Մորս ձայնը լսելը երջանկություն էր․ Արեգնազ Մանուկյանի դուստրը՝ մոր կալանքի ու իր հոգեվիճակի մասին

Written by

in

Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի դուստրը՝ 14-ամյա Արփի Մուրադյանը, այսօր խորհրդարանական լսումների ժամանակ խոսեց մոր ձերբակալության, ընտանիքի ապրումների և այդ դեպքերի՝ իր հոգեվիճակի վրա ունեցած ազդեցության մասին։

 

Արփին պատմեց, որ ամառը պետք է անցկացներ ընտանիքի և ընկերների հետ, սակայն մոր ձերբակալությունը փոխեց իր ծրագրերն ու հոգեվիճակը։

 

Նրա խոսքով՝ վաղ առավոտյան, երբ ընտանիքը քնած էր, անծանոթ մարդիկ աղմուկով ներխուժեցին իրենց բնակարան ու ձերբակալեցին մորը։

 

«Ես շատ ծանր տարա, բայց փորձում էի ցույց չտալ։ Շատերին թվում էր, թե ուժեղ էի, բայց ներսիցս օրեցօր կոտրվում էի։ Ես մինչև հիմա հիշում եմ մեր դռանն անդադար հարվածելու այդ ձայները», – պատմեց Արփին։

 

Նա նշեց, որ մոր ձերբակալությունից հետո գիշերները չի կարողացել քնել՝ մտածելով, թե ինչպես է մայրը կալանավայրում, ինչպես են վերաբերվում նրան։ Մոր կարոտը, նրա խոսքով, հաճախ արցունքների պատճառ է դարձել։

 

Արփին պատմեց նաև, որ երբեք չէր պատկերացնի՝ կալանավայր այցելությունը կարող է դառնալ իր կյանքի ամենաերջանիկ օրերից մեկը։ Իր ծննդյան օրը նա պարզապես ցանկացել է լսել մոր ձայնը և ասել, թե որքան է սիրում նրան։

 

«Ես Արեգնազ Մանուկյանի դուստրն եմ, և հպարտ եմ դրա համար։ Իմ մայրը հանցագործ չէ, նա ուժեղ է և երբեք չի կոտրվում», – հայտարարեց 14-ամյա աղջիկը։

 

Արփին նաև անդրադարձավ մոր՝ քաղաքական ամբիոնից հնչեցրած ելույթներին և հայրենասիրության ընկալմանը։

 

Նրա խոսքով՝ մայրը բազմիցս խոսել է երկրին սպասվող վտանգների մասին, սակայն այսօր Հայաստանում հայրենասիրությունը հավասարեցվում է դավաճանությանը։

 

«Ես ուզում եմ ասել, որ մեզ բոլորիս լռեցնել չե՛ք կարող։ Ես սա ասում եմ իմ և իմ հասակակիցների անունից։ Ապագան մե՛րն է լինելու՝ իսկապես ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանում», – եզրափակեց Արեգնազ Մանուկյանի 14-ամյա դուստրը։ Հիշեցնենք՝ Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է հուլիսի 9-ի առավոտյան, իսկ նույն օրը երեկոյան կալանավորվել է երկու ամսով։ Սեպտեմբերին Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվել է։ Դատարանը 3 ամիս ժամկետով տնային կալանք է սահմանել Արեգնազ Մանուկյանի նկատմամբ։ Նա նաև երկրից բացակայելու արգելք ունի։

 

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *