Հայաստանն ու Էստոնիան կընդլայնեն համագործակցությունը անձնական տվյալների պաշտպանության ոլորտում | Հայաստան

Written by

in

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին և Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) ներկայացուցիչներին։ Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները անձնական տվյալների պաշտպանության ոլորտում։

Արդարադատության նախարարի տեղակալը ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով, որ մշակվել է օրենսդրական նախագիծ՝ ուղղված ազգային օրենսդրության համապատասխանեցմանը Եվրոպական միության տվյալների պաշտպանության չափանիշներին և անկախ վերահսկողության համակարգի ձևավորմանը։ Դեսպանին և կենտրոնի ներկայացուցիչներին են ներկայացվել անձնական տվյալների պաշտպանության անկախ մարմնի ստեղծման, տվյալների պաշտպանության ազդեցության գնահատման մեխանիզմի, ինչպես նաև պատասխանատուների ինստիտուտի ներդրման և վերահսկողական լիազորությունների ընդլայնման նախաձեռնությունները։

Փոխնախարարն առանձնակի շեշտել է, որ անձնական տվյալների պաշտպանության ոլորտի բարեփոխումները Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության գործընթացի կարևոր նախապայմաններից են։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը՝ Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *