«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից անդրադարձել է Արսեն Գևորգյանի մահվան դեպքին։
«Արսեն Գեւորգյանն այն արժանավոր հայորդիներից էր, ով չընկրկեց անարդարության և իշխանական ճնշումների առջև, չհրաժարվեց իր համոզմունքներից և նույնիսկ դժվարագույն պայմաններում հավատարիմ մնաց իր սկզբունքներին։ Նա ուներ կամք, խիզախություն և վճռականություն՝ պայքարելու հանուն ուժեղ, ինքնիշխան և արժանապատիվ Հայաստանի։
Արսենը չլռեց անգամ այն ժամանակ, երբ այս աղետաբեր ու մահաբեր իշխանությունների օրոք քաղաքական հետապնդումներն ու վարկաբեկման կազմակերպված
արշավները մեր երկրում դարձել էին ամենօրյա իրականություն։ Ցավոք, իշխանական մեքենայի ապօրինի և անպատասխանատու գործելաոճը չշրջանցեց նաև Արսենին:
Նրա մահը, որը վրա հասավ ապօրինի կալանքի պայմաններում, դարձավ անչափ ցավալի և ողբերգական կորուստ, ինչի համար պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից։
Քաղաքական հակառակորդների նկատմամբ անհիմն վարկաբեկումները, ատելության խոսքի տարածումը, արժանապատվության և բարի համբավի ոտնահարումը, ինչպես նաև ազատությունից զրկելու գործիքակազմի կիրառումը դարձել են իշխանության քաղաքական վարքագծի հիմնական բնորոշիչ դրսևորումներ։ Այս պայմաններում տեղի ունեցած ողբերգությունը պահանջում է ոչ միայն խորը ցավակցություն, այլև հանգամանքների լիարժեք, անկախ և անաչառ քննություն ու պատասխանատվության հստակ գնահատում։
Արսենի կորուստը միայն նրա ընտանիքի, հարազատների և ընկերների վիշտը չէ։ Սա հերթական հարվածն է բոլոր նրանց համար, ովքեր հավատում են արդարության, մարդկային արժանապատվության և սեփական համոզմունքների համար պայքարելու իրավունքին։
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին ու կիսում եմ նրանց անսահման վիշտը։
Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որպեսզի այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն, իսկ մեղավորները կրեն օրենքով նախատեսված պատասխանատվություն։
Արժանապատիվ Հայաստան կառուցելու Արսենի պայքարը շարունակվելու է»։
դիտվել է 14 անգամ
Leave a Reply