Հայ-ռուսական խմբի օրակարգում է երկաթուղու կոնցեսիայի արդյունավետությունը. փոխնախարար․ «Ազատություն»

Written by

in

Ավարտվել են երկաթուղիների շուրջ հայ-ռուսական աշխատանքային խմբի բանակցությունները: Կողմերը քննարկել են ռուսական կոնցեսիյայի արդյունավետությունը, «Ազատության» հետ զրույցում հայտնեց տարածքային կառավարման փոխնախարար Դավիթ Իվանյանը:

«Բանակցությունները անցան շատ ընկերական, բավականին նորմալ, երկու ոտքը հողի վրա, գործնական, կոնկրետ ուղղությունների, հատվածների մասին», – ասաց Իվանյանը:

«Ազատության» հարցին՝ ռուսական կողմը հիմնավորո՞ւմ է, որ իր կոնցեսիան արդյունավետ է, Իվանյանը պատասխանեց. «Դեռ չենք եկել այդ էտապին, որ կարողանանք պատասխանել այդ հարցին»:

Պաշտոնյան հայտնեց, որ հանդիպմանն անդրադարձել են նաև երկաթուղու 2 հատվածները վերականգնելու հարցին՝ միևնույն ժամանակ նշելով, որ սա առաջին հանդիպումն է և շատ տեխնիկական մանրամասների դեռ կանդրադառնան. «Բայց շատ նորմալ, տեղը-տեղին քննարկում էր»:

Մոսկվան դեռ հոկտեմբերի սկզբին էր հայտարարել, որ Ռուսաստանը Հայաստանից արձագանք է ակնկալում հայկական երկաթուղու երկու հատվածների՝ Երասխից մինչև Նախիջևանի սահման և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման, վերականգնման վերաբերյալ առաջարկին։

Փոխնախարարը հայտնեց, որ եռամսյա ձևաչափով քննարկումների արդյունքում ձեռք բերված եզրահանգումների հիման վրա կորոշվեն հետագա անելիքները:

Հայ- ռուսական աշխատանքային խումբը ստեղծվել է հոկտեմբերին՝ երեք ամիս ժամկետով, ռուսական կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու գործունեության հետ կապված հարցերը քննարկելու նպատակով։ Հայկական կողմից այն ղեկավարում է տարածքային կառավարման փոխնախարար Դավիթ Իվանյանը։ Ռուսական կողմից խմբում ընդգրկված են Ռուսաստանի տրանսպորտի նախարարի տեղակալ Ալեքսեյ Շիլոն և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին։

Հայաստանի վարչապետի փոխանցմամբ՝ այս աշխատանքային խումբը պետք է առաջարկներ ներկայացնի՝ հայկական երկաթուղու մրցունակությունը բարձրացնելու շուրջ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 11 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *