«Ծուռ ես եղել եւ եղել ես սեր անսահման». Երեւանում տոնել են Վանո Սիրադեղյանի 80-ամյակը

Written by

in

Վանո Սիրադեղյանի մասին խոսելիս դժվար է գրողին առանձնացնել քաղաքական գործչից։ Նրա արձակում մարդը երբեք պարզապես գրական կերպար չէ, ինչպես քաղաքականության մեջ ժողովուրդը երբեք վերացական հասկացություն չէ։ 
Մարդկանց բնավորությունը, նրանց վախերը, փոքր ու մեծ ձգտումները, Հայաստանի առօրյան ու պատմական ճակատագիրը նրա աշխարհընկալման նույն տարածքում էին։
Վանո Սիրադեղյանը կարող էր լինել կտրուկ, անհարմար, հակասական։ Նրա քաղաքական գործունեության շուրջ գնահատականները մինչ օրս տարբեր են, երբեմն՝ իրարամերժ։ 
«Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք»․ ձեւակերպումը թերեւս ամենակարճ ճանապարհն է դեպի Սիրադեղյանի աշխարհը։ Հայրենիքը նրա համար միայն պատմական հիշողություն կամ մեծ գաղափար չէր։ Այն նաեւ կոնկրետ մարդկանց, նրանց կյանքի ու անվտանգության, պետության ամենօրյա հոգսերի մասին էր։
2026թ. նոյեմբերի 13-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում «Ֆակտում» փաստագրական կենտրոնի եւ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) տոնել են 
Վանո Սիրադեղյանի ծննդյան 80-ամյակը։
«Վանո Սիրադեղյանը պատմական մարդ է։ Այսօր սոցիալական ցանցերը լցված էին Վանո Սիրադեղյանի մասին գրառումներով, նրա ասույթներով ու ելույթներով։ Եվ սա մխիթարանք չէ, սա ճիշտ գնահատական է Վանո Սիրադեղյանի քաղաքական ու գրական գործունեությանը։ Վստահ եմ՝ ժամանակի ընթացքում այդ գնահատականն ավելի է մեծանալու, եւ մի օր նրան կգնահատեն այնքան, որքան նա արել է այս երկրի համար», – ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանը ընթերցեց 2021 թվականի դեկտեմբերին Վանո Սիրադեղյանի շիրիմին ասած հրաժեշտի խոսքը, որտեղ, մասնավորապես, ասել էր.
«Չես մսխել հայրական եռանդն ու ոսկին, այլ պարգեւել ես թե՛ ոսկի, թե՛ եռանդ, թե՛ իմաստություն, թե՛ քաջություն։ Եղել ես անողոք եւ իմաստուն կտրիճ, ծուռ ես եղել եւ եղել ես սեր անսահման»:
Դավիթ Մաթեւոսյանի հրաժեշտի խոսքում նաեւ այս տողերը կային.
«Քեզ ճանաչելով՝ ես գիտեմ, որ քո նույնիսկ բացակայությամբ դու ներկա էիր ու վտանգ քո՝ Աստծուն վայել անողոք սիրով ասածդ դասի հանդեպ ու համար: Ես գիտեմ, որ քո մահով էլ դու դրանց քթից ես բերում ու բերելու ես, քո կարգն է այդպիսին, բաժանարար ես, փորձաքար, լակմուս: 
Աճյունդ էլ սարսափելի է շնչավոր էդ մեռելների համար, եւ մահիցդ միայն երկու ամիս անց աճյունդ հասավ Հայաստան: Տես, թե դեռ ինչեր կլինեն հանուն Հայաստանի, հանուն մեզ, ու դեռ ինչ փորձանքներ կբերես դու դրանց գլխին՝ մինչեւ որ վերանան այս երկրից, ու հեռանա պատուհասը»։
ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը Վանո Սիրադեղյանին ներկայացրեց միաժամանակ որպես մեծ գրողի եւ պետական գործչի՝ նշելով, որ նրա քաղաքական տաղանդի հիմքում մարդկանց խորապես ճանաչելու կարողությունն էր։
«Նա մի գրողը էր, որի ներաշխարհում մարդիկ էին բնակվում, որոնց նա հասկանում ու զգում էր։ Հենց այդ հատկությունն է եղել քաղաքական եւ պետական գործչի իր տաղանդի կարեւորագույն բաղադրիչը», – ասել է Լեւոն Զուրաբյանը։
Նա հիշեց, որ 1996 թվականի նոյեմբերի 13-ին, երբ նշվում էր Վանո Սիրադեղյանի 50-ամյակը, «Առավոտ» թերթում հրապարակվեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, իսկ այդ պահին՝ գործող իշխանության արմատական ընդդիմախոս Աշոտ Մանուչարյանի խոսքը, որում, մասնավորապես, այսպիսի տողեր կային.
«Իմ կարծիքով` նա Շարժման մեջ ուղղակի հայ ժողովրդի էությունն էր ամբողջացնում: «Ղարաբաղ» կոմիտեում կար մի օղակ, որը զբաղված էր քաղաքական ծրագրավորմամբ, այդ խումբը ծրագրում էր, թե քաղաքական ինչ քայլեր, գործողություններ պիտի կատարվեն Հայաստանում: 
Դրանից հետո, անպայման, հրավիրվում էր Վանո Սիրադեղյանը, որին ամեն ինչ ներկայացվում էր.նա անմիջականորեն կարող էր ասել. «էս ինչ ախմախ-ախմախ բաներ եք դուրս տալիս»: Եվ այս կոպիտ ոճի ետեւում չափազանց կարեւոր էություն էր: Վանոյի ասածը շատ էր կարեւոր, որովհետեւ դա նշանակում էր, որ ժողովուրդն այս նախօրոք ծրագրածը չի ընդունի, կմերժի, դա չի համապատասխանում իրավիճակին»:
Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց Վանո Սիրադեղյանի հայտնի խոսքը․ 
«Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում»։ 
Նրա մեկնաբանությամբ՝ Վանո Սիրադեղյանի պայքարը հենց իրական հայրենիքի համար էր՝ այն պետության, որի հանդեպ սերը պետք է արտահայտվի ամենօրյա հոգածությամբ եւ պատասխանատվությամբ։
Երեկոյի ավարտին ցուցադրվեց Վահրամ Մխիթարյանի «Կաթնեղբայր» կարճամետրաժ ֆիլմը՝ նկարահանված Վանո Սիրադեղյանի «Գառ ախպերիկ» պատմվածքի հիման վրա։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *