Ադրբեջանում խիստ դժգոհ են Զելենսկիից

Written by

in

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի վերահսկողության տակ գտնվող Minval.az ռեսուրսը հրապարակել է  «Ադրբեջանի հաղթանակը, որը Վլադիմիր Զելենսկին նախընտրեց չնկատել» ծավալուն հոդվածը, որից թարգմանաբար ներկայացնում ենք մի քանի հատված:
«Քաղաքական մշակույթի հարց»
«Դիվանագիտության մեջ կան երեւույթներ, որոնք շատ ավելի խոսուն են, քան պաշտոնական հայտարարությունները: Երբեմն բավական է ընդամենը մեկ չուղարկված շնորհավորանք, որպեսզի լիովին օրինաչափ հարցեր առաջանան իրական առաջնահերթությունների, քաղաքական հետեւողականության եւ հռչակվող բարեկամության անկեղծության վերաբերյալ: Հենց այդպիսի իրավիճակ է ստեղծվել 44-օրյա Հայրենական պատերազմում Ադրբեջանի պատմական Հաղթանակի վեցերորդ տարեդարձի դեպքում:
Վլադիմիր Զելենսկին՝ մի երկրի նախագահը, որին Բաքուն պատերազմի պայմաններում էական օգնություն է ցուցաբերում, այդպես էլ հնարավորություն չգտավ շնորհավորելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ ադրբեջանցի ժողովրդին այս կարեւորագույն պատմական օրվա առթիվ: Համապատասխան շնորհավորանք չեղավ նաեւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կողմից: Եվ սա արդեն լոկ արարողակարգի հարց չէ: Սա քաղաքական մշակույթի եւ տարրական երախտագիտության հարց է»:
«Բավական էր մի պարզ ժեստ»
«Անշուշտ, հայ-ադրբեջանական եւ ռուս-ուկրաինական հակամարտություններն ունեն տարբեր պատմություն, պատճառներ եւ միջազգային-իրավական համատեքստ: Բայց դա ամենեւին չի խանգարում Ուկրաինայի նախագահին հարգանք դրսեւորել այն պետության պատմական օրվա նկատմամբ, որը հետեւողականորեն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Դրա համար բավական էր պարզ մարդկային եւ պետական ժեստ՝ շնորհավորել ադրբեջանցի ժողովրդին Հաղթանակի առթիվ:
Սակայն դա չտեղի ունեցավ: Եվ հարցը միայն Զելենսկին չէ: Նրա արարողակարգային ծառայությունը, նախագահի աշխատակազմի աշխատակիցները եւ արտաքին քաղաքական գերատեսչությունը նույնպես համապատասխան ուղերձի հնարավորություն չգտան: Մի՞թե նրանցից ոչ ոք չի հասկանում, թե որքան կարեւոր է այս ամսաթիվը Ադրբեջանի համար: Թե՞ հասկանում են, բայց նախընտրում են չնկատել, որպեսզի պատահաբար դժգոհություն չառաջացնեն Երեւանում:
Տպավորություն է ստեղծվում, որ Կիեւում շարունակում են նախընտրել չանել ոչինչ, ինչը Երեւանում կարող է մեկնաբանվել որպես Բաքվին ցուցաբերվող չափազանց մեծ աջակցություն: Նույնիսկ եթե դրա համար ստիպված են չնկատել այն պետության վաստակը, որն Ուկրաինային օգնում է նրա պատմության բացառիկ ծանր ժամանակահատվածում»:
«Որքանո՞վ հետեւողական է նրա դիվանագիտությունը»
«Երբ օգնություն ստացող երկրի նախագահը չի կարողանում շնորհավորանքի մի քանի խոսք գտնել այն ժողովրդի համար, որն այդ օգնությունը ցուցաբերում է, լիովին օրինաչափ հարց է առաջանում. որքանո՞վ հետեւողական է նրա դիվանագիտությունը: Եվ արդյո՞ք որոշ գործընկերներին դուր գալու ցանկությունը չի վերածվում մյուսների վաստակը ցուցադրաբար չնկատելու սովորության: Ադրբեջանն իր դիրքորոշումն արդեն իսկ ապացուցել է գործով: Իսկ Ուկրաինայի ղեկավարությունը, ավաղ, այդպես էլ չսովորեց համերաշխությանը պատասխանել տարրական հարգանքով»:
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *