իր փաստաբաններն իրեն ուղեկցեն դատարան։ Նա ընդգծեց, որ իր կամքը չի կոտրվի, ինքը քաղաքական հալածյալ է։
Հիշեցնենք, որ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանին ՀԿԿ-ն մեղադրում է դեռ 2025թ․ նոյեմբերին Վաղարշապատում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների ժամանակ, իբր, ընտրողներին ընտրակաշառք բաժանելու մեջ: Գալստյանը կալանավորվել է Ամանորի նախօրեին՝ 2025թ․ դեկտեմբերի 30-ին։ Պաշտպան Արսեն Բաբայանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ընդգծել է, որ Խաչիկ Գալստյանը մեղադրանքը չի ընդունում, այն ամբողջությամբ հնարովի է, «Հայրենիք» կուսակցությունը երբեք ընտրակաշառքի հետ առնչություն չի ունեցել, մշտապես քննադատել է կոռուպցիոն բնույթի բոլոր հանցագործությունները։ Խաչիկ Գալստյանից բացի քրեական վարույթով նույն օրը ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև Արամ Քոչարյանը։ Գալստյանի և Քոչարյանի խափանման միջոցները հետագայում փոխարինվել է տնային կալանքով։
Leave a Reply