«Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոցի»-ի ընդունարանում հայրիկի գրկում նստած երկու պոչիկով Միյան հետաքրքրությամբ ուսումնասիրում է շուրջը։ Հետո նկատում իրեն ժպտացող Սերինե Մելիքսեթյանին՝ առաջին բժիշկներից մեկին, որին հանդիպել է կյանքում։ Փոքրիկը ձգվում է դեպի բժիշկն ու բոլորս ժպտում ենք՝ ի նշան կյանքի հաղթանակի, որը բժշկական թիմի պրոֆեսիոնալիզմի, ծնողների հավատի ու երկուսի անսասան վստահության արդյունքն էր։
Միյա Գադեյանը ծնվել է 2025 թվականի փետրվարին՝ ստոծանու ճողվածքով։ Այս բնածին արատի հետեւանքով նրա ներքին օրգանների մի մասը հայտնվել էր կրծքավանդակում՝ խանգարելով օրգանիզմի բնականոն զարգացմանը։ Ծնողները՝ Մարիաննա եւ Վլադիմիր Գադեյանները, նրան սպասել էին ինը տարի։ Երբ հղիության 25-րդ շաբաթում հետազոտությունը բացահայտեց ախտորոշումը, որոշումը միանշանակ էր՝ պայքարել՝ անկախ բոլոր հանգամանքներից։
Պրոֆեսիոնալիզմի, մասնագիտական նվիրման, պայքարի եւ, ի վերջո, հաղթանակի այս պատմությամբ Ուիգմորի մասնագետների թիմն ու Միյայի ծնողները կիսվել են Մեդիամաքսի հետ։
Միյան. երկար սպասված ու դժվար ճանապարհ անցած
«Միյան մեր առաջնեկն է՝ երկար սպասված ու դժվար ճանապարհ անցած», – ասում է Մարիաննա Գադեյանն ու ժպիտով նայում իր գրկում թխվածքաբլիթ ուտող ու զրույցը լսող փոքրիկին.
«Երեխային սպասել ենք 9 տարի ու հղիության ընթացքում իմացել՝ լուրջ խնդիր կա: Հերթական հետազոտության ժամանակ պարզ դարձավ, որ երեխան ունի ստոծանու ճողվածք, ինչը նշանակում է, որ նրա ներքին օրգանները զարգանում են սովորականից այլ դասավորվածությամբ»։
Ստոծանու ճողվածքի դեպքում որովայնի խոռոչի օրգանները տեղափոխվում են կրծքավանդակ։ Դա կարող է խանգարել թոքերի զարգացմանն ու առաջացնել կենսական օրգանների տեղաշարժ։
Լուրից հետո ծնողները խորհրդակցում են տարբեր բժիշկների հետ, կարծիքների մի մասը հուսադրող չէր։
«Բայց մենք նույնիսկ 0,1 տոկոսով պատրաստ չէինք գնալ այդ ճանապարհով ու բոլոր ջանքերը ուղղված էին միայն ելք գտնելուն: Համոզված էինք՝ եթե Աստված տվել է մեզ այս երեխային, ուրեմն ելքն էլ կգտնվի», – ասում է Վլադիմիր Գադեյանը։
Ելք առաջարկող բժիշկների կարծիքը միանշանակ էր՝ ծնվելուց հետո երեխան պետք է վիրահատվի։ Այս ճանապարհով գնալու համար ընտանիքը պետք է գտներ բուժհաստատություն, որտեղ հնարավոր կլիներ ոչ միայն կատարել անհրաժեշտ վիրահատությունը, այլեւ՝ կազմակերպել ծննդաբերությունն ու նորածնի բուժօգնության բոլոր փուլերը։
Գադեյանների ընտանիքն Արցախից է, այդ շրջանում Վլադիմիրն ու Մարիաննան նոր էին հաստատվում Երեւանում ու տեղյակ չէին հիվանդանոցների մասնագիտական հնարավորությունների մասին, չգիտեին՝ ում դիմել։
Ուիգմորն ընտրելու հարցում որոշիչ է դառնում հիվանդանոցում աշխատող ընկերոջ հետ զրույցն ու հանգամանքը, որ այստեղ հնարավոր էր եւ՛ ծննդաբերել, եւ՛ կազմակերպել նորածնի հետագա խնամքն ու վիրահատությունը։
«Երեխային պետք էր զերծ պահել ծննդատնից հիվանդանոց տեղափոխելու սթրեսից, իսկ այստեղ ամեն ինչ մեկ տեղում էր։ Այսօր վստահ ասում եմ՝ կայացրեցինք ամենաճիշտ որոշումը։ Չնայած՝ դրանում արդեն համոզվեցինք Ուիգմոր գալու առաջին րոպեներից։ Մեզ դիմավորեց սրտացավ, աջակցող ու, ամենակարեւորը, պրոֆեսիոնալ թիմ», – ասում է Վլադիմիրը։
«Նեոնատոլոգն առաջին բժիշկն է, որին հանդիպում ենք կյանքում»
Ուիգմորում Միյային սպասում էին։ Դեպքի մասին տեղեկանալուց հետո հիվանդանոցում կազմակերպվում է բազմամասնագիտական քննարկում, որի ընթացքում նորածնային ծառայության, վիրաբուժական եւ անեսթեզիոլոգիական թիմերը քննարկում են երեխայի վիճակն ու բուժման հնարավոր ընթացքը։
«Կարեւոր էր պատրաստ լինել ու մինչեւ երեխայի ծնվելը հստակեցնել հետագա բոլոր քայլերը», – ասում է «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի Նորածնային ծառայության պատասխանատու Սերինե Մելիքսեթյանը.
«Նորածնի բուժօգնությունը սկսվում է դեռեւս մինչեւ ծնվելը։ Մենք միշտ ասում ենք, որ երեխային տեսնում ենք ավելի շուտ, քան՝ մայրիկը: Նեոնատոլոգն առաջին բժիշկն է, որին հանդիպում ենք կյանքում։ Նա մանկաբարձ-գինեկոլոգների հետ հետեւում է պտղի զարգացմանը, գնահատում հնարավոր ռիսկերը եւ մասնակցում ծննդաբերության կազմակերպմանը։ Բարդ դեպքերում նախնական պլանավորումը հատկապես կարեւոր է, քանի որ ծնվելուց հետո անհրաժեշտ միջամտությունների համար ժամանակը կարող է որոշիչ լինել»։
Սերինե Մելիքսեթյանն ընդգծում է՝ այս պարագայում հատկապես կարեւոր է մանկական հիվանդանոցում ծննդատան եւ նորածնային վիրաբուժական ծառայության առկայությունը.
«Որպեսզի բուժման տարբեր փուլերը կազմակերպեն մեկ վայրում՝ առանց նորածնին այլ բուժհաստատություն տեղափոխելու լրացուցիչ ռիսկի։ Սա Հայաստանում բացառիկ հնարավորություն է, որն ունենք «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ում»։
«Միասնական մեխանիզմ, որի յուրաքանչյուր մասնիկ խիստ կարեւոր է»
Միյայի բուժման պլանավորման մեջ առաջիններից մեկը ներգրավված էր մանկական վիրաբույժ Արայիկ Կարապետյանը՝ «Ուիգմոր կանանց եւ երեխաների հիվանդանոց»-ի Վիրաբուժական ծառայությունների ղեկավարը։
Նրա խոսքով՝ ստոծանու ճողվածքի դեպքում բուժման ելքը մեծապես կախված է արատի առանձնահատկություններից։ Միյայի դեպքում խոսքը միջին չափերի ճողվածքի մասին էր, որի հետեւանքով աղիներն ու փայծաղը զարգացել էին կրծքավանդակում։
«Կարող եք պատկերացնել, որ սրա հետեւանքով ողջ ներարգանդային կյանքում երեխայի ձախ թոքը սեղմված էր, իսկ դրա զարգացումը՝ մեծ ռիսկի տակ։ Փոխվել էր օրգանիզմի ողջ կառուցվածքը, անոթների դասավորվածությունը», – հիշում է Արայիկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ ստոծանու ճողվածքների դեպքում ապրելիության ցուցանիշը 30-80 տոկոսի միջակայքում է։ Ցուցանիշի այսքան մեծ միջակայքը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, առաջին հերթին՝ արատի ձեւով։
«Այո՛, ցավոք, բժիշկները չեն կարող փոխել արատի առանձնահատկությունները, բայց կարող են հնարավորինս ճիշտ կազմակերպել ծննդաբերությունը, նորածնի կայունացումն ու վիրահատությունը։ Պետք է գործի միասնական մեխանիզմ, որում յուրաքանչյուր մասնիկ խիստ կարեւոր է», – ասում է վիրաբույժը։
Միյան վիրահատվեց ծնվելուց ընդամենը երեք օր անց
Միյան ծնվեց ժամանակին։ Մասնագետների խոսքով՝ սա շատ կարեւոր է, քանի որ անհասության դեպքում բուժման ընթացքը կարող էր բարդանալ, իսկ վիրահատությունը՝ հետաձգվել։
Սերինե Մելիքսեթյանը հիշում է ծննդաբերությունից առաջ Վլադիմիրի հետ հանդիպումը.
«Իմանալով դեպքի բարդությունը՝ պատրաստ էի տեսնել ծանր ապրումներով մարդու, փոխարենը՝ տեսա լայն ժպտացող Վլադիմիրին։ Եկավ ինձ ընդառաջ ու ասաց՝ «բժշկուհի, ամեն ինչ լավ է լինելու, ինչո՞ւ եք այսքան անհանգիստ»: Կարող եմ ասել՝ երկար տարիների փորձի արդյունքում համոզվել եմ՝ ծնողների տրամադրվությունը գործի կեսն է: Իրենց հույսը, հավատը ու այն, որ այս պայքարում մեր կողքին են, շատ կարեւոր է»։
Միյան վիրահատվեց ծնվելուց ընդամենը երեք օր անց։
«Բժիշկ Կարապետյանին առաջին անգամ հանդիպելուց հետո մեզ մոտ այլեւս կասկած չկար՝ ամեն ինչ լավ է լինելու։ Շատ վախեցած էինք, բայց՝ վստահ», – հիշում է Մարիաննան։
Այսպիսի վիրահատությունների ժամանակ մեծ նշանակություն ունի ոչ միայն վիրաբույժի փորձը, այլեւ՝ անեսթեզիոլոգիական թիմի աշխատանքը։ Նորածնի փոքր քաշն ու ֆիզիոլոգիական առանձնահատկությունները պահանջում են դեղորայքի չափաբաժինների, ժամանակի եւ մյուս ցուցանիշների առավելագույն ճշգրտություն։
«Սա չափազանց նուրբ աշխատանք է: Եթե մեծ բուժառուի մոտ դեղորայքի միլիլիտրի մեկ տասներորդ մասի ավելցուկը կամ պակասը կարող է խնդրահարույց չլինել, այս դեպքում նույնիսկ տասներորդ մասի տասներորդ մասը կարող է որոշիչ լինել: Կարեւոր են վայրկյանները, ծավալները, չափսերը՝ ամեն ինչ», – ասում է Արայիկ Կարապետյանը։
Միյայի վիրահատության ժամանակ կիրառվել է էնդոսկոպիկ մոտեցում եւ թորակոսկոպիա. վիրաբույժն աշխատել է գործիքներով, որոնց չափսն ընդամենը 3մմ է։ Արայիկ Կարապետյանի խոսքով՝ քիչ ինվազիվ միջամտությունը կարեւոր էր նաեւ հետագա վերականգնման տեսանկյունից։
Վլադիմիրի ու Մարիաննայի իրավիճակում հայտնված ծնողներին վիրաբույժը մեկ խորհուրդ ունի՝ դիմել միայն այն բժշկին ու բուժհաստատությանը, որին լիովին հավատում են.
«Կարեւոր չէ՝ այն լուսավոր է, պայծառ կամ այլ կերպ գրավիչ: Կարեւոր է դիմել նրան, ում լիովին հավատում ու վստահում ես: Իսկ բժիշկի տեսանկյունից չափազանց կարեւոր է ծնողների հետ զրույցի ընթացքում առանց փակագծերի ներկայացնել իրավիճակը, պարզաբանել ամեն ինչ»։
«Ոչ թե գալիս էի հիվանդանոց, այլ՝ երբեմն այստեղից տուն էի գնում»
Վիրահատությունը հաջող էր ու դրան հաջորդող 33 օրը Միյան շարունակում էր մնալ Ուիգմորի նորածնային բաժանմունքում։ Բժիշկների թիմը հետեւում էր նրա վիճակին եւ օգնում հաղթահարել վերականգնման ընթացքը։
Մարիաննան այդ օրերին դստեր կողքին էր, իսկ Վլադիմիրը փորձում էր բաց չթողնել որեւէ նորություն։
«Հիշում եմ, որ ամեն անգամ սենյակիս դուռը բացելիս տեսնում էի կանգնած ու ինձ սպասող Վլադիմիրին», – ժպիտով հիշում է Սերինե Մելիքսեթյանը։
«Ես անդադար հիվանդանոցում էի: Ավելի ճիշտ կլիներ ասել՝ ոչ թե գալիս էի հիվանդանոց, այլ՝ երբեմն այստեղից տուն էի գնում», – ծիծաղում է Վլադիմիրը։
«Չեմ կարող մոռանալ մեծ աջակցությունը, որ ստանում էինք ամեն րոպե։ Տպավորություն էր, թե հիվանդանոցի ողջ անձնակազմը մեզ շատ մոտ հարազատներ են: Բոլորը հարցնում էին երեխայի մասին, իսկ իմ անհանգտսություններին պատասխանում շատ սրտացավ, ամեն ինչ բացատրում պարզ բառերով, զրուցում, աջակցում»։
«Մեր ծառայության թիկունքում էլ ավելի մեծ թիմ է»
Սերինե Մելիքսեթյանի խոսքով՝ Միյայի դեպքը ցույց է տալիս, թե որքան կարեւոր է ճիշտ գնահատել արատի առանձնահատկությունները եւ բուժումը կազմակերպել համապատասխան մասնագիտական թիմի ու պայմանների առկայությամբ։
«Շատ է օգնում գիտակցումը, որ մեր ծառայության թիկունքում էլ ավելի մեծ թիմ է՝ վիրաբույժները, անեսթեզիոլոգները, մանկաբարձները: Միայն համատեղ ջանքերով է հնարավոր հասնել նման հաղթանակների», – ասում է նա ու ավելացնում՝ «այս արատով երեխաները պետք է ապրեն».
«Պնդման հիմքում միջազգային փորձն է, զարգացած նեոնատալ ծառայությունը, պրոֆեսիոնալ վիրաբուժական թիմը, անեսթեզիոլոգները։ Ստոծանու արատը տարբեր դրսեւորումներ ունի։ Այո՛, լինում են դեպքեր, երբ ցուցումը հղիության ընդհատումն է, բայց Միյայի պարագայում իրավիճակն ավելի լավն էր ու բուժումը ճիշտ կազմակերպելու դեպքում երեխան կարող էր ապրել: Ինչպես տեսնում եք՝ հաջողվեց»։
«Պետք է շարունակել, կանգ չառնել ու առաջ գնալ»
Բժշկի աշխատանքը, սակայն, միայն հաղթանակներ չի ենթադրում։
«Մեր աշխատանքն իսկապես շատ ծանր է, որովհետեւ հաղթանակների կողքին կան նաեւ ցավալի պարտություններ: Միշտ չէ, որ հաջողվում է», – ասում է Սերինե Մելիքսեթյանը.
«Յուրաքանչյուր դեպք վերապրում ենք ու երբեմն սա կարող է հանգեցնել որոշակի հուսահատության:
Հետո մի օր հանդիպում ենք Միյայի նման բալիկների, ովքեր արդեն մեծացել և իրենց ոտքով գալիս են, ժպտում քեզ ու գրկում։ Նման պահերին հասկանում ես՝ պետք է շարունակել, կանգ չառնել ու առաջ գնալ»։
«Բնավորությամբ «իր ասածի» շատ խելացի ու շատախոս»
Զրույցի վերջում ծնողներին հարցնում եմ՝ ինչպե՞ս է Միյան հիմա, ի՞նչ է սիրում, ի՞նչ բնավորություն ունի։
«Հիմա մեր աղջիկն առողջ է ու իրեն շատ լավ է զգում: Բնավորությամբ «իր ասածի է» (ժպտում է – հեղ.), շատ խելացի ու շատախոս: 1 տարեկան 8 ամսական է ու սկսել է խոսել շատ վաղ։ Նկատել եմ, որ ամեն ինչ շատ արագ է սովորում։ Բավական է մի բան ցույց տամ կամ ասեմ, իսկույն կրկնում է», – պատմում է Մարիաննան։
«Նաեւ բարի է, կիսվող: Իր խաղալիքները սիրով տալիս է մյուս երեխաներին», – ավելացնում է Վլադիմիրը։
Իրենց իրավիճակում հայտնված ծնողներին նրանք մի խորհուրդ ունեն՝ պետք է հավատալ։
«Մենք հանդիպեցինք բժիշկների, որոնք իրենց պրոֆեսիոնալիզմով Աստծո ձեռքերը դարձան ու փրկեցին մեր երեխային», – ասում է Վլադիմիրը։
«Ու լինել համախմբված», – ավելացնում է Մարիաննան.
«Ընտանիքի ներսում, բժիշկների հետ թիմ լինել ու գործել մեկ նպատակի համար»։
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Leave a Reply