Փաստաբան Միքայել Համբարձումյանը հայտնել է, որ «Հայաստան» դաշինքի հրավերով այսօր մասնակցել է Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկմանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակին և անազատության հետ կապված խափանման միջոցների լայն կիրառմանը։
Քննարկման ընթացքում փաստաբան Սերգեյ Հարությունյանը բարձրաձայնել է իր պաշտպանյալ Արթուր Վարդանյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։ Վերջինս ներկայումս պատիժ է կրում քրեակատարողական հիմնարկում։
Միքայել Համբարձումյանը, անդրադառնալով խնդրին, նշել է, որ անձամբ լավ է ճանաչում Արթուր Վարդանյանին, քանի որ ղեկավարել է նրա և մյուսների վերաբերյալ «Նորքի զինված խումբ» անվանումը ստացած քրեական գործը քննած քննչական-օպերատիվ խումբը։«Նա բնավորությամբ կամային անձնավորություն է, և եթե այժմ բարձրաձայնում է ունեցած առողջական խնդիրների մասին, ուրեմն վիճակն իսկապես լավ չէ»,- նշել է Համբարձումյանը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է Արթուր Վարդանյանի առողջական վիճակին ցուցաբերել առավելագույն ուշադրություն, բացառել անտարբերությունն ու ձևական մոտեցումները՝ կանխելու հնարավոր անդառնալի հետևանքները։
Փաստաբանը նաև զգուշացրել է, որ խնդրի անտեսումը կարող է հանգեցնել նոր դժգոհությունների և պատասխանատու պաշտոնյաների հերթական հրապարակային արդարացումների։
Screenshot

Leave a Reply