Հայաստանը՝ աշխարհաքաղաքական գործարքների առջև
2016 թվականի ապրիլին Արցախում տեղի ունեցած քառօրյա պատերազմը Հայաստանի և Արցախի անվտանգության պատմության մեջ պետք է դիտարկել որպես շրջադարձային նախազգուշացում։ 1994 թվականի հրադադարից հետո սա ամենածանր ռազմական բախումն էր, որի ընթացքում Ադրբեջանը ոչ միայն կիրառեց իր ժամանակակից զինանոցը, այլև բացահայտեց հայկական պաշտպանական համակարգի մի շարք խոցելիություններ։
Ապրիլյան քառօրյան կարելի է դիտարկել նաև որպես Հայաստանի և Արցախի ինքնապաշտպանական դիմադրողականության, ռազմական պատրաստվածության, հրամանատարական համակարգի և քաղաքական արձագանքման կարողությունների լուրջ փորձություն։ Հակառակորդը հնարավորություն ստացավ գնահատելու հայկական պաշտպանության ուժեղ և թույլ կողմերը, իսկ հայկական կողմի համար այդ օրերը պետք է դառնային հիմնարար վերանայումների ու համակարգային փոփոխությունների մեկնակետ։
Այդ պատերազմից հետո անցավ չորսուկես տարի։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, Թուրքիայի գործուն ռազմաքաղաքական աջակցությամբ, սանձազերծեց լայնածավալ պատերազմ Արցախի դեմ։ 44 օր շարունակվող պատերազմն ավարտվեց հայկական կողմի ծանր պարտությամբ, տարածքային կորուստներով և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։
Ապրիլյան քառօրյայից մինչև 44-օրյա պատերազմ ընկած ժամանակահատվածը պահանջում է առանձնահատուկ ուսումնասիրություն։ Ի՞նչ դասեր քաղվեցին 2016 թվականից։ Որքանո՞վ վերափոխվեց Հայաստանի և Արցախի պաշտպանական համակարգը։ Ո՞ր խոցելիությունները մնացին չվերացված։ Ինչո՞ւ չհաջողվեց կանխել 2020 թվականի աղետը։
Սրանք միայն ռազմական պատմության հարցեր չեն։ Դրանք վերաբերում են նաև քաղաքական որոշումներին, պետական կառավարման որակին, արտաքին քաղաքականությանը, դաշնակցային հարաբերություններին և ազգային անվտանգության ռազմավարությանը։
2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի անվտանգային վիճակը շարունակեց վատթարանալ։ Ադրբեջանի ռազմական և քաղաքական ճնշումները չդադարեցին։ 2021 և 2022 թվականներին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվեցին ռազմական ոտնձգություններ, որոնց հետևանքները շարունակեցին խորացնել երկրի անվտանգության ճգնաժամը։
Միևնույն ժամանակ, Արցախի շուրջ օղակը սեղմվում էր։
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փաստացի շրջափակեց Արցախը Հայաստանին կապող Բերձորի՝ Լաչինի միջանցքը։ Շրջափակումը շարունակվեց ավելի քան ինը ամիս՝ հանգեցնելով սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ միջոցների ծայրահեղ պակասի։ Միջազգային դատարանի՝ 2023 թվականի փետրվարի 22-ի պարտադիր որոշումը ևս չապահովեց միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը նոր ռազմական հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ռազմական ուժերի անհամաչափության, շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետի և արտաքին արդյունավետ աջակցության բացակայության պայմաններում Արցախի հայկական պաշտպանությունը չկարողացավ երկարատև դիմադրություն կազմակերպել։
Հաջորդ օրերին ավելի քան 100 հազար արցախահայեր հարկադրված լքեցին իրենց պատմական հայրենիքը և տեղափոխվեցին Հայաստան։
Արցախի հայաթափումը պարզապես բնակչության տեղաշարժ չէր։ Դա հայկական պետականության, ինքնակառավարման, պատմական ու մշակութային ներկայության ծանրագույն կորուստ և մի ամբողջ ժողովրդի հայրենազրկման ողբերգություն էր։ Մենք այն դիտարկում ենք որպես Արցախի ցեղասպանություն՝ դրա կազմակերպման, իրականացման, միջազգային նախադրյալների և պատասխանատվության բոլոր հանգամանքները փաստագրելու անհրաժեշտությամբ։
Այդ ողբերգությունը հնարավոր չէ դիտարկել միայն Ադրբեջանի գործողությունների շրջանակում։ Այն պահանջում է ուսումնասիրել նաև միջազգային կառույցների, առանձին պետությունների, միջնորդների և Հայաստանի իշխանությունների գործողություններն ու անգործությունը։
Ո՞վ էր պարտավոր կանխել Արցախի շրջափակումը։ Ինչո՞ւ միջազգային դատարանի որոշումը չիրականացվեց։ Ինչո՞ւ չկիրառվեցին այնպիսի միջազգային քաղաքական և իրավական մեխանիզմներ, որոնք կարող էին կանխել Արցախի հայաթափումը։ Ի՞նչ դեր ունեցան տարածաշրջանային և համաշխարհային ուժային կենտրոնների շահերը։
Եվ վերջապես՝ ի՞նչ պատասխանատվություն ունեն այն պետություններն ու քաղաքական գործիչները, որոնք գիտեին ստեղծված իրավիճակի մասին, ունեին ազդեցության միջոցներ, բայց չկարողացան կամ չցանկացան կանխել ողբերգությունը։
Արցախի ցեղասպանության հետևանքով առաջացած պատմական ու քաղաքական նոր իրողությունները փոխեցին Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական հավասարակշռությունը, խորացրին Հայաստանի անվտանգային խոցելիությունը և նոր հնարավորություններ ստեղծեցին տարածաշրջանում ազդեցության համար մրցակցող ուժերի առաջ։
Այս իրողությունների հաջորդ կարևոր հանգույցը դարձավ Սյունիքը։
Հայաստանի հարավը՝ Սյունիքը, այսօր հայտնվել է մի գործընթացի կենտրոնում, որի նշանակությունը շատ ավելի մեծ է, քան ճանապարհների, երկաթուղիների, հաղորդակցությունների կամ տարածաշրջանային տնտեսական ծրագրերի կառուցումը։ Այստեղ հատվում են Թուրքիայի և Ադրբեջանի տարածաշրջանային հավակնությունները, Ռուսաստանի և Իրանի անվտանգության շահերը, Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական ու տնտեսական նպատակները և Եվրոպայի՝ դեպի Կասպից ծով ու Կենտրոնական Ասիա հաղորդակցությունների ընդլայնման ձգտումները։
Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ստացավ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների մասնակցությամբ ձեռք բերված և ստորագրված համատեղ հռչակագիրը։
Դրա չորրորդ կետով նախատեսվեց Հայաստանի տարածքում TRIPP՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցային ծրագրի շրջանակի մշակումը՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների, ինչպես նաև փոխադարձաբար որոշվող երրորդ կողմերի մասնակցությամբ։
Այդ քաղաքական պայմանավորվածությանը հաջորդեցին 2026 թվականի հունվարի 13–14-ին հրապարակված իրականացման շրջանակը, մայիսի 26-ին հրապարակված և նախաստորագրված հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագիրը, հունիսին դրա ստորագրումը և հոկտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից վավերացումը։
Նոյեմբերի 7-ին արդեն մեկնարկեցին Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի աշխատանքները՝ տրանսպորտային հաղորդակցությունների և էլեկտրահաղորդման ուղղություններով։
Այս ժամանակագրությունը մեզ կանգնեցնում է մի շարք սկզբունքային հարցերի առջև։
Ինչպե՞ս քաղաքական մտադրությունը վերածվեց Հայաստանի համար երկարաժամկետ ռազմավարական հետևանքներ ունեցող փաստաթղթի։ Ո՞վ և ի՞նչ պայմաններում էր որոշում դրա դրույթները։ Ինչո՞ւ հասարակությունը չմասնակցեց բանակցային գործընթացի նախնական և վճռորոշ փուլերի հանրային քննարկմանը։ Ինչո՞ւ այդպիսի նշանակության համաձայնագիրը չդրվեց համաժողովրդական հանրաքվեի։
Ինչո՞ւ Սյունիքի բնակչության, համայնքների ղեկավարների և ավագանիների դիրքորոշումը չդարձավ գործընթացի անբաժանելի մասը։
Ի՞նչ է ստանում Հայաստանը, ի՞նչ պարտավորություններ է ստանձնում և ինչպիսի՞ իրավական, տնտեսական ու կառավարչական հարաբերություններ են ձևավորվելու Հայաստանի տարածքում։ Որքանո՞վ են պաշտպանված մեր պետական ինքնիշխանությունը, սահմանային վերահսկողությունը, ազգային անվտանգությունն ու քաղաքացիների իրավունքները։
TRIPP-ի վերաբերյալ հրապարակված համաձայնագրով նախատեսվում է համատեղ ընկերության ստեղծում, որտեղ ամերիկյան կողմին բաժին է հասնելու 74 տոկոս, Հայաստանին՝ 26 տոկոս մասնակցություն։ Նախնական ժամկետը 49 տարի է, իսկ փոխադարձ համաձայնությամբ ևս 50 տարով երկարաձգվելու դեպքում Հայաստանի բաժնեմասը նախատեսվում է հասցնել 49 տոկոսի։
Սրանք սովորական տնտեսական պայմանավորվածություններ չեն,այլ դրանք վերաբերում են Հայաստանի տարածքում երկարաժամկետ ռազմավարական, տնտեսական և կառավարչական հարաբերությունների ձևավորմանը։
Այս բոլոր պայմանների իրավական, քաղաքական և տնտեսական հետևանքների ուսումնասիրությունը Հայաստանի հասարակության իրավունքն է, իսկ պետական կառույցների պարտականությունը՝ դրանց վերաբերյալ լիարժեք տեղեկություն և հիմնավոր բացատրություններ տրամադրելը։
Առանձնահատուկ քննության առարկա պետք է դառնան վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և պետական մյուս պատասխանատու կառույցների գործողությունները։ Պետք է պարզել՝ ինչպիսի՞ բանակցություններ են ընթացել, ինչպե՞ս են ձևավորվել համաձայնագրի դրույթները, ինչպե՞ս են ներկայացվել Հայաստանի շահերը, և արդյոք գործընթացում առկա՞ են եղել արտաքին ազդեցություններ, չբացահայտված շահեր կամ հնարավոր շահերի բախումներ։
Հատկապես կարևոր է պարզել, թե ինչու հանրային լայն քննարկման, Սյունիքի բնակչության պատշաճ մասնակցության և համաձայնագրի հնարավոր հետևանքների համակողմանի ներկայացման հարցերը չդարձան պետական քաղաքականության պարտադիր բաղադրիչ։
Հանրային վերահսկողության բացակայությունը, ռազմավարական որոշումների նկատմամբ հասարակության սահմանափակ տեղեկացվածությունը և բանակցային գործընթացի ոչ բավարար թափանցիկությունը ստեղծում են պետական կառավարման նկատմամբ վստահության կորստի և հնարավոր չարաշահումների բացահայտման լուրջ խնդիրներ։
Նույնքան կարևոր է ուսումնասիրել ամերիկյան քաղաքական և ֆինանսական շրջանակների ներգրավվածությունը, Ջարեդ Քուշների գործունեության շուրջ հրապարակված տեղեկությունները և հնարավոր ֆինանսական կապերի վերաբերյալ պնդումները։ Դրանք պետք է քննվեն անկախ հետաքննության միջոցով։
Այս հարցերի քննությունը պետք է դուրս գա միայն հայաստանյան քաղաքական բանավեճի շրջանակներից։ Այն առնչվում է նաև Միացյալ Նահանգների պետական կառավարման թափանցիկությանը, ամերիկյան Կոնգրեսի վերահսկողական լիազորություններին և միջազգային պատասխանատվության սկզբունքներին։
Իմ համոզմամբ, Արցախի ցեղասպանության փաստագրումը, Հայաստանի անվտանգության դեմ կատարված ոտնձգությունների քննությունը և Սյունիքի ապագային վերաբերող պայմանավորվածությունների ուսումնասիրությունը ընդհանուր հետաքննական աշխատանքի կարևոր ուղղություններ են։
Չպետք է շրջանցել այնպիսի հարցեր, որոնք այս թեմայով, վերաբերում են Հայաստանի իշխանություններին, ընդդիմությանը, Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին, Թուրքիային, Ադրբեջանին կամ միջազգային որևէ կազմակերպությանը։
Այս հոդվածի նպատակը Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությունն է, ճշմարտության բացահայտումն ու պատասխանատվության միջազգային մեխանիզմների գործարկման համար անհրաժեշտ հիմքերի ստեղծումը։
ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Leave a Reply