Ընդհանուր առմամբ, Ալիև-Փաշինյան հանդիպումները հասարակության համար բովանդակության առումով տեսանելի են դառնում ժամանակի ընթացքում, երբ ինչ-որ պայմանավորվածություններ արդեն սկսում են իմպլեմենտացիայի փուլում հայտնվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով Իռլանդիայում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը:
«Նախ, իհարկե, հաջորդում են հանրային կարծիքը նախապատրաստելու ինչ-որ քարոզչական աշխատանքներ, հետո արդեն իմպլեմենտացիոն փուլը և այդ ժամանակ ավելի շոշափելի է դառնում, թե նրանց հանդիպումները ինչ բովանդակություն և տրամաբանություն են ունենում»,- ասաց Բադալյանը:
Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում հանդիպման ժամանակ հայտարարված անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծման հանգամանքին:
«Սա բավականին ուշադրության արժանի հանգամանք է, եթե հաշվի առնենք նաև այն, որ փաստացի կա սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հանձնաժողովը, և այստեղ մենք տեսնում ենք, որ առանձին ինչ-որ խումբ է ձևավորվում այն դեպքում, երբ այդ հարցերն էլ կարող էր մեծ հաշվով ներառվել այդ հանձնաժողովի բաղադրիչների մեջ, բայց առանձին խմբի ձևավորումը կարող է նշանակել, որ Ադրբեջանը, պարզապես, փորձելու է մի առանձին գծով, այսպես ասենք, Հայաստանին ինչ-որ պայմաններ ներկայացնել արդեն այդ ջրային պաշարների հետ կապված, քանի որ փորձը ցույց է տվել, որ Ադրբեջանը փորձում է այսպես բաժանել ուղղությունները, հնարավորինս քիչ կապակցել դրանք միմյանց, և հիմա տեսնում ենք, որ ջրային ռեսուրսների հարցում ևս փորձում են այսպես առանձին ուղղություն ձևավորել։
Աշխատանքային հնարավորությունները, բնականաբար, համաչափ են լինելու, դե յուրե, բայց քանի որ մենք ունենք պրակտիկան, երբ Ադրբեջանը փորձում է այդ ուժերի հավասարակշռության իր օգտին դարձնել, պայմաններ թելադրել՝ օգտագործելով նաև այն, որ այսպես կոչված խաղաղության գործընթացը Հայաստանի իշխանության համար կարևորագույն առանցքային բաղադրիչ է իշխանությունը պահպանելու տեսանկյունից, այդտեղ արդեն ցանկացած այդպիսի պարագայում առաջանում են մտավախություններ, որ կարող է ձևավորվել Հայաստանին թելադրանքի մի նոր ուղղություն և գործընթաց։
Մեր դիտարկմանը, թե Հայաստանը քիչ թե շատ ապահովված է ջրային ռեսուրսներով և դրանց սակավության խնդիր ունի հենց Ադրբեջանը, Բադալյանն ընդգծեց. «Իրենք փորձում են պայմաններ թելադրել Հայաստանին, օգտվելով այն հանգամանքից, որ առարկելը չի բխում իշխանության քաղաքական շահերից, կրկնեմ Հայաստանի իշխանության և ոչ թե Հայաստանի, և այստեղ իհարկե առաջանում են ռիսկեր ցանկացած այսպիսի պարագայում, որ Ադրբեջանը կարող է ուղղակի հերթական անգամ ինչ-որ միակողմանի պայմաններ թելադրելու մի հնարավորություն ստանալ:
Մեր ճշտող հարցին, թե Հայաստանի իշխանությունները ընդհուպ որքան են պատրաստ գնալ այդ զիջումների հետ կապված, Բադալյանը նշեց. «Ես կարծում եմ այդ հարցի ստույգ պատասխան չկա այն իմաստով, որ ամեն ինչ կախված է պարզապես քաղաքական իրավիճակից, թե ներքին, թե նաև արտաքին: Կախված, թե Հայաստանի ներսում իրավիճակն ինչպիսին կլինի, որովհետև, եթե ներսում չլինի հասարակական դիմադրություն, բնական է՝ Հայաստանի կարմիր գծերը կջնջվեն մինչև զրոյական աստիճան»:
Leave a Reply