«Ազատության» տեղեկություններով՝ նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին, իսկ տեքստը կհրապարակվի առաջիկա օրերին։
Այն, որ նախագիծը կհրապարակվի «հաշված օրերի» ընթացքում, այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց նաև Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը: Նա, սակայն, հստակ օր չնշեց:
«Ֆորմատի մասին կլինեն լրացուցիչ տեղեկություններ, վստահ եմ ամեն ինչ թափանցիկ կլինի», – նշեց Ալեքսանյանը:
Ավելի վաղ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էին, որ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին:
Սահմանադրության փոփոխության շուրջ վերջին օրերին սրվել է նաև իշխանության և ընդդիմության պայքարը։ Նոր Սահմանադրությունն «ալիևյան» անվանող 12 ընդդիմադիր ուժեր հայտարարել են համախմբվելու և իշխանությունների նկատմամբ հանրային ճնշում գործադրելու մտադրության մասին՝ փաստաթղթի ընդունումը կանխելու նպատակով։
«Ազատության» հարցին՝ քանի որ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ չեն աջակցի իշխանությանը նախագիծը հանրաքվեի դնելու հարցում, այդ սցենարի դեպքում իշխող ուժն ունի՞ պլան Բ, Ալեքսանյանը պատասխանեց. «ՀՀ-ում իշխանությունը պատկանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին: Հայաստանի Հանրապետության ժողովուդը էն միակ սուբյեկտն է, որը ՀՀ-ում կարող է ընդունել կամ մերժել նոր Սահմանադրությունը: Ցանկացած մեկը, ով կփորձի ժողովրդին պատկանող այդ բացառիկ իրավունքն իրենով անել, նա երկար չի դիմանա քաղաքական դաշտում»:
Այս ամսվա սկզբին ընդդիմադիրների նկատմամբ ճնշում բանեցնելու մտադրության մասին խոսելով՝ վարչապետ Փաշինյանը փակագծեր էր բացել՝ ասելով, որ իշխանությունն, օրինակ, կարող է խորհրդարանի առջև ցույց անել՝ այդ կերպ ստիպելով ընդդիմադիր պատգամավորներին կողմ քվեարկել նոր սահմանադրության նախագծին:
Նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է առնվազն 70 կողմ քվեարկությունը: Վերջին խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չստացած «Քաղաքացիական պայմանագիրն» առանց ընդդիմադիրների 6 ձայնի չի կարող ընդունել այդ որոշումը: Ընդդիմությունը համարում է, որ երկրի մայր օրենքը փոխվում է Բաքվի պահանջով
Բաքուն որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման պահանջում է Հայաստանի Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում: Արդեն հայտնի է, որ նոր Սահմանադրության նախաբանը չի պարունակելու հղում Անկախության հռչակագրին:
Միևնույն ժամանակ Ալեքսանյանն այսօր ընդգծեց, որ նախաստորագրված խաղաղության համաձայնագրում հստակ նշված է, որ կողմերը չեն կարող, հղում անելով սեփական օրենսդրությանը, այդ թվում՝ Սահմանադրությանը, չկատարել համաձայնագրի կետերը: «Այսինքն, տվյալ խաղաղության համաձայնագիրը ունի ավելի բարձր օրենսդրական ուժ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, քան իրենց օրենսդրությունը, այդ թվում՝ Սահմանադրությունը», – ասաց նա:
դիտվել է 19 անգամ
Leave a Reply