Ո՞վ կլինի Կոտայքի հաջորդ մարզպետը. քաղաքական կուլիսներում նոր անուն է շրջանառվում

Written by

in

«Մեգանյուզ»-ն ավելի վաղ անդրադարձել էր Կոտայքի մարզում սպասվող կադրային հնարավոր փոփոխություններին՝ հայտնելով, որ մարզպետի պաշտոնում կարող է նշանակվել Լիլիթ Ստեփանյանը, իսկ գործող մարզպետը կվերցնի պատգամավորական մանդատն ու կտեղափոխվի օրենսդիր մարմին։

Սակայն քաղաքական կուլիսներում սցենարները սրընթաց փոփոխվում են։ Այսօր «Մեգանյուզ»-ին նոր և ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։ Մեր տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետի աթոռին է հավակնում նաև Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը։

Էդուարդ Բաբայանի ֆիգուրը Կոտայքի մարզային կառավարման համատեքստում բավականին հետաքրքիր է։

Հիշեցնենք, որ նա տարիներ շարունակ եղել է Գագիկ Ծառուկյանի մերձավոր թիմակիցն ու հենասյուներից մեկը մարզում։ Սակայն քաղաքական դասավորվածությունները փոխվեցին, և արդեն 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում Բաբայանն իր ողջ ռեսուրսով աշխատեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։

Ըստ ամենայնի, ընտրություններում ներդրված ջանքերն ու ապահոված արդյունքներն այժմ քաղաքական կապիտալի վերածելու և մարզային ավելի բարձր կարգավիճակ ստանալու փուլն է սկսվել։

Հավելենք, որ թեմայի առնչությամբ «Մեգանյուզ»-ին չհաջողվեց կապ հաստատել և մեկնաբանություն ստանալ ո՛չ Լիլիթ Ստեփանյանից, և ո՛չ էլ Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանից։

Այսպիսով՝ Կոտայքի մարզպետի թափուր հնարավոր հաստիքի շուրջ ներքաղաքական ինտրիգը գնալով թեժանում է։ Մի կողմից շրջանառվում է կուսակցական հստակ գծի ներկայացուցիչ Լիլիթ Ստեփանյանի թեկնածությունը, մյուս կողմից՝ մարզում լուրջ ազդեցություն և քաղաքական նոր հենարաններ ունեցող Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի հավակնությունները։

Թե ում վրա կանգ կառնի իշխանության վերջնական ընտրությունը, և ում կվստահվի Կոտայքի ռազմավարական մարզի ղեկավարումը՝ ցույց կտա միայն ժամանակը։

«Մեգանյուզ»-ը շարունակելու է հետևել իրադարձությունների զարգացմանը և իր ընթերցողին ներկայացնել ամենաթարմ ու հավաստի տեղեկատվությունը։

Մարգարիտա Դավթյան 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts