Եվրոպացի առաջնորդները վերահաստատել են աջակցությունը Հայաստանին

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Էստոնիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի, Միացյալ Թագավորության առաջնորդներն ու ներկայացուցիչները ու ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչը նոյեմբերի 12-ին Դուբլինում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:

Հանդիպման արդյունքներով նրանք ընդունել են հետեւյալ հայտարարությունը, որին միացել են Գերմանիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Եվրոպական խորհրդի նախագահը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահը.
«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, կայունությանը, անկախությանը եւ դիմակայունությանը։
Հինգ ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Դրանք հայ ժողովրդին հնարավորություն տվեցին հստակ ընտրություն կատարել հօգուտ խաղաղության, ժողովրդավարության եւ Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի՝ չնայած Ռուսաստանի բազմաբնույթ միջամտությանը։
Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանի ուղղակի քաղաքական եւ տնտեսական ճնշումը Հայաստանի վրա ուժեղացել է։ Ռուսաստանն աննախադեպ սահմանափակումներ է կիրառել հայկական արտահանման նկատմամբ եւ հիմա սպառնում է էներգակիրների մատակարարումն օգտագործել որպես վախեցնելու միջոց։
Ի պատասխան՝ մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունը եւ ազատորեն տնօրինել իր ճակատագիրը։ Մենք կշարունակենք աջակցել Հայաստանին տնտեսական գործընկերությունները դիվերսիֆիկացնելու հարցում, հատկապես առեւտրի եւ էներգետիկայի ոլորտներում՝ հիմնվելով արտահանվող հայկական ապրանքների 80%-ի համար մաքսատուրքերը կասեցնելու Եվրոպական միության որոշման վրա:
Մենք ճանաչում ենք հայ ժողովրդի եվրոպական ձգտումները եւ կշարունակենք աջակցել Հայաստանի ջանքերին՝ կառուցելու ծաղկուն եւ դիմակայուն ժողովրդավարություն եւ բարեկեցիկ տնտեսություն, որը լիովին ինտեգրված կլինի տարածաշրջանային տրանսպորտային ցանցերին եւ միջազգային առեւտրային հոսքերին։
Մենք նաեւ աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին եւ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո արձանագրված էական առաջընթացին, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք խրախուսում ենք հետագա ջանքերն այս ուղղությամբ՝ ի շահ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների եւ ողջ տարածաշրջանի»։ 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *