Ռուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը՝ հումանիտար գործողություն իրականացնելու համար․ Ուշակով
Ռուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծման աշխատանքները՝ քաղաքում հումանիտար գործողություն իրականացնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ հումանիտար գործողությունը թույլ կտա բոլորին համոզվել, թե իրականում ում վերահսկողության տակ է գտնվում քաղաքը։
Ուշակովը նաև հայտնել է, որ Ռուսաստանն ունի եվրոպական անվտանգության վերաբերյալ նոր առաջարկներ։ Միևնույն ժամանակ, Ուկրաինա եվրոպական զորախումբ ուղարկելու առաջարկները նա որակել է որպես «անվերջ պատերազմի բաղադրատոմս»։
Նրա փոխանցմամբ՝ ներկայումս համաձայնեցվում են ռազմագերիների ամենախոշոր փոխանակման պարամետրերը։
Ուշակովը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակեն քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող երկկողմ հանդիպմանը։
Նա նաև հայտնել է, որ Պուտինի՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպմանը քննարկվել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու պահվածքն ու Թրամփին ուղղված նրա «ողջույնները»։
Բացի այդ, ակտիվորեն քննարկվում է Չինաստանում ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների եռակողմ հանդիպման բովանդակությունը։
Կրեմլը հույս ունի, որ Ուիթքոֆն ու Քուշները Պուտինի հետ հանդիպման ընթացքում ստացած ազդակները կփոխանցեն Զելենսկուն։
Հետևեք մեզ՝ այստեղ
Leave a Reply