Կրթական հաստատությունների ֆեյսբուքյան հաշիվները՝ Սևանի գործող համայնքապետի քարոզչության հարթակ

Written by

in

Նոյեմբերի 29-ին Սևան համայնքի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ համայնքի մանկապարտեզների, արվեստի դպրոցի և այլ անուններով գործող ֆեյսբուքյան հաշիվներից տարածվում են ընտրություններին մասնակցող ուժերից մեկի՝ «Վստահություն» դաշինքի թեկնածու Սարգիս Մուրադյանի պատկերով  քարոզչական նյութերը։ 

Սարգիս Մուրադյանը Սևանի գործող համայնքապետն է և ընտրություններում հանդես է գալիս «Վստահություն» դաշինքի ցուցակում։ Այս դաշինքը միավորում է Հայաստանի առաջադիմական սոցիալիստական (ՀԱՍԿ) և Ռամկավար ազատական կուսակցությունները (ՌԱԿ)։ 

Ընտրություններին, բացի այս ուժից, մասնակցում են նաև «Միասնական համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Դպրոցի ու մանկապարտեզների անուններով հաշիվները տարածում են Սարգիս Մուրադյանի մասին նյութերը

«Լճաշենի Արվեստի Դպրոց» անունով ֆեյսբուքյան հաշիվը տարածել է մի շարք քարոզչական հրապարակումներ Սևանի գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանի ու նրա ղեկավարած «Վստահություն» դաշինքի մասին։ Դպրոցի հաշվի «սթորի» բաժնում նույնպես հնարավոր է տեսնել Սարգիս Մուրադյանի քարոզարշավը՝ քաղաքացիների հետ հանդիպելիս։ 

Արտապատկերումը՝ Լճաշենի արվեստի դպրոցի ֆեյսբուքյան էջի «սթորի» բաժնից

«Լճաշենի Արվեստի Դպրոց» անունով հաշիվը քարոզչական նյութեր է տարածել նաև պաշտոնական քարոզարշավի ընթացքում։ Մասնավորապես, այն վերահրապարակել է «Վստահություն» դաշինքի նոյեմբերի 6-ի տեսանյութը՝ Վարսեր բնակավայրում դաշինքի քարոզարշավի մասին։ Կադրերում երևում է Սարգիս Մուրադյանի դիմանկարով, դաշինքի անվանմամբ և թիվ 4-ով պաստառապատված միկրոավտոբուսը։

Նույն հաշիվը ներկայացնում է նաև դպրոցի կրթական առօրյան․ հոկտեմբերի 28-ի հրապարակումը պատմում է գոբելենի և կերպարվեստի դասարանների բաց դասերի մասին։ «Վստահություն» դաշինքի ընտրական ցուցակի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դպրոցի հաշվապահ Մարինե Սիմոնյանը նույնպես թեկնածու է․ նա ցուցակի 18-րդ համարն է։

Այս դաշինքի հանդիպման մասին հրապարակում է տարածվել նաև «Գագարինի մանկապարտեզ» անունով հաշվից։ Այս հաստատության տնօրեն Լիաննա Ավանեսյանը դաշինքի ցուցակի 39-րդ համարն է։ Ավելի ուշ հրապարակումն այդ հաշվից հեռացվել է։ FIP.am-ի խմբագրությունը պահպանել է դրա արտապատկերումը։

Արտապատկերումը՝ «Գագարինի մանկապարտեզ» ֆեյսբուքյան էջից

Քարոզարշավից մեկ օր առաջ, նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։24-ին, «Լճաշենի Մանչուկ մանկապարտեզ» անունով հաշիվը հրապարակել է Սարգիս Մուրադյանի նախընտրական պաստառը՝ տարածելով «Վստահություն» դաշինքի պաշտոնական էջի տեղեկությունը։ Դրանում նշված են դաշինքի անվանումը, թիվ 4-ը և նոյեմբերի 4-ին Սևանի մշակույթի պալատում նախատեսված հանդիպման ժամը։ Դաշինքի ցուցակում այս մանկապարտեզն աշխատանքի վայր նշած թեկնածու չկա։

Ի դեպ, համայնքապետի մասին դրական հրապարակումներն այս հաստատությունների հաշիվներում չեն սահմանափակվում ընտրական նյութերով։ Սևանի համայնքային մի շարք կրթական հաստատություններ իրենց ֆեյսբուքյան էջերում շնորհակալություն են հայտնել Սարգիս Մուրադյանին՝ Ուսուցչի օրվա առթիվ իրենց ծաղիկներով ու տորթով շնորհավորելու համար։

Արտապատկերումները՝ Սևանի համայնքապատկան կրթական հաստատությունների ֆեյսբուքյան էջերից

Այս օրերին էլ այդ հաստատությունները տարածում են նույն համայնքապետի գլխավորած դաշինքի քարոզչական նյութերը։

Քարոզչական հրապարակում՝ «Նորաշեն Համայնք» հաշվից

Նոյեմբերի 6-ին «Նորաշեն Համայնք» անունով ֆեյսբուքյան հաշիվը վերահրապարակել է «Վստահություն» դաշինքի՝ նախորդ օրը տեղադրած տեսանյութը։ Դրանում Սարգիս Մուրադյանի հարցազրույցից մի հատված է, որն ուղեկցվում է դաշինքի համարով և ընտրություններին ու քարոզարշավին վերաբերող հեշթեգերով։

Արտապատկերումը՝ «Նորաշեն Համայնք» ֆեյսբուքյան էջից

Նորաշեն բնակավայրը 2021 թվականի խոշորացումից հետո Սևան համայնքի կազմում է։ Բնակավայրի վարչական ղեկավար Գառնիկ Գասպարյանը նույնպես ընդգրկված է «Վստահություն» դաշինքի ցուցակում՝ 40-րդ համարով։ Հատկանշական է, որ այս համայնքի ֆեյսբուքյան էջը ստեղծվել է 2018-ին, կորցրել է ակտիվությունը 2022 թվականի մայիսից և միայն 4 տարի անց՝ 2026-ի նոյեմբերի 6-ին դարձյալ ակտիվացել է։  

Ընտրացուցակային այս համընկնումները հաստատում են թեկնածուների աշխատանքային կապը համապատասխան հաստատությունների հետ։ 

56 թեկնածուից 32-ը՝ համայնքապետարանից և ՀՈԱԿ-ներից

«Վստահություն» դաշինքի 56 թեկնածուներից 16-ն աշխատանքի վայր են նշել Սևանի համայնքապետարանը, ևս 16-ը՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ (ՀՈԱԿ)։ Միասին նրանք կազմում են ցուցակի 57,1 տոկոսը։

Համայնքապետարանից առաջադրվածների թվում են գործող համայնքապետը, նրա տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, համայնքապետի խորհրդականն ու օգնականը, բաժինների պետեր և մասնագետներ, ինչպես նաև Նորաշենի ու Դդմաշենի վարչական ղեկավարները։

ՀՈԱԿ-ների աշխատող թեկնածուների թվում կան մանկապարտեզների, երաժշտական դպրոցի, մարզադպրոցի և կոմունալ սպասարկման կազմակերպության ղեկավարներ։ Մասնավորապես, ցուցակում ընդգրկված են Սևանի թիվ 1 «Բողբոջ» և թիվ 2 «Զարթոնք» մանկապարտեզների տնօրենները, թիվ 4 «Գալիք» մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը և Գագարինի մանկապարտեզի տնօրենը։

Ի՞նչ սահմանափակումներ է նախատեսում Ընտրական օրենսգիրքը

Ուսումնասիրված ֆեյսբուքյան հաշիվները կրում են կրթական հաստատությունների, իսկ մեկի դեպքում՝ Նորաշեն բնակավայրի անունները և սովորական պայմաններում օգտագործվում են նրանց գործունեության մասին տեղեկություններ տարածելու համար։ Օրինակ՝ Լճաշենի արվեստի դպրոցի հաշիվը ներկայացրել է սաների դասերն ու կրթական միջոցառումները։ Սակայն Սևան համայնքի ավագանու ընտրություններում, փաստացի, կրթական հաստատությունների գործունեությունը լուսաբանող նույն հարթակները ծառայել են նաև ընտրական քարոզչական նյութերի տարածմանը։

Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասն արգելում է նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործումը։ Արգելքը վերաբերում է նաև ծառայողական պարտականությունների համար տրամադրված տեղեկատվական և կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսներն ընտրություններում առավելություն ստանալու նպատակով օգտագործելուն։

Նույն հոդվածով արգելվում է նաև ուսումնական ու նախադպրոցական հաստատությունների, ինչպես նաև համայնքային կազմակերպությունների աշխատողներին նախընտրական քարոզչություն կազմակերպել կամ իրականացնել իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալու դեպքում։

Տվյալ դեպքում նրանց գործունեությունը ներկայացնելու համար օգտագործվող հաշիվներից տարածվել են ընտրություններին մասնակցող ուժի քարոզչական նյութերը, այդ թվում՝ պաշտոնական քարոզարշավի ընթացքում։ Ընդ որում, այս դեպքում գործող քաղաքապետի ուժի օգտին է քարոզչություն իրականացվել։

Այսպիսով՝ հաստատությունների և բնակավայրի գործունեության մասին տեղեկություններ տարածելու համար օգտագործվող հաշիվները ծառայել են նաև գործող համայնքապետի գլխավորած դաշինքի քարոզչանյութերի տարածմանը։ Լճաշենի արվեստի դպրոցի և «Նորաշեն Համայնք» հաշիվների դեպքում դա արձանագրվել է նաև պաշտոնական քարոզարշավի ընթացքում։ 

Հասմիկ Համբարձումյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *