Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար

Written by

in

Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին: Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳ նախարար Մաքսիմ Ռիժենկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Վստահ եմ, որ կսահմանափակվի հասանելիությունը ինչ-որ փաստաթղթերի, որոնք ընդհանրապես փակ բնույթ են կրում»,- ասել է նախարարը «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում։

Նա կասկած է հայտնել, որ պետք է «նման կեղծ դաշնակցին այս կարգի հարցերով այսօր լիարժեք հասանելիություն տալ փաստաթղթերին, որոնք բավականին փակ բնույթ են կրում»։ Նախարարը պարզաբանել է, որ, հիպոթետիկ դատելով, փակ տեղեկատվությունը կարող է օգտագործվել ոչ այնքան ի շահ այն երկրների, որոնք իրապես մտադիր են զարգացնել տվյալ ինտեգրացիոն միավորումը «լավ, համերաշխ, համախմբող հունով»։

Ռիժենկովն ընդգծել է, որ ոչ թե ժողովուրդը, այլ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն է փոխել վերաբերմունքը ինտեգրացիոն կառույցներին՝ ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին երկրի մասնակցության նկատմամբ։ Նա դա անվանել է «պասիվ մասնակցություն», որի դեպքում Հայաստանն այդ միավորումներից վերցնում է այն, ինչ իրեն ձեռնտու է։

«Դա ինչ-որ գիտելիքների և այդ միավորումներին մասնակցությունից բխող ինչ-որ առավելության օգտագործումն է սեփական շահադիտական նպատակներով, որոնք չեն համընկնում ինտեգրացիոն միավորումների նպատակների հետ, քանի որ մենք ուզում ենք ուժեղ լինել, մենք ուզում ենք համերաշխ լինել և՛ քաղաքական հարցերում, և՛ տնտեսական հարցերում, և՛ անվտանգության հարցերում»,- ասել է բելառուս նախարարը։

«Ստացվում է այսպիսի իրավիճակ. «Ես ձեզնից կընտրեմ այն, ինչ ինձ հետաքրքիր է՝ գազի, նավթի գները, իմ ապրանքների տեղափոխումը մինչև վերջնական սպառող,- մնացածը մեզ չի հուզում»։ Նման վերաբերմունքը չէր կարող աննկատ մնալ»,- ընդգծել է Ռիժենկովը՝ մեկնաբանելով Մոսկվայում ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի վերաբերյալ ընդունված որոշումը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *