ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանն ու Պալատի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամ Նոննա Քամալյանը ՌԴ դաշնային նոտարական պալատի հրավերով տեսակապի միջոցով մասնակցել են «Պայմանագրային իրավունքի արդիական հարցերը նոտարական պրակտիկայում» թեմայով միջազգային կլոր սեղան-քննարկման:
Միջոցառմանը մասնակցել են նաև տարբեր պետությունների նոտարներ, նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների Բազային կազմակերպության ներկայացուցիչներ, ինչպես նաև գիտական համայնքի ներկայացուցիչներ:
📍Միջազգային կլոր սեղան-քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նոտարական գործարքների կատարման ընթացքում թվային տեխնոլոգիաների կիրառման առանձնահատկություններին, նոտարի դերին՝ կորպորատիվ իրավունքում, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների իրավունքների պաշտպանության գործում, ամուսնական և ընտանեկան իրավահարաբերություններում նոտարի կողմից վավերացվող պայմանագրերին, ինչպես նաև միջազգային տարր պարունակող նոտարական գործողությունների առանձնահատկություններին։
📒ՀՀ նոտարական պալատի ներկայացուցիչ Նոննա Քամալյանը միջազգային քննարկման ընթացքում հանդես է եկել զեկույցով՝ «Ներկայացուցչությունը և լիազորագիրը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունքում․ իրավական կարգավորումը և իրավակիրառ պրակտիկայի արդիական հարցերը» թեմայի շրջանակում: Զեկույցի ընթացքում Նոննա Քամալյանն անդրադարձել է լիազորագրերի որոշակիության և հստակության խնդրին՝ ընդգծելով, որ դրանք չպետք է լինեն երկիմաստ և ընդհանրական, որպեսզի հնարավոր լինի հնարավորին չափ պաշտպանել գործարքի կողմերի իրավունքները, ինչպես նաև կանխել հնարավոր դատական վեճերը: Նոննա Քամալյանը ներկայացրել է նաև Հայաստանում լիազորագրերի վավերացման՝ օրենքով սահմանված արգելքները, ինչպես նաև այլ պետությունների նոտարների վավերացրած լիազորագրերով Հայաստանում նոտարական գործողությունների կատարման ընթացքում հանդիպող պրակտիկ խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները:
Leave a Reply