Օրեր առաջ «Հայը» ֆեյսբուքյան էջն անդրադարձել է Սյունիքի փոխմարզպետներից մեկի՝ Նարե Ղազարյանի հայտարարագրած ունեցվածքին՝ 2025 թ․ կտրվածքով։
Ըստ այդ հրապարակման՝ փոխմարզպետը 2025 թվականին 32․452․000 դրամով բնակարան է գնել Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Ունեցել է, դրանից զատ, 8․500․000 դրամ կանխիկ գումար։
Իբր ունի նաև մեկ բնակարան Կապանում՝ չհայտարարգրված։
Տվյալ հրապարակումը «Սյունյաց երկիր» կայքում վերարտադրելուց հետո բազմաթիվ գրառում-արձագանքներ են եղել։
Օգտատերերից մեկի քոմենթի համաձայն՝ Նարե Ղազարյանը չի սովորել «Հայբուսակ» համալսարանում, բայց աշխատում է նշված համալսարանի դիպլոմով, նաև այդ դիպլոմով է կրթությունը շարունակել Գորիսի պետական համալսարանի մագիստրատուրայում։
«Հայը» ֆեյսբուքյան էջի վերոնշյալ հրապարակումը մեծ արձագանք է գտել, և այս օրերին շարունակում է մնալ Սյունիքի մարզում քննարկվող ամենաթեժ թեման։
Ոմանք կարծում են, թե փոխմարզպետն իր ազնիվ աշխատանքով կամ վարկով է ձեռք բերել այդ ամենը։ Ոմանք էլ, թե դա կոռուպցիայի ակնհայտ դրսևորում է կամ աշխատանքից հետո նրա կողմից իրականացված ինչ-ինչ ծառայությունների վճար։
Մենք չենք կարող ու չենք էլ կամենում հավատալ կողմերից որևէ մեկի պնդումներին։
Սակայն խոսքը Սյունիքի տարածքային իշխանության պատասխանատուներից մեկի մասին է։ Ուստի և հանրությունն իրավունք ունի իմանալու ճշմարտությունը, մանավանդ որ մարզպետարանի մեր աղբյուրները տեղեկացնում են, թե առանց մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի՝ փոխմարզպետը չէր կարող այդքան գումար «վաստակել»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի Հոդված 173-ի համաձայն՝ «3․ Զանգվածային լրատվության միջոցներում առերևույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկությունները քննիչի համար կարող է քրեական վարույթ նախաձեռնելու առիթ լինել»։
Ուզում ենք իմանալ՝ արդյո՞ք քրեական վարույթ է նախաձեռնվել փոխմարզպետ Նարե Ղազարյանի՝ ենթադրյալ կոռուպցիոն սխեմաների մեջ ընդգրկված լինելու մասով։
Եթե ոչ, ապա կուզենայինք իմանալ պատճառը, քանզի Հայաստանի Հանրապետության օրենքների առաջ պատասխանատու են բոլորը, քանզի խոսքը (կրկնում ենք) Սյունիքի տարածքային իշխանության պատասխանատուներից մեկի մասին է։
Leave a Reply