«Հայաստանի Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունը պետք է հիմնավորվի բացառապես Հայաստանի պետական շահերով». Վլադիմիր Մարտիրոսյան

Written by

in

Վլադիմիր Մարտիրոսյանը գրել է. «Մինչ Փաշինյանի բանանը և նախկին ԱԽՔ-ը շնորհակալություն կհայտնեն հակաիշխանական հանրույթներին՝ իրենց անվճար PR-ով զբաղվելու և ՀԱՊԿ-ից Հայաստանի փաստացի դուրս մնալու հանգամանքը ստվերում թողնելու համար, թույլ տվեք ձեզ հետ կիսվել մի քանի կարևոր մտքերով, որոնք քաղաքական իմաստով էական են ինձ համար։

Ընդդիմությունը շուրջ մեկ շաբաթ է ձևավորել է սեփական քաղաքական օրակարգը՝ չորս կետերի շուրջ համախմբման հայտարարությամբ։ Սակայն ընդամենը մի քանի օրվա ընթացքում տեղի ունեցավ նարատիվային տեղաշարժ. այն չորս կետերը, որոնք կարելի էր վերածել քաղաքական գերակայությունների և ամբողջական օրակարգի, հանրային հաղորդակցության մեջ աստիճանաբար իրենց տեղը զիջեցին մեկ կարգախոսի՝ «Ո՛չ ալիևյան Սահմանադրությանը, այո՛ Հայաստանի անկախությանը»։

Չորս գերակայությունից՝ մեկ կարգախոս․ ինչո՞ւ սահմանափակել քաղաքական պայքարի լայն հնարավորությունները և պատրաստվել մերժելու իշխանության նախատեսած գործընթացի արդյունքը, երբ կարող ես կանխել հենց այդ գործընթացը։

Ընդդիմությունն այսօր ունի նոր Սահմանադրության ընդունման ճանապարհը փակելու սահմանադրական որոշիչ լծակ՝ իշխանությանը պակասող վեց ձայնը։ Բայց հանրային հաղորդակցության մեջ արդեն սկսում է գերակայել ոչ թե այդ ճանապարհը փակելու, այլ դրա վերջում հնարավոր հանրաքվեին «ոչ» ասելու նարատիվը։ Սա քաղաքական ռազմավարության սկզբունքային հակասություն է։

Ճիշտ կարգախոս է, անհրաժեշտ քաղաքական դիրքորոշում։ Բայց նույնիսկ ճիշտ կարգախոսը կարող է հանգեցնել ռազմավարական սխալի, եթե այն սկսում է փոխարինել ամբողջական քաղաքական օրակարգին։ Խնդիրը ոչ թե ընդդիմության նախաձեռնությունը քննադատելն է, այլ դրա ստեղծած քաղաքական հնարավորությունը չկորցնելը։
12 ուժերի հայտարարության իրական ձեռքբերումը ոչ թե հերթական միասնության հռչակումն էր, այլ չորս գերակայությունների շուրջ ձեռք բերված համաձայնությունը.

1. Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում։

2. Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների։

3. Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն։

4. Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում։

Սրանք առանձին կարգախոսներ չեն։ Դրանք Փաշինյանի քաղաքականությանը հակադիր պետական, հասարակական և արժեքային ամբողջական այլընտրանքի հիմքեր են։ Հենց այդ պատճառով նախորդ հրապարակմամբ առաջարկել էի «ՉՈՐՍ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» դարձնել հանրային նույնականացման, քաղաքական հավաքագրման և կազմակերպման միասնական հենք։ Մարդիկ կարող են չընդունել նույն կուսակցությանը, չվստահել նույն առաջնորդին, բայց կիսել պետության ապագայի վերաբերյալ նույն սկզբունքային պատկերացումները։

Եվ այստեղ տեսնում եմ երկու փոխկապակցված վտանգ։

Առաջինը՝ քաղաքական օրակարգի նեղացման վտանգն է։

Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժումը ինքնիշխանության պաշտպանության կարևորագույն դրսևորում է։ Բայց Հայաստանի ինքնիշխանությունը, արժանապատիվ խաղաղությունը, ազգային ինքնությունն ու ժողովրդավարական ազատությունները չեն կարող տեղավորվել մեկ կարգախոսի շրջանակում։ Եթե առաջին գերակայությունը կլանում է մյուս երեքը, ապա լայն քաղաքական այլընտրանք կառուցելու հնարավորությունը վերածվում է մեկ խնդրի շուրջ հերթական քարոզչական արշավի։ Իսկ նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ հասարակության հերթական մոբիլիզացիան դեռևս չի նշանակում կազմակերպված քաղաքական ուժի ձևավորում։

Երկրորդը՝ քաղաքական նախաձեռնությունն իշխանությանը զիջելու վտանգն է։

«Ո՛չ Ալիևի Սահմանադրությանը» ասելով՝ ընդդիմությունը հանրությանը նախապատրաստում է մերժելու մի փաստաթուղթ, որը դեռ ներկայացված չէ։ Մինչդեռ գործող Սահմանադրության 202-րդ հոդվածը նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար պահանջում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի համաձայնությունը։

Եթե իշխանությանը պակասում է վեց ձայն, ապա այդ ձայների բացակայությունը ոչ թե պարզապես դժվարացնում, այլ գործող սահմանադրական կարգի և խորհրդարանական հարաբերակցության պայմաններում արգելափակում է նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հնարավորությունը։ Ո՛չ 200 հազար ստորագրությունը, ո՛չ էլ 300 հազարը չեն կարող փոխարինել այդ սահմանադրական պահանջին։

Այսինքն՝ ընդդիմությունն ունի ոչ թե խորհրդանշական ազդեցություն, այլ սահմանադրական որոշիչ լծակ։

Իմ համոզմամբ՝ ընդդիմության գլխավոր սխալը կլինի Փաշինյանի առաջարկին սպասելը և հետո միայն որոշելը, թե ինչպես արձագանքել դրան։

Եթե իշխանությունն ունի նախաձեռնությունը, իսկ ընդդիմությունը՝ դրա իրականացման համար անհրաժեշտ խորհրդարանական ռեսուրսը, ապա ընդդիմության խնդիրը պարզապես այդ ռեսուրսը պահելը չէ։ Խնդիրն այդ ռեսուրսի քաղաքական նշանակությունը գիտակցելն ու այն քաղաքական նախաձեռնության վերածելն է։

Մի բան է կանխել գործընթացը, բոլորովին այլ բան՝ պատրաստվել պայքարելու դրա հետևանքների դեմ։ Առաջինը նախաձեռնողական քաղաքականություն է, երկրորդը՝ պաշտպանական։ Երկրորդը կարող է անհրաժեշտ դառնալ, բայց այն չպետք է փոխարինի առաջինին։ Ավելին՝ ապագա հնարավոր հանրաքվեի «ոչ»-ի շուրջ վաղաժամ կենտրոնացումը կարող է հանրային գիտակցության մեջ նորմալացնել հենց այդ հանրաքվեի անցկացումը՝ որպես գրեթե անխուսափելի իրողություն։

Ստացվում է քաղաքական պարադոքս. իշխանությունը սահմանում է գործընթացը, ընդդիմությունը՝ դրա մերժումը։

Իշխանությունը ձևակերպում է հարցը, ընդդիմությունը՝ պատասխանը։

Բայց քաղաքական նախաձեռնությունը պատկանում է ոչ թե նրան, ով ընտրում է պատասխանը, այլ նրան, ով կարողանում է սահմանել հարցը։

Այս համատեքստում կա ևս մեկ սկզբունքային վտանգ՝ Ադրբեջանի հետագա պահանջների բացառման վերաբերյալ երաշխիքների հարցը։ Եթե ընդդիմության դիրքորոշումը կառուցվում է այդպիսի երաշխիքների պահանջի շուրջ, ապա կարող է ստեղծվել տպավորություն, որ բավարար երաշխիքների առկայության դեպքում Ադրբեջանի պահանջով նոր

Սահմանադրության ընդունումը կարող է դառնալ քննարկելի։

Մինչդեռ նույնիսկ Ադրբեջանի ամենավստահելի երաշխիքը, որ այլևս նոր պահանջներ չեն ներկայացվելու, ինքնաբերաբար չի դարձնում ընդունելի նրա ներկայիս պահանջը։

Արտաքին պարտադրանքի անընդունելիությունը չի կարող պայմանավորված լինել արտաքին պարտադրանքների ավարտի խոստումով։

Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կամ բարեփոխելու անհրաժեշտությունը պետք է հիմնավորվի բացառապես Հայաստանի պետական շահերով և հասարակության ներքին պահանջով, ոչ թե Ադրբեջանի հետագա պահանջների բացակայության վերաբերյալ հավաստիացումներով։

Հենց այս վտանգներից խուսափելու համար էր կարևոր չորս գերակայությունների ամբողջական կոնցեպտը։ Այն հնարավորություն էր տալիս դուրս գալու իշխանության օրակարգին մշտապես արձագանքողի կարգավիճակից և ձևավորելու սեփական քաղաքական օրակարգը։

Հետևաբար առաջարկս ոչ թե կարգախոսը փոխելն է, այլ ռազմավարությունը կարգախոսին չզոհաբերելը։

Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում հետևյալ քաղաքական քայլերը։

Առաջին. պահպանել «ՉՈՐՍ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»՝ որպես ամբողջ գործընթացի քաղաքական առանցք։

Յուրաքանչյուր գերակայություն պետք է ունենա իր քաղաքական պահանջները, հանրային հասցեատերերը, մասնագիտական և կազմակերպական աշխատանքի ուղղությունները։ Իշխանության օրակարգին պետք է հակադրել ոչ միայն դրա մերժումը, այլև չորս գերակայությունների իրականացման սեփական քաղաքական նախաձեռնությունները։

Երկրորդ. Սահմանադրության հարցում մերժման քաղաքականությունը լրացնել կանխարգելման քաղաքականությամբ։ Խորհրդարանական ընդդիմությունը պետք է հրապարակայնորեն և ոչ միայն ֆրակցիոն այլ պատգամավորական մակարդակով պարտավորություն ստանձնի՝ չտրամադրել այն վեց ձայները, առանց որոնց գործող խորհրդարանական հարաբերակցության պայմաններում նոր Սահմանադրության նախագիծը չի կարող դրվել հանրաքվեի։ Այդ սահմանադրական լծակը պետք է դառնա քաղաքական ռազմավարության առանցքային բաղադրիչ։

Երրորդ. փակել պայմանական համաձայնության մասին շահարկումների ճանապարհը։ Ընդդիմությունը պետք է միանշանակ հստակեցնի, որ Ադրբեջանի հետագա պահանջների բացառման վերաբերյալ երաշխիքներ պահանջելը չի նշանակում համաձայնություն Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հարցում։ Իսկ եթե ընդդիմության սկզբունքային դիրքորոշումն այն է, որ Փաշինյանի իշխանավարման ընթացքում նման սահմանադրական գործընթաց չպետք է իրականացվի, ապա դա պետք է հստակ և հրապարակային ձևակերպվի՝ առանց երաշխիքների շուրջ հնարավոր բանակցության տպավորություն ստեղծելու։

Չորրորդ. Փաշինյանից պահանջել հաշվետվություն, ոչ թե սպասել նրա երաշխիքներին։ Քննարկման կենտրոն պետք է վերադարձնել այն հարցերը, որոնց պատասխանատուն իշխանությունն է։ Ընդդիմությունը չպետք է իր հիմնական պահանջը դարձնի Փաշինյանից ապացույցներ ստանալը, թե Ադրբեջանն այլևս նոր պահանջներ չի ներկայացնելու։

Այդպես այն կհայտնվի Փաշինյանի համար հարմար մանիպուլյացիաների դաշտում, որտեղ ցանկացած խոստում, հավաստիացում կամ դիվանագիտական ձևակերպում կարող է ներկայացվել որպես բավարար երաշխիք։

Քաղաքական պատասխանատվության հարցը չպետք է փոխարինվի ապագայի վերաբերյալ հերթական խոստումների քննարկմամբ։ Իշխանությունը պետք է հաշվետու լինի արդեն իսկ կատարված զիջումների, ստանձնած պարտավորությունների, դրանց հետևանքների և Հայաստանի ինքնիշխան որոշումների վրա արտաքին ազդեցության համար։

Հինգերորդ. չորս գերակայությունների շուրջ համաձայնությունը վերածել կազմակերպված հանրային կարողության։

Մասնագիտական հանրույթները, քաղաքացիական խմբերը, մարզային համայնքները, սփյուռքյան կառույցներն ու անհատ քաղաքացիները պետք է դառնան ոչ թե պարզապես հերթական նախաձեռնության համակիրներ, այլ քաղաքական օրակարգի մշակման և իրականացման մասնակիցներ։ Որովհետև 12 ուժերի հայտարարության ամենամեծ քաղաքական կապիտալը ստորագրությունների քանակը չէ, այլ այն հասարակական ներուժը, որը չորս գերակայությունների շուրջ կարող է ձեռք բերել կազմակերպված քաղաքական ձև։ Այս համաձայնությունը պետք է զարգացնել, ոչ թե նեղացնել այլ վերածել քաղաքական բևեռի կառուցման հիմքի, ոչ թե հերթական քարոզչական նախաձեռնության վերնագրի։

«Ո՛չ Ալիևի Սահմանադրությանը, այո՛ Հայաստանի անկախությանը»՝ ճիշտ քաղաքական դիրքորոշում է։ Բայց Հայաստանի անկախությունը դեռևս չհրապարակված Սահմանադրությանը «ոչ» ասելով չի պաշտպանվում։ Այն պահանջում է ինքնիշխան որոշումներ, արժանապատիվ խաղաղություն, ազգային ինքնության պաշտպանություն և ժողովրդավարական ազատություններ։ Այսինքն՝ հենց այն չորս գերակայությունները, որոնց շուրջ արդեն ձեռք է բերվել քաղաքական համաձայնություն։

Կարգախոսը պետք է ծառայի ռազմավարությանը, ոչ թե փոխարինի դրան։

Իսկ ընդդիմության քաղաքական ուժը պետք է չափվի ոչ միայն իշխանությանը «ոչ» ասելու, այլև անցանկալի որոշումները կանխելու, քաղաքական գործընթացների պայմանները փոխելու և սեփական օրակարգը ձևավորելու կարողությամբ։

Չորս գերակայությունները՝ քաղաքական հիմք։

Դրանց շուրջ կազմակերպված հասարակությունը՝ քաղաքական ուժ։

Առանձին կարգախոսները՝ այդ ուժի գործողության գործիքներ։

P.S. Իշխանությանը հակադրվելու համար բավարար չէ մերժել նրա քաղաքականությունը։ Պետք է կարողանալ փոխել այն քաղաքական պայմանները, որոնցում այդ քաղաքականությունը հնարավոր է դառնում»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *