2026թ. նոյեմբերի 13-ին Common Ground մշակութային տարածքում կայացել է լրագրող Մարկ Գրիգորյանի «Армянин на Русской службе. Как я работал на Би-би-си» («Հայը Ռուսական ծառայությունում. Ինչպես էի աշխատում Բի-Բի-Սի-ում») գրքի շնորհանդեսը:
Գիրքը KUST Press հրատարակչության եւ Common Ground-ի համատեղ նախագիծ է։
Մարկ Գրիգորյանը պատմել է, որ Լոնդոն էր տեղափոխվել 2003 թվականի գարնանը։ Դրանից մի քանի ամիս առաջ՝ 2002 թվականի հոկտեմբերին, Երեւանում նրա դեմ մահափորձ էր իրականացվել. նա վիրավորվել էր ոտքերի տակ նետված նռնակի պայթյունից։ 2003 թվականի ապրիլին Մարկ Գրիգորյանը սկսեց աշխատել Լոնդոնի Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտում (IWPR), բայց շուտով առաջարկ ստացավ Բի-Բի-Սի-ի Ռուսական ծառայությունից, որտեղ աշխատեց 10 տարի։
Հրատարակչության կայքում գիրքը ներկայացվում է որպես «անձնական ոդիսական՝ Երեւանից Լոնդոն եւ հակառակ ուղղությամբ, ժամանակի վկայություն եւ անկեղծ պատմություն մասնագիտության մասին. ինչպես է ծնվում ռեպորտաժը եւ որն է անկողմնակալության գինը»։
Գիրքը պատմում է բրիտանական լրագրության եւ հետխորհրդային տարածքի այն իրադարձությունների մասին, որոնք կարծես կանխագուշակում էին այսօրվա աշխարհը. Ադրբեջանի «տարօրինակ ընտրությունները» եւ Վրաստանի «վարդերի հեղափոխությունը», Անդիժանը եւ Օշի ջարդերը, Լիտվինենկոյի թունավորումը, հարցազրույցները Սաակաշվիլիի, Շեւարդնաձեի եւ Ջուլիան Ասանժի հետ։
Սակայն Մարկ Գրիգորյանն ընդգծում է, որ գիրքը միայն քաղաքականության մասին չէ։ Պատասխանելով այն հարցին, թե Բի-Բի-Սի-ում աշխատելու տարիներին իր վարած ո՞ր հարցազրույցն է ամենից շատ տպավորվել, նա պատմեց ուկրաինացի մի ակտիվիստի մասին, որը որոշել էր ապրել առյուծների վանդակում՝ դրամահավաքի հանդեպ ուշադրություն հրավիրելու համար։
Գրքում կան նաեւ այլ զավեշտալի պատմություններ, օրինակ՝ այն մասին, թե ինչպես Լեհաստանում վրացիներն ու չեչենները համատեղ ուժերով գնացք էին առեւանգել։
Բայց, իհարկե, գրքի մեծ մասը նվիրված է հեղինակի աշխատանքին։ Նա հիմնականում լուսաբանում էր հետխորհրդային տարածքը, այդ թվում՝ Հայաստանը եւ նրա հարեւաններին։
Մարկ Գրիգորյանը չի թաքցնում, որ դա երբեմն դյուրին չէր։ Ահա մի գրքի հատված «Իսկ գրաքննություն եղե՞լ է» գլխից.
«Երբ «մեծ», այսինքն՝ անգլիալեզու Բի-Բի-Սի-ն ներկայացնում էր Հայաստանի ղեկավարների որեւէ հայտարարություն, եւ ես առաջարկում էի այն թարգմանել ռուսերեն, ինձնից պահանջում էին այն պարտադիր «հավասարակշռել» ադրբեջանական իշխանությունների որեւէ ներկայացուցչի խոսքերով (ինչը անգլերեն տարբերակում չկար)։ Իսկ երբ մի անգամ հրաժարվեցի եթերի համար նման «հավասարակշռված» նյութ պատրաստել, ինձ քիչ էր մնում ազատեին աշխատանքից: Այդ խիստ տհաճ միջադեպին վերջ դրեց միայն լրագրողների արհմիության միջամտության սպառնալիքը։
Չգիտեմ՝ դա պայմանավորված էր Ադրբեջանի իշխանությունների ակտիվությա՞մբ, թե՞ խմբագիրներիս զգուշավորությամբ։ Ամեն դեպքում, երբեմն ճնշումը անհամաչափ ուժեղ էր։ Ընդհանուր առմամբ, երեւի, չորս-հինգ նման միջադեպ է եղել։ Շա՞տ է դա տասը տարվա աշխատանքի համար։ Կարելի է տարբեր գնահատականներ տալ։ Այն ժամանակ կարծում էի, որ շատ է։ Մի բան կարող եմ վստահ ասել. ես հաճախ էի զգում, որ ինձ վրա գործադրվող ճնշումը պայմանավորված էր հենց իմ հայ լինելով։ Իսկ գուցե ինձ այդպե՞ս միայն թվում էր։ Չեմ կարծում»։
Մարկ Գրիգորյանը KUST Press-ի հրատարակած առաջին հայ հեղինակը չէ։ 2025 թվականի աշնանը հրատարակչությունը ներկայացրել էր Արա Թադեւոսյանի «Рубен Варданян: Дон Кихот и драконы» գիրքը, իսկ շուտով Երեւանում կսկսվի Հովհաննես Ազնավուրյանի «Метод параллакса» վեպի վաճառքը։
Leave a Reply