«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայկական քաղաքական մտքի պատմության մեջ գրանցվել է նոր, աննախադեպ հայտնագործություն՝ «հետին թվով հերոսական դիմադրություն»։ Ըստ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի ներկայացրած վարկածի, պարզվում է՝ Եվրամիությանն անդամակցելու օրակարգի վտանգների մասին նա զգուշացրել է Նիկոլ Փաշինյանին և կառավարության մյուս անդամներին դեռ այն ժամանակ, երբ ինքը նստած էր այդ նույն սեղանի շուրջ։
Պատկերացնո՞ւմ եք այդ պատմական, Շեքսպիրի գրչին արժանի տեսարանը։ Կառավարության փակ նիստ է։ Բոլորը ոգևորված քննարկում են եվրոպական ինտեգրումը, իսկ անկյունում նստած ԱԽ քարտուղարը լուռ, գրեթե աննկատ, բայց ներքուստ խոր համոզվածությամբ շշնջում է. «Մի՛ գնացեք այս ճանապարհով, վտանգավոր է»։ Այնքան լուռ է շշնջացել, որ տարիներ շարունակ հանրությանը թվում էր, թե հենց ինքն է այդ ուղղության գլխավոր ճարտարապետներից մեկը։
Միջազգային ամենատարբեր հարթակներում, բրյուսելյան և վաշինգտոնյան հանդիպումներում նա ոգևորված խոսում էր եվրոպական կուրսի և Արևմուտքի հետ մերձեցման անայլընտրանք լինելու մասին, բայց արի ու տես, որ այդ ամբողջ ընթացքում ներքուստ տառապել է, դիմադրել է, պայքարել է։ Պարզապես այդ պայքարն այնքան խոր գաղտնիության պայմաններում է ընթացել, որ նույնիսկ իր իսկ բերանից դուրս եկող եվրոպամետ հայտարարությունները չեն կռահել, թե ինչ է կատարվում իր հոգու խորքում։
Սա ճիշտ նման է այն խոհարարին, որը տարիներ շարունակ ռեստորանի խոհանոցում անձամբ է պատրաստում ամենակծու ուտեստը, ժպտալով մատուցում է հաճախորդներին, գովում է համեմունքները, բայց երբ իրեն ազատում են աշխատանքից, դուրս է գալիս փողոց ու բարձրախոսով հայտարարում. «Ժողովո՛ւրդ, ես հենց խոհանոցում էլ շեֆ-խոհարարին ասում էի, որ էսքան պղպեղը ստամոքսի խոց է առաջացնելու, ուղղակի ինձ չլսեցին, ստիպված ես էլ էի լցնում»։
Իհարկե, քաղաքական իրականության մեջ նման բացահայտումները տարբեր արձագանքներ են առաջացնում։ Իշխանական թևի ներկայացուցիչներն ու քաղաքական ընդդիմախոսները հարց են բարձրացնում, որ եթե այդ քաղաքականությունն իսկապես այդքան վտանգավոր էր պետության համար, ինչո՞ւ ԱԽ քարտուղարը պաշտոնավարման ժամանակ չհրաժարվեց դրանից՝ հրապարակային հրաժարական տալով, այլ սպասեց պաշտոնանկությանը՝ իր սկզբունքայնությունը ցուցադրելու համար։
Ամեն դեպքում, այս պատմությունը մեզ սովորեցնում է մի կարևոր դաս՝ երբեք մի՛ հավատացեք պաշտոնյայի արած գործերին և ասած խոսքերին, քանի դեռ նա պաշտոնի է։ Իրական ճշմարտությունը, պարզվում է, ծնվում է միայն այն պահին, երբ աշխատասենյակի բանալին հանձնվում է պահակին, իսկ տեսախցիկները միանում են արդեն «նախկինի» կարգավիճակում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Leave a Reply